Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը մեկնարկում է «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծը։
Նախագծի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։ Ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։
Նախագծում նախատեսվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 8-11-րդ դասարանի աշակերտներին առաջարկել` մասնակցելու շարադրությունների մրցույթի` գրելով իրենց համայնքում ցանկալի փոփոխությունների կամ նախաձեռնությունների մասին։ Մրցույթի արդյունքում անկախ ժյուրիի կողմից յուրաքանչյուր վարչական շրջանի համար կընտրվի եղած առաջարկներից մեկական լավագույն գաղափար, և լավագույնը համարված գաղափարների շուրջ կստեղծվեն իրականացնող խմբեր`դրանք կյանքի կոչելու համար։
Նախագիծը սկսվելու է ս․թ․ սեպտեմբերի 15-ին և իրականացվելու է ութ ամիսների ընթացքում։
Նախագծի հիմնական փուլերն են․
– Շարադրությունների մրցույթ
– Վարպետաց դասեր ստեղծագործ և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու և ներկայացնելու վերաբերյալ
– Վերապատրաստում ընտրված գաղափարների շուրջ ստեղծված իրականացնող խմբերի համար
– Գաղափարների իրականացում։