Հետազոտություն իրականացնելու հրավեր․ «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվական հոսքերն ու կեղծ պատմույթները»
- April 21, 2023
- Category: Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը (այսուհետ՝ ՀԼԱ) հրավիրում է հետազոտական կազմակերպություններին, անհատ հետազոտողներին դիմելու «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվական հոսքերն ու կեղծ պատմույթները» թեմայով հետազոտություն իրականացնելու մրցույթին։
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի համատեքստում շրջանառվող ապատեղեկատվական հոսքերը, կեղծ պատմույթները, դավադրապաշտական տեսությունները, որոնք խեղաթյուրում են իրական գործընթացները և խոչընդոտում են ժողովուրդների ու պետությունների միջև հարաբերությունների կառուցմանը։ Հետազոտությունը, վեր հանելով առկա խնդիրները, պետք է գտնի դրանց օրինաչափությունները, ընդհանրությունները, տարբերությունները և առանձնահատկությունները, առաջարկի ռազմավարական հաղորդակցության այնպիսի մոտեցումներ, որոնք կօգնեն հաղթահարել վեր հանված խնդիրներն առնվազն քաղաքացիական հասարակությունների մակարդակում։
Հետազոտության խնդիրներ են՝
- Մշակել հետազոտական մեթոդաբանություն, որի հիմքում կլինի ավանդական և ժամանակակից մեդիայում, կառավարությունների կողմից շրջանառվող տեղեկությունների և պատմույթների ուսումնասիրությունը և վերլուծությունը։
- Հետազոտության շրջանակում իրականացվող ուսումնասիրությունները պետք է կենտրոնանան մի քանի կարևոր ժամանակահատվածների՝ 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը և դրան հաջորդող 6-12 ամիսները (ԼՂ երկրորդ պատերազմ. առաջ և հետո), 2023 թվականի առաջին եռամսյակը (երկարաշարժը Թուրքիայում)։
- Հետազոտության շրջանակում մշակել ուսումնասիրության մեթոդաբանական, աղբյուրների ընտրության, դրանց վերլուծության չափանիշներն ու մոտեցումները։
- Հետազոտության սեղանային աշխատանքի փուլում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կատարել ֆոկուս-խմբային քննարկումներ Հայաստանի մարզերում՝ հասկանալու վեր հանված կեղծ պատմույթների, ապատեղեկատվության, դավադրապաշտական տեսությունների տարածվածությունը, դրանց ազդեցությունը համայնքային կյանքի և անհատների մակարդակում։
- Մշակել հետազոտության զեկույցը՝ ներառելով բոլոր բաղադրիչները, մասնավորապես․
- Զեկույցի տիտղոսաթերթը,
- Հետազոտության ամփոփագիրը (abstract)
- Հետազոտության նախաբանը,
- Հետազոտության նպատակները և խնդիրները,
- Հետազոտության մեթոդաբանությունը,
- Հետազոտության շրջանակում ուսումնասիրված աղբյուրները,
- Հետազոտության արդյունքները երկու մասով՝ սեղանային և դաշտային աշխատանքների արդյունքները, դրանց վերլուծությունը,
- Եզրակացությունները՝ իրականացված վերլուծությունների օրինաչափությունների և առանձնահատկությունների հիման վրա,
- Ռազմավարական հաղորդակցությունը բարելավելու առաջարկները,
- Հղումները,
- Հավելվածները։
Հետազոտության իրականացման համար ՀԼԱ-ն նախատեսում է վեց ամիս ժամանակահատված։ Հետազոտության ավարտին ներկայացվող զեկույցն ուսումնասիրվելու է ՀԼԱ և գործընկեր կառույցների կողմից։ Նախատեսվում են զեկույցի առցանց ներկայացում և քննարկումներ, որոնք կնպաստեն քաղաքացիական հասարակության հարաբերությունների ռազմավարական հաղորդակցության բարելավմանը։
ՀԼԱ-ն խրախուսում է հետազոտական խմբերի և կազմակերպությունների թիմերում ներգրավված լինեն ոչ միայն հետազոտողների, այլև մեդիա դաշտին տիրապետող ինչպես նաև հաղորդակցության և ռազմավարական հաղորդակցության մասնագետների ներգրավվածությունը։
Դիմելու համար հետաքրքրված խմբերը պետք է ներկայացնեն՝
- Առաջարկվող հետազոտության հայեցակարգը (մինչև 3 էջ, А4 ձևաչափով՝ 11 տառաչափով, Sylfaen տառատեսակով),
- Հետազոտությունների իրականացման փորձառությունը նկարագրող/ցուցադրող հղումներ (պորտֆոլիո),
- Հետազոտական խմբում ներգրավված անձանց ինքնակենսագրականները,
- Հետազոտության իրականացման գնառաջարկը։
Հայտերը գնահատվելու են ըստ վերոգրյալ նկարագրությունների համապատասխանության՝ ծրագիրն իրականացնող Կոնսորցիումի կողմից։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ [email protected] էլեկտրոնային փոստով՝նամակի թեմա դաշտում նշելով․«Research_#ATNPRR2023_YOUR_NAME»։ Հայտերը, որոնք չեն պարունակի վերոգրյալ փաստաթղթերը կամ կլինեն թերի, չեն դիտարկվելու գնահատման գործընթացում։
————————————
Այս հետազոտությունն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։