Հայաստանում կիրականացվի մեդիագրագիտության և փաստերի ստուգման կրթական բացառիկ նախագիծ
- May 27, 2022
- Category: Նորություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Հայաստանում ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ, նախատեսում է ստեղծել մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր՝ մեդիագրագիտությանը և փաստերի ստուգմանն ուղղված կրթական բացառիկ նախագիծ: Շարունակելով իր առաքելությունը Հայաստանում մեդիագրագետ հասարակության կառուցման, ապատեղեկատվության, կեղծ լուրերի շրջանառության դեմ պայքարի, մեդիա և տեղեկատվական գրագիտության կայացման գործում՝ ՀԼԱ-ն նախատեսում է Հայաստանի լրատվամիջոցների աշխատակիցների համար իրականացնել հետազոտական և կրթական ծրագիր, որի շրջանակում հայաստանյան և արտերկրի փորձագետները կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ, կմշակվի և կգործարկվի փաստերի ստուգման թվային գործիք, կանցկացվի մեդիա և տեղեկատվական գրագիտությանն ուղղված նորարարական Հեքըթոն։
Հայաստանում լրատվամիջոցների թվի աճին զուգընթաց ընդլայնվում է նաև ապատեղեկատվության մակարդակը, ներքին և արտաքին աղբյուրներից տարածվող կեղծ լուրերն ու վնասակար քարոզչությունը վտանգ են ներկայացնում հասարակության համար, ուստի անհրաժեշտ է մշակել գործիքներ, զարգացնել հայաստանյան լրատվամիջոցների աշխատակիցների, հատկապես՝ մարզային, կարողությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման, ապատեղեկատվության բացահայտման գործում՝ թիրախավորել մեդիա ոլորտի հրատապ կարիքների լուծումը և նպաստելով մեդիագրագետ հասարակության կայացմանը։
Այս խնդիրների լուծմանն է միտված «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» (MILA) ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է նաև վարպետության դասերի անցկացում մարզերի երիտասարդության համար, նորարարական հեքըթոնյան մրցույթ՝ ՏՏ և մեդիա ոլորտների մասնագետների մասնակցությամբ, ապատեղեկատվության և վնասակար քարոզչության դիմակայությանը նվիրված միջազգային կոնֆերանսի կազմակերպում։ Վերապատրաստումը հաջողությամբ ավարտելուց հետո, կրթական ծրագրի շահառուները հնարավորություն կունենան դիմելու ենթածրագրային դրամաշնորհի և իրականացնելու մեդիագրագիտության, փաստերի ստուգման, կամ այլ հարակից թեմաներով նախագիծ։
Որպես ծրագրի մաս՝ Հայաստանի լրատվամիջոցների 36 աշխատակիցներ կմասնակցեն մեդիագրագիտության, փաստերի ստուգման, ապատեղեկատվության դեմ պայքարի 6 նախագծերի: Ավելին, Հայաստանի 5 մարզերի 100 երիտասարդներ կանցնեն մեդիագրագիտությանն ուղղված վարպետության դասեր, Հեքըթոնի արդյունքում կընտրվեն 3 սթարթափ նախագծեր: Ծրագիրը կեզրափակվի միջազգային կոնֆերանսով, որի ընթացքում հայաստանյան և արտերկրի փորձագետները կկիսվեն ապատեղեկատվությանը և քարոզչությանը դիմակայելու իրենց փորձով, կներկայացնեն հաջողված բանաձևեր:
«Մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը «անվտանգության բարձիկներ»-ի դեր են կատարում ապատեղեկատվությունից պաշտպանվելու գործում ինչպես անհատի, այնպես էլ լայն հանրության համար։ Հասարակության տարբեր խմբերի հետ թիրախավորված աշխատանքը, մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանումը կավելացնեն այն մարդկանց թիվը, ովքեր էլ ավելի պաշտպանված կարող են լինել մանիպուլյացիաներից, ապատեղեկատվությունից ու մոլորեցնող բովանդակությունից, որոնք այսօր կարող են հասանելի լինել յուրաքանչյուրին՝ մեծից փոքր»,- նշում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը։
«Համացանցում և սոցիալական մեդիայի միջոցով տեղեկատվության, ապակողմնորոշման և ապատեղեկատվության տարածման հասանելիությունն ու հեշտությունը նոր շեշտադրում է դրել տարբեր լրատվական աղբյուրների որակն ու ճշգրտությունը գնահատելու ունակության վրա: Մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանումը կարևոր բաղադրիչ է մանիպուլյացիաներին դիմակայող ճկուն, թվայնորեն պատասխանատու հասարակության կառուցման համար»,- կարծում է ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Լիա Միլլերը:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում: