Ինչո՞ւ մարդկանց ավելի քան 60 տոկոսը չի դիմում Ոստիկանություն․ բանավեճ
Ինչո՞ւ մարդկանց ավելի քան 60 տոկոսը չի դիմում Ոստիկանություն․ բանավեճ
- October 17, 2024
- Category: Նորություններ
«Ի տարբերություն նախորդի՝ նոր ռազմավարության մշակման մեջ քաղհասարակության մասնակցությունը մեծ է եղել։ Բայց ռազմավարության կատարման համար քաղաքական երաշխիքներ են պետք»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում «Հանրային լրագրության ակումբի» կազմակերպած բանավեճի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ոստիկանության 2024-2026 թթ. բարեփոխումների ռազմավարության նախագծին։
Իրավապաշտպանը ներկայացրեց, որ նոր փաստաթղթի համաձայն` Ոստիկանության համակարգում պետք է վերապատրաստվեն անգամ ղեկավարները։ «Շատ կարևոր է այդ կառույցի բարեվարք վարքագիծը, որպեսզի ես հասկանամ, որ նրա ղեկավարները հակված են այդ բարեփոխումներին։ Նկատի ունեմ ՆԳՆ նախարարին, ոստիկանապետին։ Ոստիկանապետը չի կարող իրեն թույլ տալ բանավեճի այնպիսի մակարդակի իջնել, ինչը տեսանք վերջին միջադեպի ժամանակ»,- հավելեց Սաքունցը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ հասարակությունը չի վստահում Ոստիկանությանը և հանցագործության մասին տեղեկություններ ունենալու դեպքում չի ահազանգում, քանի որ այդ դեպքում ինքն է կանգնում տարբեր խնդիրների առաջ։ «Ինչպե՞ս է, որ մենք ունենք հասարակություն, որը վստահում է Ոստիկանությանը, բայց երբ հանցագործություն է տեսնում, ասում է՝ ես ոչ Ոստիկանություն կզանգեմ, ոչ էլ սրա մասին ցուցմունք կտամ»,- հարցնում է նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանն էլ տեղեկացրեց, որ գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստանում ոստիկանների գործողությունների վերաբերյալ։ «Բավականին մեծ թվով բողոքներ են ստացվում հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ ֆիզիկական ուժի կամ անհամաչափ ուժի կիրառման և դրանից բխող՝ անձանց իրավունքների կոպիտ ոտնահարման պատճառներով»,- հավելեց նա։
ՀՀ ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը նշեց, որ պետք է լծվեն նոր ռազմավարության իրագործմանն ու արձանագրեն արդյունքներ։ «Այնուհետև գնահատենք այդ արդյունքները, հասկանանք՝ էլ ինչ կարիքներ ունենք և գնանք դրանց հետևից այնքան, մինչև կունենանք մեզ համար ցանկալի իրավիճակ»,- ասաց Մկրտչյանը։
Բանավեճն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։