Նորություններ

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում

 

 

Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Կորոնավիրուսային համավարակը «ջրի երես դուրս բերեց» գործատու-աշխատող հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրներ՝ դառնալով խախտումների բացահայտման ու վեճերի առաջացման պատճառ։ Ամեն բան սկսվեց նրանից, որ Կառավարության կողմից հայտարարված աջակցության ծրագերից օգտվել ցանկացող աշխատողները պարզեցին, որ իրենք իրականում գրանցված աշխատողներ չեն և չունեն աշխատանքային պայմանագրեր։

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանի խոսքով, թեև օրենսդրական դաշտում կան բացթողումներ, այնուամենայնիվ, աշխատող-գործատու հարաբերություններում գլխավոր խնդիրն այն է, որ աշխատանքային ոլորտը կարգավորող օրենսդրությունը մի բան է ասում, գործնականում՝ իրավիճակը մեկ այլ բան է ցույց տալիս։

«Օրենսդրության մեջ պահպանված չէ համաչափությունը՝ ընդ որում և՛ գործատուի, և՛ աշխատողի շահերի պաշտպանության տեսանկյունից»։

Անհամաչափության դրսևորման տարբեր օրինակներ կան։ Եթե աշխատողն, օրինակ, որոշում է աշխատանքի չներկայանալ, ապա գործատուն խոցելի է՝ իրավական կարգավորումների ոչ ամուր լինելու պատճառով։ Օրենսդրությունն այստեղ հօգուտ գործատուի չէ։

Աշխատողի աչքերով ոլորտն ուսումնասիրելու դեպքում, մեծագույն խնդիրն աշխատանքային պայմանագրերի բացակայությունն է։

«Պատճառները բազմաթիվ են։ Երբեմն աշխատողներն իրենք չեն ցանկանում գրանցվել, եթե նպաստ պետք է ստանան կամ այլ արտոնություններից օգտվեն։ Ըստ օրենքի շարժվող գործատուի համար էլ սա է խնդիր, որովհետև նա նախընտրում է պատշաճ կերպով պայմանագրեր կնքել։ Ահա այստեղ աշխատողի և գործատուի միջև կարող է կոնֆլիկտ առաջանալ»,- ասում է Զոփունյանը։

Խախտումներն, ըստ նրա, տարբերվում են նաև ըստ ոլորտի և աշխատանքի բնույթի։

«Հանրային սննդի ոլորտում անհրաժեշտություն է առաջանում հաճախակի կնքել ու լուծել մատուցողների աշխատանքային պայմանագրերը, վերջնահաշվարկ կատարելով։ Հենց այս պատճառով հաճախ պայմանագրերն այդպես էլ չեն կնքվում»։

Աշխատողների ոչ իրազեկ լինելը հանգեցնում է նաև նրան, որ պայմանագրերը սովորաբար լուծվում են նրանց դիմումների համաձայն, մինչդեռ աշխատանքի ազատման նախաձեռնությունը կարող է պատկանել գործատուին։

«Պայմանագիրը լուծելու համար աշխատողին ասում են՝ դիմում գրի՛ր, ազատվի՛ր, ինչն ըստ օրենսգրքի դիտարկվում է աշխատողի նախաձեռնությամբ պայմանագրի լուծում։ Մինչդեռ աշխատողը սա ընկալում է որպես գործատուի նախաձեռնություն։ Գործատուի համար սա նախընտրելի ճանապարհ է, նա ստիպված չի լինում ծանուցել, աշխատանքի ազատման հիմք ներկայացնել՝ համաձայն օրենսգրքի կետերի ու ընթացակարգի»։

Զոփունյանի խոսքով, իրազեկման ցածր մակարդակի պատճառով աշխատողի աշխատանքային իրավունքներն անընդհատ խախտվում են։

2021թ․-ին աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, մասնավորապես, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների ծավալի ընդլայնումը, թույլ կտան արտադատարանական ճանապարհով՝ ավելի արագ լուծել վերոնշյալ խնդիրները։

Աշխատանքային ոլորտում առկա խնդիրներն ուսումնասիրելու, համապատասխան օրենսդրական առաջարկների փաթեթ ստեղծելու, գործատու-աշխատող հարաբերություններն իրավահարաբերություններ դարձնելու և մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 2021թ․-ի հունիսին Հայաստանում մեկնարկել է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը, որն իրականացնում են  «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Պրիզմա» հետազոտական ընկերությունը և «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն։

Ծրագրի շրջանակում քննարկում-հանդիպումներ են տեղի ունենալու ՀՀ բոլոր մարզերում։ Այն տևելու է մեկ տարի։

Կոնսորցիումի անդամ 4 կազմակերպությունները վստահ են՝ ծրագիրը կդառնա ևս մեկ խթան՝ գործատու-աշխատող իրավահարաբերությունների ստեղծման ու դրանցում ի հայտ եկած խնդիրները օրինական ճանապարհով կարգավորելու համար։

Ծրագրին վերաբերող առաջին քննարկմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

«Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

 




Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend