Նորություններ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու իրականությունը

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։
_____________

«Տեղացի բոլոր կոռումպացված փայատերերը, որոնք պաշտոնյա են եղել ու պաշտոնով փայ են ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բոլոր այդ փայերը վերցվելու են ու վերադարձվելու են ժողովրդին։ Ձեր հարցը լուծված է»,- հունիսի 16-ին Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության մասին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Սյունիքի մարզում քարոզարշավի ժամանակ նաև նշեց՝ «հերիք է ինչքան կոմբինատի սեփականատերեր մնացին որոշ բաշիբոզուկներ», ապա տեղեկացրեց, որ ժողովուրդն ու կառավարությունը իրենց փայաբաժինն են ունենալու կոմբինատում։ Հայաստանի կառավարության ձևավորումից հետո՝ 2021-ի սեպտեմբերի 30-ին, գործադիրը հայտարարեց, որ Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 25-ը որոշել է նվիրել վարչապետի աշխատակազմին։ Կառավարությունն այն ընդունել է։ Առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կյանքի է կոչվել, սակայն ոչ ամբողջությամբ։ ՍիվիլՆեթը ներկայացնում է, թե ինչպես նախկին ու ներկա որոշ պաշտոնյաներ ձեռք բերեցին բաժնեմասեր կոմբինատում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի ամենամեծ հանքավայրն է շահագործում, որտեղից արդյունահանվում է պղնձի ու մոլիբդենի հանքաքար, վերամշակվում խտանյութի և արտահանվում։ Հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքները մեկնարկել  են 1935-ին, իսկ շահագործումը սկսվել է 1951-ին։

Հանքավայրի տարածքում հաստատված պաշարների ծավալը կազմում է 2 միլիարդ 210 միլիոն տոննա հանքաքար։ Կոմբինատը մշտապես Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում է՝ ամենաշատ հարկ վճարած հնգյակի մեջ․ օրինակ՝ անցյալ տարի ընկերությունը Հայաստանի երրորդ խոշոր հարկատուն էր՝ 41,6 միլիարդ դրամի վճարած հարկերով։ ԶՊՄԿ-ն ունի 4 000-4 500 աշխատակից։ Այս գնահատումն արվել էր դեռ 2006-ին։ Մինչև 2004-ը կոմբինատի սեփականատերը Հայաստանի կառավարությունն էր, սակայն կառավարությունն առանձին որոշումներով նախ մեկնարկեց, ապա մասնավորեցրեց պղնձամոլիբդենային կոմբինատը՝ դրա բաժնետոմսերի 60 տոկոսն օտարելով գերմանական ծագմամբ «Քրոնիմետ» ընկերությունների խմբին՝ 132 միլիոն դոլարով։

«Քրոնիմետ»-ը  հիմնվել է 1980 թվականին Կառլսրուհե քաղաքում և աշխարհի մի քանի տասնյակ երկրներում զբաղվում է հանքարդյունաբերական գործունեությամբ։ «Քրոնիմետ» ընկերությունների խմբի սեփականատեր է հանդիսանում Պիլարսկիների ընտանիքը՝ Գյունտեր Պիլարսկիի ղեկավարությամբ։ Վերջինս նաև Հայաստանի պատվո հյուպատոսն է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում։

Կոմբինատի 15 տոկոսը պատկանում էր «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին, որի բաժնետերը Գենիկ Կարապետյանն էր՝ մետալուրգիայի ոլորտի գործարար։ 2014-ին «Մաքուր երկաթի գործարան»-ի բաժնետոմսերը ևս գնվեցին գերմանական «Քրոնիմետ» խմբի կողմից և ըստ էության գերմանական ընկերության մասնաբաժինը  պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետիրական կապիտալում հասավ 75 տոկոսի։

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատերերից մեկը «Զանգեզուր մայնինգ» ընկերությունն էր, որի հիմնական բաժնետերը կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն էր՝ իր մերձավորների հետ։ Մաքսիմ Հակոբյանը 2003-ից կոմբինատի գլխավոր տնօրենն էր ու այդ պաշտոնը թողեց 2017-ին։ ԶՊՄԿ-ի մնացած 12,5 տոկոսի բաժնետերը «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ընկերությունն էր. այս ընկերության բաժնետոմսերը հավասարապես կիսում էին Մաքսիմ Հակոբյանի որդին՝ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանն ու գործարար Կարեն Կարապետյանը։

Մաքսիմ Հակոբյանը դուրս է գալիս կոմբինատից

2017-ին նշանակալի նոր փոփոխություններ եղան ԶՊՄԿ-ում, դրանք վերաբերում էին Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու հետ փոխկապակցված «Զանգեզուր մայնինգ» և «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ընկերություններին։ 2017-ից «Զանգեզուր մայնինգ»-ից Մաքսիմ Հակոբյանի ու նրա մտերիմների փայաբաժինն անցավ «Մուն մեթալս» ՓԲԸ-ին, որի կանոնադրական կապիտալը 12,3 միլիարդ դրամ է։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Մուն մեթալս»-ն ուներ երկու բաժնետեր՝ Սուրեն Ածիկյանն ու Արմեն Անտիկյանը. վերջինս Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատից է, իսկ ավելի կոնկրետ՝ վերջինիս բիզնեսների կառավարիչ Լևոն Արևշատյանի ազգականը։ Արմեն Անտիկյանը նաև վարչապետի նախկին խորհրդական Արմինե Անտիկյանի եղբայրն է։

«Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն»-ը 2017-ին ենթարկվեց վերակազմավորման ու ձևավորվեց նոր ընկերություն, որը կոչվում էր «ԱՄՓ հոլդինգ», իսկ դրա սեփականատերն իր հերթին «Սթար Դասթ» ՓԲԸ-ն էր։ Ինչպես «Զանգեզուր մայնինգ»-ի դեպքում, այստեղ էլ Մաքսիմ Հակոբյանի որդուց ու Կարեն Կարապետյանից փայաբաժիններն անցան Ավետիք Հովիկյանին և Ջուլիետա Դարչինյանին։ Վերջինս եղել է «Ջազզվե» սրճարանների ցանցի սրճարաններից մեկում որպես մենեջեր, նաև աշխատել ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Դիսթրիմէքս» ընկերությունում։ Այս երկու ընկերություններն էլ պատկանել են Միքայել Մինասյանին։ Ավետիք Հովիկյանը «Սուր և ասպար» ՍՊԸ-ի տնօրենն է, որի բաժնետերը Վահե Հակոբյանն է՝ Սյունիքի նախկին մարզպետ, իսկ ներկայում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր (չշփոթել Մաքսիմ Հակոբյանի որդի Վահե Հակոբյանի հետ):

Բաժնետերերի այս կառուցվածքը պղնձամոլիբդենային կոմբինատում նոր թափ ստացավ Հայաստանում հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը եկան իշխանության։ Ինչպես վերը նկարագրեցինք,  ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ»-ը Մաքսիմ Հակոբյանից ու նրա մերձավորներից 2017-ին հայտնվեց «Մուն մեթալս»-ի ձեռքում, որի բաժնետերերից մեկը կապվում էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ 2018-ին «Մուն մեթալս»-ի բաժնետեր է դառնում Կիպրոսում գրանցված Walnort Finance Limited  ընկերությունը, որի բաժնետերն իր հերթին ըստ էության ձևական անձ էր՝ Շվեյցարիայի քաղաքացի Ժան Փոլ Բաֆեն։

Walnort Finance Limited-ի հետ կապված ուշագրավ փաստ էր այն, որ Կիպրոսում նույն հասցեով ու նույն տնօրենների հետ գրանցված էր մեկ այլ ընկերություն՝ Triendotto investments Limited-ը։ Դրա սեփականատերերը հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրեն դարձած Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներն էին՝ Արմեն ու Կարեն Վանեցյանները։

Վանեցյանը ներկայում Հայաստանի խորհրդարանում ղեկավարում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությոնւը։ Արթուր Վանեցյանը իր հրաժարականից հետո խոսել էր այս փաստի մասին՝ հերքելով իր մասնակցությունը պղնձամոլիբդենային կոմբինատում, ապա հայտարարել էր՝ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ»։ Շվեյցարացի Ժան Պոլ Բաֆեն Walnort Finance Limited-ի միջոցով կոմբինատի 12,5 տոկոսի սեփականությունը պահպանեց մինչ 2020-ը. նույն թվականին Walnort Finance Limited-ի բաժնետեր է դառնում Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։

Ուշագրավ է, որ Զուրաբովը տնօրենների խորհրդի անդամ է Exoil group ընկերությունների խմբում, որի սեփականատերերից են Կարեն և Արմեն Վանեցյանները, Կարեն Վանեցյանը նաև տնօրենների խորհրդի անդամ է։ Exoil group-ը գրանցված է Շվեյցարիայում։ Ընկերությունների խումբը ներառում է 4 տարբեր ընկերություններ, որոնք զբաղվում են արևածաղկի և բուսական յուղի արտադրությամբ, վերամշակմամբ։ Խումբը նաև ներառում է բեռնափոխադրող և լոգիստիկ AB trans ընկերությունը։ Մինչ այժմ կոմբինատի 12,5 տոկոսը «Զանգեզուր մայնինգ» և Walnort Finance Limited ընկերությունների միջոցով պատկանում է Զուրաբովին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մյուս 12,5 տոկոսի բաժնետեր «ԱՄՓ հոլդինգ»-ը, որի սեփականատերերն էին Ջուլիետա Դարչինյանն ու Ավետիք Հովիկյանը, իրենց բաժնետոմսերը օտարում են 3 անձանց՝ կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, Սյունիքի նախկին մարզպետ, ներկայում ընդդիմադիր Վահե Հակոբյանի եղբորը՝ Կարեն Հակոբյանին ու Նարեկ Ամբարյանին՝ զինվորական դատախազի նախկին տեղակալ Տիգրան Ամբարյանի եղբորը։ Այդպիսով կոմբինատի 12,5 տոկոսը բաշխվում է այս 3 անձանց շրջանում։

2017-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի՝ Մաքսիմ Հակոբյանին ու նրա ընտանիքին պատկանող բաժնետոմսերն անցնում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապվող մարդկանց ու ընկերություններին։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո կոմբինատի 12,5 տոկոսի բաժնետեր է դառնում Walnort Finance Limited ընկերությունը, որը գրանցված էր նույն հասցեում, որտեղ գրանցված էր  Փաշինյանի կողմից նշանակված ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիների ընկերությունը։ Հետագայում այս բաժնեմասը անցնում է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին։

Կոմբինատի բաժնետոմսերի առուվաճառքի գործարքները 2020-ին

2020-ին կոմբինատում տեղի ունեցավ մեկ այլ խոշոր փոփոխություն. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն գերմանական «Քրոնիմետ»-ից, որին, ինչպես վերևում նշեցինք,  պատկանում էր կոմբինատի բաժնետոմսերի առյուծի բաժինը՝ 75 տոկոսով, հետ է գնում բաժնետոմսերը, որոնք գնահատվում էին մոտ 42 միլիարդ դրամ։ Փաստացի, կոմբինատի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը ուներ այս տեսքը.

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը հետ էր գնվել ու պատկանում էր հենց կոմբինատին։ 12,5 տոկոսի բաժնետերերն էին Մհեր Պոլոսկովը, Նարեկ Ամբարյանն ու Կարեն Հակոբյանը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ի միջոցով, իսկ «ԱՄՓ հոլդինգ»-ից մի քանի բաժնետոմսերով ավելի քիչ բաժնետերն էր «Զանգեզուր մայնինգ»-ը, որի սեփականատերը Միխայիլ Զուրաբովն էր, նրան է պատկանում կոմբինատի 12,4 տոկոսը։ Ունեցած մի քանի բաժնետոմսերի առավելությունը «ԱՄՓ հոլդինգ»-ին թույլ էր տալիս որոշում կայացնող բաժնետեր հանդես գալ։ Նշենք, որ Հայաստանի օրենսդրությամբ ՓԲԸ-ի կողմից հետգնված բաժնետոմսերը պետք է կամ մարվեն, կամ տեղաբաշխվեն (վաճառվեն այլ անձի):

Այս տարվա սկզբից Զուրաբովը դատական գործընթաց էր սկսել կոմբինատի և «ԱՄՓ հոլդինգ»-ի դեմ, նրա պահանջով նույնիսկ հայցի ապահովման միջոց էր կիրառվել ու ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը հայտնվել էր կալանքի տակ։ Զուրաբովը պահանջում էր կոմբինատի 75 տոկոսի առքուվաճառքի գործարքը անվավեր ճանաչել և այդ բաժնետոմսերը նախապատվության իրավունքով օտարել իրեն։ Բացի այդ, նա դատարանին էր դիմել՝ պահանջելով «ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետոմսերի վաճառքի դեպքում դրանք ևս նախապատվության իրավունքով իրեն օտարել։ Ներկայում այս հայցերը ներկայացված են դատարան։

Օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ 1 տարվա ընթացքում հետգնված բաժնետոմսերը պետք է մարվեին կամ տեղաբաշխվեին, ըստ էության, դարձան կոմբինատի ամենամեծ վերաբաշխման հիմքը` 2004-ից ի վեր։

Կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրվում են վարչապետի աշխատակազմին

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի կառավարության որոշումների հրապարակման կայքում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 25-ը որոշել է նվիրել վարչապետի աշխատակազմին։ Կառավարությունն իր հերթին ընդունել է «նվերը»։ Մինչ բաժնետոմսերի առքուվաճառքը, սակայն անհրաժեշտ էր ԶՊՄԿ-ի 75 տոկոսի հասնող բաժնետոմսերը հանել կալանքից, որն էլ տեղի է ունեցել նույն օրը՝ սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Փաստացի, մեկ օրվա ընթացքում նախ բաժնետոմսերն են ազատել կալանքից, ապա տեղի է ունեցել կոմբինատի 60 տոկոսի առքուվաճառքը, իսկ օրվա վերջում՝ դրա 25 տոկոսի նվիրատվությունը կառավարությանը։

ՍիվիլՆեթը ԶՊՄԿ գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել կոմբինատի 60 տոկոսի առքուվաճառքի պայմանագիրը։ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը հրաժարվել է տրամադրել այն՝ պատճառաբանելով, որ դա առևտրային գաղտնիք է։ Ընդհանուր առմամբ, «նվեր» 25 տոկոսը կազմում է ԶՊՄԿ-ի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։ ՍիվիլՆեթը դիմել էր կառավարությանը՝ խնդրելով տրամադրել նվիրատվության պայմանագիրը։ Կառավարությունից հրաժարվել են տրամադրել այն՝ որակելով պայմանագիրը որպես առևտրային գաղտնիք։

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության սեփականատեր հանդես է գալիս ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որն արդեն հասցրել է հանդիպում ունենալ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տրոցենկոյի ունեցվածքը Forbes-ը գնահատել է 2,4 միլիարդ դոլար։ Նրան է պատկանում Aeon Corporation-ը, որն իր հերթին ունի 16 օդանավակայաններ, շինարարական ընկերություններ, նավաշինական ընկերություններ, զբոսանավ արտադրող ընկերություններ։ Ռոման Տրոցենկոյի ակտիվներից է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը. «Գեոպրոմայնինգ գոլդ»-ին է պատկանում Սոթքի ոսկու հանքավայրը, որի մի մասն անցյալ տարվա պատերազմին հաջորդող հատվածում անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո։ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ին է պատկանում նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ օրեր առաջ էլ «Հետք»-ը գրեց, որ Տրոցենկոյի «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը հավակնում է չորրորդ մետաղական հանքավայրին՝ Մեղրաձորի ոսկու հանքին։

Հայաստանի կառավարությունն այս գործարքից գոհ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կոմբինատի առքուվաճառքի գործարքը չի կարելի մութ համարել. «Առաջին հերթին պղնձաձուլարանի կառուցում, երկրորդ՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը։ «Գեոպրոմայնինգ»-ը ստանձնել է պղնձաձուլարանի ներդրումային պարտավորություններ, որոնք արձանագրվել են, ու կշարունակվի արձանագրումը, ու բանակցություններ է սկսել նոր ատամոկայանի շուրջ»,- խոսելով նոր ներդրումների մասին՝ հայտարարեց Փաշինյանը։

Հայաստանի կառավարությանը հաջողվել է 15 տոկոսի չափով մասնակցություն ունենալ ԶՊՄԿ-ում։ Սա իր հերթին թույլ կտա ներկայություն ապահովել տնօրենների խորհրդի կազմում, ինչպես նաև մասնակցել բաժնետերերի ժողովներին։ Վահե Հակոբյանի եղբայրը, Նարեկ Ամբարյանն ու Մհեր Պոլոսկովը «ԱՄՓ հոլդինգ»-ով շարունակում են տնօրինել կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսին, իսկ Միխայիլ Զուրաբովը՝ 12,4-ին։ Նախկին օլիգարխներին մեծամասնական բաժնետիրոջ կարգավիճակով փոխարինում է ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոն։

Տրոցենկոյի՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի գնումը նոր իրավական կրքեր է բորբոքել։ Կոմբինատի 12,5-ի սեփականատեր Միխայիլ Զուրաբովն իր ընկերության միջոցով անօրինական է համարում այս գործարքը՝ պահանջելով ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսն օտարել իրեն՝ նախապատվության իրավունքով։ Տրոցենկոյի՝ կոմբինատ մուտքից հետո Փաշինյանի քաղաքական հակառակորդների հետ կապված ընկերությունն այլևս կոմբինատում վճռորոշ ձայնի իրավունք չունի։ Միևնույն ժամանակ, թե պղնձամոլիբդենային կոմբինատը, թե կառավարությունը հրաժարվում են թափանցիկ ներկայացնել գործարքի մանրամասները՝ չտրամադրելով համապատասխան պայմանագրերն ու չնշելով գործարքի գինը։

Մկրտիչ Կարապետյան
Գևորգ Թոսունյան

_____________
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեդիագրագիտություն՝ հասարակության խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend