Նորություններ

Կարկանդակներ՝ արցախցի կանանցից

Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Երևանյան հյուրանոցներից մեկի՝ City Hotel by Picnic-ի խոհանոցից անուշաբույր հոտ է տարածվում։ Արցախցի կանայք կարկանդակ են պատրաստում։

Այստեղ արդեն մեկ ամիս է՝ ապաստանել են Արցախի տարբեր քաղաքներից ու գյուղերից ժամանած ընտանիքներ՝ շուրջ 36 մարդ։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված անսպասելի հարձակումը, որը վերաճեց մի նոր պատերազմի, պատճառ դարձավ, որ Արցախի Հանրապետության բնակիչներից շատերն ստիպված անորոշ ժամանակով լքեն իրենց տներն ու ապաստանեն Հայաստանում՝ կացարաններում, անհատների բնակարաններում կամ հյուրանոցներում։

Հյուրանոցում ապաստանած երեխաներն ու պատանիները զբաղված են իրենց խաղերով, դասերով  ու առօրյա զրույցներով, իսկ ահա կանայք որոշել են «ձեռքները ծալած չնստել»։

Տիկին Լյուբան գլխավորում է խոհանոցի աշխատանքը։

Մեկը խմորն է հունցում, մյուսը՝ միջուկ պատրաստում, մեկն էլ արագ-արագ կարկանդակն է շուռումուռ տալիս, որ համաչափ եփվի։

Առավոտյան 11-ն է, բայց արդեն 300 պատվեր ունեն․ հասցնել է պետք։

«Ժինգյալով հացի համար մեծ վառարան է պետք, էստեղ տեղը նեղ է, հարմար չէ, դրա համար ենք կարկանդակ պատրաստում»,- բացատրում են կանայք։

Արցախցի կանայք նախ իրենց փոքրիկների ու հյուրանոցի անձնակազմի համար էին պատրաստել, միասին համտեսել էին ու հավանել։ Կարկանդակները վաճառելու ու դրանից եկամուտ ստանալու գաղափարն առաջարկել է «Picnic Hotels» ընկերության համահիմնադիր Արտաշես Մելքումյանը։

«Պատրաստեցին, փորձեցինք, շատ համով էր։ Մտածեցի, որ կարող ենք նաև վաճառել, գումարի մի մասն իրենց տալ, մյուս մասով էլ կումունալ ծախսերը հոգալ։ Հատկապես, երբ մարդիկ պատրաստ են վճարել ցանկացած գին, որովհետև գիտեն՝ օգնում են Արցախի մեր հայրենակիցներին»,- ասում է նա։

5

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 29-ից սկսած Արտաշես Մելքումյանն ու ընկերները բնակության վայր են գտել Արցախից ինքնաբուխ Հայաստան ժամանած 96 մարդու համար։ 36-ը հյուրանոցում են, մնացածներին տրամադրել են նախկինում զբոսաշրջիկների համար նախատեսված բնակարանները՝ կրկին անվճար։

«Պատերազմի առաջին օրերին իմացանք, որ կան մարդիկ, որ գալիս են Հայաստան ու մնալու տեղ չունեն, որոշեցինք հյուրանոցի սենյակները հատկացնել նրանց, հետո տարբեր խմբերի միջոցով սկսեցինք այլ ընտանիքներ փնտրել, իրար գրել, հարցուփորձ անել։ Պատահել է՝  աշխատակիցներս նույնիսկ գնացել են քաղաքի տարբեր հատվածներ, որտեղ մարդիկ ավտոբուսներով գալիս էին, հարցրել են՝ տեղ ունեն, թե՝ ոչ ու բերել մեզ մոտ»։

Արտաշեսն ասում է՝ պատահել է նաև, որ մինչ բնակարան գտնելը, մի քանի երեխայի իր կամ ընկերոջդ տանն են հյուրընկալել։

Բնակարաններ գտնելուց հետո տարբեր անհատների ու կամավորական խմբերի միջոցով սննդի, հագուստի ու խնամքի պարագաների հարցը ևս լուծվել է։

Սակայն, ամեն բան այնքան էլ հարթ չէ, ինչքան կարող է երևալ։
Արտաշեսի խոսքով, Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մարտից սկսած իրենց բիզնեսը «մեռած» վիճակում է, եկամուտ չունեն, բայց հիմա օրվա ընթացքում ամենաքիչը մոտ 25 հազար դրամ է պետք գալիս, այն էլ՝ չհաշված կոմունալ վճարները։

Ասում է՝ առաջին իսկ օրվանից բոլորին անուն առ անուն գրանցել են ու տվյալներն ուղարկել համապատասխան պետական մարմիններ։

Արձագանք եղել է նախ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանից, եկել են ու հաշվառել մարդկանց։ Միգրացիոն ծառայությունից էլ խոստացել են կոմունալ վճարումներն անել։

Դեռ սպասում են, սակայն եթե աջակցություն չստացան՝ հավանաբար կրկին իրենց ուժերով մի բան կանեն։

«Մենք 96 հոգու համար արդեն իսկ պատասխանատվություն վերցրել ենք ու կպահենք ինչքան պետք է։ Կպահենք, քանի դեռ տարածքների սեփականատերերը գումար չեն պահանջում։ Հակառակ դեպքում էլ ելք կգտնենք։ Եթե պատերազմի ավարտից հետո կլինեն մարդիկ, որ կորցրել են տունը, նրանց համար էլ կփորձենք տուն գտնել կամ կառուցել»։

Հյուրանոցի անձնակազմը փորձում է նաև ապահովել երեխաների ժամանցը, ուրախ տրամադրությունն ու կրթության իրավունքի իրացումը։

Երեխաներից շատերն արդեն իսկ դպրոց են ընդունվել․ երաժշտական դպրոց հաճախող էլ կա։ Բացի այդ նրանք տարբեր խմբակների են գնում ու տեսարժան վայրեր այցելում։

Հյուրանոցի առաջին հարկում գրատախտակի վրա մեծ-մեծ տառերով գրված է օրվա գրաֆիկը՝ այցելություն Գառնի, Էջմիածին, կավագործության ու նկարչության դասընթացներ։

«City Hotel by Picnic»-ի կոորդինատոր Գայանե Պետրոսյանը նշում է՝ զանգեր են ստանում ամենատարբեր մարդկանցից ու կազմակերություններից, որոնք կամավոր հիմունքներով գալիս են, միջոցառումներ կազմակերպում, հյուրասիրությունների հրավիրում։

«Երեխաներն արդեն իսկ հասցրել են գնալ Էջմիածին, Երևանի կենդանաբանական այգի, Հայաստանի բնության պետական թանգարան, մուլտֆիլմ դիտելու, բացի այդ պատմության, անգլերենի ու կավագործության դասեր ունեն, մեծահասակների համար էլ շուտով խոհարարական դասեր ենք կազմակերպելու»,- ասում է Գայանեն։

Արտաշեսն էլ հավելում է՝ ուզում են այս ընտանիքները հասկանան, որ կյանքը կանգ չի առել, հետևաբար ոչ թե պետք է նստել ու սպասել, այլ աշխատել, վաստակել, շարունակել ապրել, մինչ մի օր լավ լուր կլսեն ու բոլորով կկարողանան տուն վերադառնալ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend