Նորություններ

«Հայրենիքը բոլորիս պաշտպանելիքն է»

Տեքստի և լուսանկարների հեղինակ՝
Սոֆի Թովմասյան

«Տեղու՛մ», «Վազքո՛վ», «Արա՛գ, արա՛գ»․

Այս ու մի շարք այլ հրահանգներ է տալիս Կարապետ Աղաջանյանը, ու կարգադրում  մի խումբ կամավորների՝ ինչ ու ինչպես անել։

Հրահանգողը «Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի ներկայացուցիչ է, զինվորական համազգեստով 100-ից ավելի մարդիկ էլ՝ տղամարդ ու կին, կամավորներ ու կուրսանտներ են, որ եկել են զինվորական պատրաստվածության դասեր անցնելու։

«ՈՄԱ» ներկայացուցիչ Անգին Խաչատրյանն ասում է՝ մարզումները ծանր են ու դժվար, մինչ կամավորագրվելու որոշում կայացնելն ամեն բան պետք է հաշվի առնել, մասնավորապես՝ առողջական խնդիրներ չունենալ ու գիտակցել՝ ուր են գնում և ինչի համար։

Հրահանգիչ Կարապետ Աղաջանյանն էլ նշում է՝ մարզվում են առավոտյան ժամը 9-ից մինչ երեկոյան 18։00 – ը։ Սկսում են նախավարժանքով, հետո ըստ դասացուցակի՝ առաջին բուժօգնության դասեր, ալպինիզմ, կրակային պատրաստություն, հանդիպում հոգեբանի հետ և այլն։

Կարապետն ասում է՝ մարտադաշտում առաջին ոսկե կանոնը զենքը 2 ձեռքով բռնելն է, մատն էլ ձգանին չդնելը, կարճ ասած՝ զենքից օգտվել իմանալն առաջնային է, որ անփութության պատճառով տխուր դեպքեր չլինեն։

Երկրորդ կարևոր կանոնը՝ զգու՛յշ լինելն է, գիտակցված քայլելը, որովհետև անտառային տարածքում ամեն մի ձայն կարող է կյանքի հետ խաղալ։

Մարզումներին մասնակցողների 30-40 %-ն իգական սեռի ներկայացուցիչներ են։ Կանանց դեպքում տարիքային խումբը սահմանված է 20-50-ը, տղամարդկանց դեպքում՝ 20-60։ Տղամարդիկ կամավորներ են, կանայք՝ կուրսանտներ, որ 14-օրյա դասընթաց են անցնում․ նրանց կամավորագրելու հրաման դեռևս չկա։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նախաձեռնված անսպասելի հարձակումը, որ մի նոր պատերազմ է դարձել, փոխել է բոլորի պլանները։


Լիանա Դավթյան, 22 տարեկան

Խաղաղ պայմաններում՝ պարուհի ու մարկետոլոգ, պատերազմական իրավիճակում՝ թարգմանիչ ու կուրսանտ։ 22-ամյա Լիանայի կյանքը հենց այդպես մի օրում կտրուկ փոխվել է։

Պատերազմի առաջին 2 շաբաթվա ընթացքում Կորոնավիրուսով վարակվածության հետևանքով ընտանիքով ստիպված են եղել մեկուսանալ, այդ ընթացքում իրազեկմամբ է զբաղվել: Աշխարհը պետք է տեղյակ լինի հումանիտար աղետից, ասում է նա։

2

Նա նաև պայքարել է ապատեղեկատվության դեմ, ֆրանսերենով թարգմանություններ արել, հենց մեկուսացման ժամկետը լրացել է, որոշել է՝ «ՈՄԱ» է գնում՝ զինվորական պատրաստություն անցնելու։

Արդեն տասը օր է՝ գալիս է մարզումներին, իսկ եղբայրը, որ երաժիշտ է, ռազմաճակատ է մեկնել։

«Տարիներ շարունակ պատերազմը մեզնից հեռու ենք պատկերացրել, հիմա՝ այլևս հնարավոր չէ, և իրավունք էլ չունենք, մեր վա՜յ-վու՜յը ոչնչով չի օգնելու զինվորին։ Չենք կարող միայն մեկ ոլորտում հայրենիքին ծառայելու շռայլությունը մեզ թույլ տալ։ Մեր գիտելիքները պետք է օգտագործենք հնարավոր բոլոր ճակատներում»,- ասում է Լիանան։

Նրա համար առաջին օրերին ամենաբարդ առաջադրանքն առավոտյան  շուտ արթնանալն է եղել․ քնկոտ է, բայց հանուն մարզումների քունն էլ հաղթել է։

«Երբ ֆիզիկականն ավարտում ու սկսում ենք, օրինակ, բուժօգնության դասեր անել, ինձ «բռնում եմ» այն մտքի վրա, որ հոգնել եմ, ուզում եմ քնել։ Բայց հետո ինքս ինձ ասում եմ, որ կենտրոնանալ է պետք, որովհետև առաջին բուժօգնության գիտելիքներն ինձ շատ են պետք գալու»։

Լիանան ասում է՝ «ՈՄԱ»-ում բոլորը հավասար են, առաջնորդող սկզբունքն էլ էպոսային է՝ «Առյուծն առյուծ է, լինի՝ էգ, թե՝ որձ»։

Ընտանիքի անդամները, նրա խոսքով, շատ լավ են վերաբերում իր՝ մարզումներին մասնակցելու որոշմանը, հնարավոր կամավորագրման միտքն առավել դժվար են ընդունում, բայց արգելքներ չեն դնում։

«Մեր ընտանիքում ազնվությունը գնահատվում է։ Եթե խաբեի, ասեի՝ այլ տեղ եմ գնում, շատ շուտ սուտս ջրի երես դուրս կգար, դրա համար էլ միանգամից տեղեկացրի, մանավանդ, որ կուրսանտ լինելու պարագայում ոչ մի խնդիր չեն տեսնում»։

Լիանան ասում է՝ նախընտրել է հստակ ասել՝ ուր է գնում ու ինչ է ուզում, որովհետև կարծիքն ընտանիքում հաշվի են առնում, որոշումներն էլ՝ հարգում։

Մինչ ճաշելու գնալը Լիանան հասցնում է մի քանի կարևոր բան ցույց տալ։ Ասում է՝ հենց որ «օդային տագնապ» արտահայտությունը լսում եք, անմիջապես ծառ փնտրեք ու էմբրիոնի տեսք ընդունելով պառկեք դրա տակ։ Բացատրում է՝ այս դիրքով կենսական նշանակության օրգանները չեն վնասվի։

«Չմոռանա՛ք, ականջները փակում եք, բերանը՝ բացում։ Հա՛, մեծ խմբով էլ նույն ուղղությամբ չվազե՛ք, չհավաքվե՛ք․ վտանգավոր է»,- եզրափակում է նա։

4


Դիանա Պապյան, 29 տարեկան


«Գործատուիս տարբերակ չթողեցի, ասացի վերադառնում եմ Հայաստան, թե համաձայն չեք, պայմանագիրս կխզեմ»,- պատմում է մասնագիտությամբ ծրագրավորող, գերմանաբնակ Դիանա Պապյանը։

Դիանան արդեն 7 տարի է՝ ապրում է Գերմանիայիում, նախ գնացել էր՝ ուսումը շարունակելու, հետո աշխատանք էր գտել ու մնացել այնտեղ, բայց հայրենիքի հետ կապն, իր խոսքով, երբեք չի կորցրել։

Պատերազմը սկսվեց, Դիաննայի պլաններն էլ դրան զուգահեռ փոխվեցին, որոշեց գալ Հայաստան՝ զինվորական պատրաստվածության դասեր անցնելու։ Բախտն էլ ժպտաց նրանով, որ գործատուները հասկացան, թույլ տվեցին հեռավար աշխատել։

_DSC0502

«4 օր է՝ գալիս եմ։ Մեծ հույսեր ունեմ, որ ամեն բան հնարավորինս շուտ կավարտվի ու մեր օգնությունը ռազմադաշտոմ պետք չի գա, բայց, այնուամենայնիվ, այստեղ մենք այնպիսի հմտություններ ենք ձեռք բերում, որ յուրաքանչյուրի համար կարևոր են։ Պետք է ամեն րոպե պատրաստ լինել»։

Դիանայի խոսքով, մարզումները շատ ճիշտ են կազմակերպված։ Ասում է՝ սովորեցնում են, թե որ իրավիճակին ինչպես պիտի արձագանքեն, հնարավորինս կարճ ժամանակում ճիշտ պատրաստում են, որ առաջնագիծ գնացողը հասկանա՝ ինչի սպասել, ինչպես կազմակերպել իր քայլերը, որ հնարավորինս անվտանգ լինի։

Դիանան նախկինում զբաղվել է սպորտային գիմնաստիկայով, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը սովոր է, ասում է ուղեղի դրած սահմանները հաղթահարելն ավելի դժվար է։

«Ցանկացած իրավիճակում, երբ մտածում ես, որ էլ չես կարող, մոտ 50 % ավելին կարող ես անել։ Հետևաբար ուղեղի դրած արհեստական սահմանները պիտի չեցոքացնենք ու կտեսնենք, որ մեր ունակությունները շատ ավելին են, քան օգտագործում ենք»,- ասում է Դիանան։

Դիանայի մայրը՝ Աննա Պետրոսյանը, ասում է՝ Դիանան որոշման մասին անմիջապես թե՛ իրեն, թե՛ ամուսնուն հայտնել է։ Նշում է՝ քանի դեռ դուստրը ՀՀ տարածքում է, անհանգստություն չունի, բայց, երբ հերթը հասնի կամավորագրվելուն, որոշումը հանգիստ ընդունել չի կարողանա, մտահոգություններն էլ դժվար թե լքեն իրեն։


Լիլիթ Ջալալյան, 29 տարեկան


ՏՏ ոլորտում աշխատող Լիլիթն էլ «ՈՄԱ» գալու համար արդեն երկրորդ օրն է՝ արձակուրդ է վերցրել։ Առաջին օրը մտավախություն է ունեցել, որ մարզումները լուրջ չեն լինի, բայց եկել, տեսել է՝ ամեն ինչ խիստ է, իսկապես որ սովորեցնում են՝ ինչպես ողջ մնալ։

«Միշտ փորձում եմ պահել մարզական վիճակը, առավոտյան վազում եմ, ազատ ժամանակ խորեոգրաֆիայով զբաղվում։ Իմ մարզական պատրաստվածությունն ինչ-որ հիմքեր նախապատրաստել է այստեղ գալու համար»։

Լիլիթը վստահ է՝ կամավորագրվելու որոշումը պետք է գիտակցաբար կայացնել, նախ ինքդ քո ներսում հասկանալով՝ պատրաստ ես, թե՝ ոչ։

_DSC0512

Նրա ընտանիքում արձագանքը դրական է եղել, հայրիկն էլ ցանկացել է միանալ, բայց, քանի որ թիրախային խմբում է, համոզել են, որ տանը մնա, իսկ քույրը մյուս շաբաթ հավանաբար կմիանա Լիլիթին։

Քույրը՝ Լուսանեն, զարմացել է, թերահավատորեն մոտեցել քրոջ հայտնած լուրին, ասում է՝ իր աչքով է տեսել, թե ինչ ծանր ռեժիմով են մարզվում։ Սրան հակառակ Լիլիթի հայրը՝ Կառլեն Ջալալյանը, մի գրամ անգամ չի զարմացել դստեր որոշումից։

«Առանձնապես զարմանալու բան չէր։ Լիլիթի մոտեցումն այդպիսին է բոլոր հարցերի դեպքում, շատ վճռական է՝ մանավանդ էքստրեմալ պայմաններում»,- ասում է Լիլիթի հայրը։

Իսկ, եթե կանանց ևս թույլ տան կամավորագրվե՞լ․․․

«Ես դրական կարձագանքեմ, որովհետև ինչ-որ պահի սեռն այլևս նշանակություն չունի։ Հայրենիքը բոլորիս պաշտպանելիքն է։ Հուսով եմ բանը դրան չի հասնի, բայց, եթե անհրաժեշտություն եղավ և՛ կանայք, և՛ տղամարդիկ կգնան իրենց հայրենի տան պաշտպանության գործով զբաղվելու»,- ասում է Լուսանեն։

Հայրն էլ նշում է, թեև դստեր կամավորագրվելն իր համար ցանկալի չէ, բայց մեկ է՝ վերջնական որոշումը Լիլիթինն է, չի կանգնեցնի։

«Եթե Լիլիթը մտքին մի բան դրել է, կանի։ Վերջին քայլը միշտ իրենց ենք թողնում, թող իրենց սրտով լինի։ Կարևորը՝ տուն վերադառնան»։


Լիլիթ, 28 տարեկան


«Տանը չեմ ասել, որ զինվորական պատրաստություն եմ անցնում, ասել եմ՝ եկել եմ առաջին բուժօգնության դասընթացի»,- ժպտում ու պատմում է Լիլիթը։

Լիլիթն ասում է՝ եղբոր ծառայությունն ամենավտանգավոր դիրքերից մեկում է անցել, այնտեղ, ուր խաղաղությունն ու պատերազմը միշտ իրար կողքի են, ծնողների «աչքը վախեցած է», երկրորդ անգամ սթրեսի ենթարկել չի ուզում։

«Միշտ երազել եմ գալ։ Հիմա տանից եմ աշխատում, վերջապես կարող եմ համատեղել։ Կուրսանտ եմ, եթե հնարավորություն եղավ կկամավորագրվեմ, ու էդ դեպքում ավելի դժվար կլինի ընտանիքիս ասելը, քան՝ գնալը»։

Լիլիթն արդեն 10 օր է՝ մարզվում է։ Տրամադրվածությունը մարտական է։ Միայն թե առավոտյան նախավարժանքը չի սիրում, ասում է՝ երևի չարաճճի զինվոր կլինեի։

Մնացած բոլոր կանոններին հետևում է, ամեն օրվա նոր դժվարությունն էլ մոտիվացիա է ստեղծում հաջորդ օրն առավոտյան արթնանալ ու նորից շտապել՝ մարզվելու։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend