Կյուղաջուրը փրկությու՞ն, թե՞ գլխացավանք
- December 5, 2021
- Category: Նորություններ
Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։
_____________
Լիդ – Երկու տասնամյակ է, Արտաշարի բնակիչները ստիպված են ապրել կոյուղաջրի հարևանությամբ։ Բնակարանների պատուհանի կողքով հոսում է գարշահոտ տարածող գորշ գույնի կեղտաջուրը։
Ստիպված ենք, արդեն 20 տարի, ապրել այս միջավայրում, կեղտաջուրը մեր առօրյայի անբաժանելի մասն է, երեխաները խաղում են գարշահոտի մեջ, անասունները խմում են կոյուղաջրերը, մենք այգիները ոռոգում ենք կեղտաջրով, նույնիսկ կռիվ ենք տալիս կեղտաջրի համար, որ այգիները չչորանան, – այսպես է ներկայացնում կոյուղաջրի հարևանությամբ բնակվող արտաշարցի Սամվել Պետրոսյանը։
Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերի խողովակաշարը մինչև մաքրման կայան վթարվեց և կեղտաջրերը սկսեցին հոսել Սևջուր գետ։ Ժամանակի ընթացքում Սևջուր գետը ցամաքեց՝ իր հունը թողնելով բացառապես կեղտաջրերին։ Պոմպակայանները, որոնք նախատեսված էին գյուղացիական տնտեսություններին Սևջուր գետից ոռոգման ջուր մատակարարելու համար, շարունակեցին իրենց աշխատանքը՝ այս անգամ կոյուղաջրի բազայի վրա։
Արդյունքում՝ կոյուղաջրերի մաքրման կայանը դարձավ անպիտան, իսկ կոյուղագծի վերականգնումը, առանց մաքրման կայանի, դարձավ անիմաստ։
Կոյուղաջուրը մինչև պոմպակայան հասնելը, տարածելով անտանելի գարշահոտ, հոսում է Արտաշար համայնքի բնակելի տների հարևանությամբ։
Արտաշարի բնակիչների խոսքով, նախկինում կոյուղաջրերին խառնում էին ոռոգման ջուր, գարշահոտը որոշ չափով մեղմանում էր, բայց վերջին 2 տարիներին ջրանցքով բացառապես կեղտաջուր է հոսում։
Արտաշար համայնքը սպասարկող նախկին ընտանեկան բժիշկ Նարինե Գևորգյանի մեկնաբանությամբ, պարբերաբար հետազոտության է ներկայացրել կոյուղաջրերը և ամեն անգամ ջրում հայտնաբերվել է խոլերայի ոչ ախտածին մասնիկներ, որը շատ վտանգավոր է։
«Երկու տարի է, կոյուղաջրում հայտնաբերվում են խոլերայի ոչ ախտածին միկրոբներ, որոնք յուրաքանչյուր պահի կարող են դառնալ ախտածին և առաջացնել համաճարակ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում բնակիչների առողջական վիճակին, մաշկային հիվանդությունների առկայությանը կամ հայտնաբերմանը, քանի որ մարդիկ, այգիները ոռոգելիս, հաճախ ստիպված են շփվել կոյուղաջրերի հետ՝ չօգտագործելով ռետինե ձեռնոցներ և կոշիկներ։ Անընդմեջ հանդիպումներ եմ իրականացնում, խորհրդատվություն տրամադրում, պարբերաբար այցելում եմ բնակիչներին և հորդորում խիստ հետևել սանիտարահիգիենիկ կանոններին, առավել զգոն լինել հյուրեր ընդունելիս և հյուրասիրություն կազմակերպելիս»։
Արտաշարցի Աշոտ Հովսեփյանի խոսքով, ոռոգման խնդիրն այն աստիճանի է բարդացել, որ ստիպված են կեղտաջրով աճեցնել բանջարեղենը, առվույտը կամ հացահատիկը, իհարկե, եթե հերթ հասնի իրենց։ Պոմպակայանը, 4 ժամ աշխատելով, սպառում է կեղտաջուրը, իսկ այդ ընթացքում նույնիսկ մեկ հեկտար ջրել հնարավոր չի լինում։ Մենք ապրում ենք ոչ թե կեղտաջրի հարևանությամբ, այլ կեղտաջրի մեջ։ Ըստ Հովսեփյանի, գնորդները գիտեն, որ Արտաշարում բերքն աճեցվում է կոյուղաջրով և գյուղ չեն մտնում, ապրանք չեն առնում։ Բերքի իրացումն անհնարին է դարձել։ Գյուղացիներն ասում են, որ գյուղմթերքն իրացնում են ինչպես մարզում, այնպես էլ մարզից դուրս գործող շուկաներում։ Հիմնականում թաքցնում են գյուղմթերքի ծագումը։
Կոյուղաջրի խնդիրներին անդրադառնալիս նախորդ տարի մենք կոյուղաջրով ոռոգվող տարածքներից ստացված գյուղմթերքը հանձնեցինք փորձաքննության։ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի մանրեաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, լաբորատոր փորձաքննության հանձնված բանջարեղենում հայտնաբերվել էին մարդու առողջության համար վտանգավոր մասնիկներ։
Արմավիրի մարզպետարանը մեր գրավոր հարցմանը պատասխանեց, որ նախատեսվում է նոր խորքային հորեր տեղադրելով լուծել Արտաշար համայնքի ոռոգման խնդիրը։ Գրության մեջ մարզպետարանը խորքային հորերի տեղադրման ժամկետ չի նշում։ Փոխարենը, Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանն ասաց, որ իրեն մարզպետարանից տեղեկացրել են, որ խորքային հորերի հորատման և շահագործման որոշումն ուժի մեջ է, միայն ժամկետներն են հետաձգվել։ Եթե այս տարի աշնանը չհասցնեն աշխատանքներն ավարտին հասցնել, ապա 2022-ի գարնանը կշարունակեն և կշահագործեն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հղած մեր հարցմանը պատասխանեց ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեն, ըստ որի առաջին փուլով 2022թ․ մարտից նախատեսվում է սկսել կոյուղագծի վերականգման աշխատանքները, իսկ մաքրման կայանի կառուցումը կիրականացվի միջոցների առկայության դեպքում։
Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանի մեկնաբանությամբ, գյուղի հողատարածքների 30 տոկոսը, արդեն 2 տարի է, ոռոգվում է բացառապես կոյուղաջրով։ Բոլոր կառույցները խնդրին տեղյակ են։ Միջոցների բացակայության պատճառով համայնքը ոչինչ անել չի կարող։ Գյուղապետի բնորոշմամբ, ջրում կենդանական աշխարհը վերացել է։ Նախկինում այստեղ ձուկ էին որսում, այսօր նույնիսկ գորտերն են վերացել։ Հատկապես ամռանը համաճարակի բռնկման ռիսկը մեծանում է, բնակիչների առողջության համար շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում։
Չգիտեմ, թե որքան է ձգձգվելու այս իրավիճակը, մի բան հստակ է, որ համայնքի փոքրիկ բյուջեով ոչինչ չենք կարող անել։
Արդեն 20 տարի է, Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերը դարձել են քննարկման թեմա։ Իշխանությունների պատասխաններն այս տարիների ընթացքում պարբերաբար փոխվում են։ Սկզբում նպատակ դրվեց վերականգնել մաքրման կայանը, այնուհետև որոշվեց նոր մաքրման կայան կառուցել, իսկ վերջում կառուցվեց պոմպակայան՝ կոյուղաջրերն աչքից հեռու տեղափոխելու համար։
Կոյուղագիծը, պարբերաբար այս կամ այն հատվածում գարշահոտ տարածելով, հիշեցնում է իր անմխիթար վիճակի մասին, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Վերջին անգամ կոյուղաջրերը նման անակնկալ մատուցեցին արմավիրցիներին՝ դուրս գալով Արմավիր-Երևան ավտոմայրուղու երթևեկելի մաս։ Մի քանի շաբաթ կոյուղաջրերը լցվեցին ավտոմայրուղու հարևանությամբ այգիները, այնուհետև վթարը վերականգնվեց, խնդիրը կարգավորվեց։
Որքան էլ որ ծախսատար լինեն կոյուղագծի վերականգման և մաքրման կայանի կառուցման աշխատանքները, իշխանությունները պետք է համալիր մոտեցում ցուցաբերեն խնդրի լուծման ուղղությամբ, այլապես կարող է կրկնվել Զարթոնքի խոլերայի համաճարակի օրինակը, որը տեղի ունեցավ 1998 թվ-ին։ Նույն կոյուղաջրերը խլեցին 2 քաղաքացու կյանք։
2020 թվ-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս փուլում բանակցությունները գերմանական KFW բանկի հետ հասել են իրենց տրամաբանական ավարտին և շուտով մենք կունենանք մաքրման կայան։
Ըստ նախարարի, նախագծա-նախահաշվային աշխատանքներն ավարտվել են և ընթացքի մեջ է մրցույթային գործընթացը, իսկ շինարարության ավարտը նախատեսվում է 2022 թվ-ին։
Նախարարի հայտարարությունից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել։
Մեր գրավոր հարցմանը Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ Արտաշարում եղած խորքային հորերը չեն բավականացնում ոռոգման համար, այդ պատճառով, որպես այլընտրանք, բնակիչներն ընտրել են կոյուղաջրով ոռոգման տարբերակը։ Անհրաժեշտ են հավելյալ խորքային հորեր, որով պետք է զբաղվի Արմավիրի մարզետարանը և ՋՕԸ։ Իսկ կեղտաջրերը հոսում են, որովհետև չի գործում մաքրման կայանը և անհրաժեշտ է տեղադրել մաքրման կայան։ Այս հարցով պետք է դիմել ՏԿԵ նախարարություն։ ՏԿԵ նախարարությունը վստահեցնում է, որ մաքրման կայանի կառուցման հարցը օրակարգում է։
Եթե Արտաշարում ոռոգման ջրի խնդիրը չկարգավորվի, իսկ կոյուղաջրերը շարունակեն հոսել բաց ջրատարով և գյուղի կենտրոնով, գարշահոտ տարածելով գյուղում, միևնույն ժամանակ վտանգելով գյուղացիների առողջությունը, ապա ըստ Սամվել Պետրոսյանի, շատ շուտով գյուղացիներից շատերը կբռնեն արտագաղթի ճանապարհը։
Անժելա Ստեփանյան
_____________
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեդիագրագիտություն՝ հասարակության խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։