Նորություններ

Երևանում մեկնարկեց «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022»-ը

Երևան, 3 դեկտեմբերի, 2022 թ․։ Երևանում մեկնարկեց «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022-ը»` նորարար գաղափարների մրցույթը, որն անց է կացվում «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամում։

Այս բացառիկ միջոցառումն իրականացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը՝ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի և մի շարք այլ գործընկերների հետ համատեղ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Հեքըթոնի բացմանը Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը ապատեղեկատվության դեմ պայքարում կարևորեց կրթության դերը․

«Ապատեղեկատվությունը թուլացնում է և՛ անհատին, և՛ հասարակությանը։ Ապատեղեկատվությունից պաշտպանվելու համար անհրաժեշտ է մեծ ներդրումներ կատարել կրթության ուղղությամբ, և այս գործընթացում կարևոր է քաղհասարակության, մեդիա, պետական, մասնավոր, ՏՀՏ ոլորտների, ինչպես նաև միջազգային դոնորների սերտ համագործակցությունը։  Այս նախաձեռնությունը ապացուցում է, որ հասարակության շրջանում ձևավորվել է հետաքրքրություն մեդիագրագիտության հանդեպ և  պահանջ՝ ապատեղեկատվությունից դիմադրողականություն ունենալու, պաշտպանված լինելու նկատմամբ։ Մեր բոլորի առաքելությունն ու պատասխանատվությունն է արդյունավետ արձագանքել այդ հետաքրքրությանն ու պահանջին»,- նշեց Սեդա Մուրադյանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև Հայսատանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար  Չիփ Լեյթինեն։ Նա մասնավորապես նշեց․

«Նմանօրինակ նախաձեռնությունները խիստ էական նշանակություն ունեն օգնելու հասարակությանն ավելի լավ հասկանալ, թե ինչ լրատվություն են իրենք սպառում, իսկ դա ժողովրդավարության առանցքային բաղադրիչ է»։

Բացմանը ելույթ ունեցավ նաև Հեըքթոնի գործընկեր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

Նա կարևորեց պետության, մասնավոր ոլորտի, քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը ապատեղեկատվության դեմ պայքարում։

Փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով նախագծերի համար հայտարարված մրցույթին ներկա են 80-ից ավելի մասնակիցներ։ Սթարթափ թիմերից, ՏՀՏ ոլորտի ընկերություններից, մեդիա և կրթության ոլորտների ներկայացուցիչներից ձևավորված շուրջ 20 թիմեր Հայաստանից և առցանց տարբերակով միացած մեկ թիմ Իտալիայից կմրցեն մեդիագրագիտության զարգացմանն ուղղված, ապատեղեկատվությունից պաշտպանվելու իրենց գաղափարների համար։

Հեքըթոնը համախմբել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական, մասնավոր և միջազգային մի շարք կառույցների։

Հայաստանում ամերիկյան խորհուրդների գրասենյակի տնօրեն Դեյգն Վալընթայը, ով կարճ խաղով ոգևորեց մասնակիցներին, ընդգծեց նաև, որ հեքըթոնին լավ բան ստեղծելու համար պետք է լինի  գաղափարների բազմազանություն։

Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին նաև մեր գործընկեր կառույցների ներկայացուցիչներ՝ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Սիմոնյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Ղուկասյանը և գործընկեր այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հեքըթոնին մասնակից թիմերը քննարկելու են իրենց գաղափարները մենթորներ Mythos Labs-ի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Փրիյանք Մաթուրի, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի, Hetq.am-ի հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանի, Media.am-ի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանի, ՏՀՏ ոլորտի մասնագետ Ալեքսեյ Չալաբյանի հետ։

Մենթորական աջակցության հնարավորությունից օգտվելու է նաև Իտալիայից առցանց տարբերակով միացած թիմը։

Հեքըթոնը տևելու է 24 ժամ, որի ընթացքում անցկացվելու են փաստերի ստուգման և մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացներ տեղական և միջազգային առաջատար փորձագետների կողմից, մասնակիցները մշակելու են տեխնոլոգիական գաղափարները։

Դեկտեմբերի 4-ին բոլոր թիմերը կներկայացնեն իրենց գաղափարները, ապա տեղի կունենա մրցատյանի կողմից նախագծերի գնահատումը։

Հեղինակավոր ժյուրին գնահատելու է հետևյալ չափորոշիչներով՝

1․ Նախագծի համապատասխանությունը հեքըթոնի նպատակներին և հայտարարության առաջնահերթություններին,

  1. Նախագծի կողմից լուծվող խնդիրը,
  2. Նախագծի կայունությունը և շարունակականությունը,
  3. Նախագծի իրագործման իրատեսականությունը և բյուջեի համապատասխանությունը ներկայացված առաջարկին,
  4. Նախագծի տեխնոլոգիական լուծումը և նորարարականությունը,
  5. Նախագիծն իրականացնող թիմի կարողությունները և այլն։

Մրցանակային ֆոնդը կազմում է 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը շնորհվելու է երեք լավագույն գաղափարների հեղինակներին։

Հետհեքըթոնային շրջանում մրցանակ շահած թիմերը ստանալու են մենթորական աջակցություն։

Հեքըթոնն անցկացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend