Երևանում մեկնարկեց Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնը
- May 25, 2024
- Category: Նորություններ
Երևան, 25 մայիսի, 2024թ․։ Երևանում մեկնարկեց «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն 2024» մրցույթը, որը կազմակերպել է Հանրային լրագրության ակումբը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։
ՀԲԸՄ գրասենյակում անցկացվող երկօրյա հեքըթոնն ուղղված է ապատեղեկատվության դեմ պայքարին և մեդիագրագիտության խթանմանը միտված տեխնոլոգիական լուծումներով նորարար գաղափարների մշակմանը։
Հեքըթոնի գործընկերներն են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ իր Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններով։
Հեքըթոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ներկայացուցիչներ Հայաստանի պետական գերատեսչություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից, կրթական և ՏՏ կազմակերպութուններից, այլ գործընկեր կառույցներից։
Ողջունելով հեքըթոնի հյուրերին և մասնակից թիմերին՝ ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը նշեց, որ անհրաժեշտ է ձևավորել համահայկական համերաշխություն` մեդիագրագիտությունը կարևորելու և այդ ուղղությամբ համակարգված ու ռազմավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ։
«Տեղեկատվության բարեվարքությանն առնչվող մարտահրավերները կարող են վտանգել անհատի, հասարակությունների ու պետությունների անվտանգությունը։ Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք մեդիագրագիտության ու ապատեղեկատվությունից պաշտպանվելու համախմբված գործողությունները»,- շեշտեց Սեդա Մուրադյանը։
Հեքըթոնի բացման հատվածում ելույթներով հանդես եկան նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Սփյուռք-Հայաստան խորհրդատվական ծրագրի համակարգող Ասթինե Բադեյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Ծրագրերի ղեկավար Լուսինե Ղուկասյանը:
Հեքըթոնը տևելու է 24 ժամ, որի ընթացքում մասնակից 21 թիմերը, որոնք ներկայացնում են կրթական հաստատություններ, ՏՏ կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, մշակելու են փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտությանն ուղղված տեխնոլոգիական գաղափարներ, որոնց դեմո տարբերակները ներկայացվելու են հեքըթոնի մրցատյանի գնահատականին․ լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր 13,200 ԱՄՆ դոլար՝ դրանք իրականացնելու համար։
Հեքըթոնի պատվավոր հյուրերն են ավտոմատացված քարոզչության փորձագետ, վերլուծաբան, գերմանական «Մարշալ» հիմնադրամի ներկայացուցիչ, Hamilton 2.0 հարթակի հիմնադիր և ղեկավար Բրեթ Շաֆերը (ԱՄՆ) և թվային անվտանգության փորձագետ, Baltic Sandbox Ventures ընկերության ներդրումային գործընկեր Դոմինիկաս Միլաշիուսը (Լիտվա), որոնք նաև մենթորական աջակցություն են ցուցաբերելու մասնակից թիմերին։
Հեքըթոնի բացմանը հաջորդած պանելային քննարկման ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի և թվային անվտանգության ոլորտներում հարուստ փորձ ունեցող միջազգային խոսնակներն անդրադարձան ապատեղեկատվության և քարոզչության ժամանակակից դրսևորումներին՝ ներկայացնելով այս համատեքստում միջազգային լավագույն փորձը, քննարկեցին մեդիագրագիտության համընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Հեքըթոնի մասնակից թիմերին մենթորական աջակցություն են ցուցաբերելու նաև հայաստանյան փորձագետները․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանը, մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Media.am կայքի լրագրող Մարիաննա Դանիելյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հաղորդակցության մասնագետ Ամալյա Մարգարյանը։
Մայիսի 26-ին մասնակից թիմերը պետք է ավարտին հասցնեն իրենց գաղափարների դեմո տարբերակները և նախապես վիճակահանությամբ ընտրված կարգով դրանք ներկայացնեն հեղինակավոր ժյուրիին, որն էլ պետք է ընտրի լավագույն 3 թիմերին։ Հետհեքըթոնյան շրջանում ևս հաղթած թիմերը ստանալու են մենթորական աջակցություն։
Հեքըթոնի բացման արաողության ուղիղ հեռարձակման հղումը հասանելի է այստեղ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանի հետ՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին կամ զանգահարելով 093270808 հեռախոսահամարին։