Նորություններ

Մամուլի հաղորդագրություն – Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում

Գործատու-աշխատող հարաբերությունները բարելավելու, դրանք իրավահարաբերություններ դարձնելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով մեկնարկել է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը:

Այն իրականացնում է «Աշխատանքային իրավունքներ» կոնսորցիումը՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կոնսորցիումը ստեղծել են չորս կազմակերպություններ՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Պրիզմա» հետազոտական ընկերությունը, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն: Ծրագիրը մեկնարկել է Աշխատանքային օրենսգրքում կատարված մի շարք բարեփոխումների, Տեսչական մարմնին վերապահված մի շարք նոր լիազորությունների՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելուն զուգահեռ:

«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքն իր դրույթներով բավարար պայմաններ է ստեղծում աշխատողների և գործատուների փոխադարձ իրավունքերի ու պարտականությունների կարգավորման համար, գործնականում առաջանում են բազմաթիվ խախտումներ: Ոլորտի հիմնական խնդիրներից են աշխատանքային պայմանագրի կնքման պատշաճ ընթացակարգի չպահպանումը, օրենսդրությամբ անհրաժեշտ դեպքերում դրա բացակայությունը, ինչպես նաև օրեսդրական դրույթների իրավակիրառ մեխանիզմների բացակայությունը», – կարծում է «Աշխատանքային իրավունքներ» կոնսորցիումի անդամ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը:

Կազմակերպությունն իր իրավաբանական ներուժով և ջատագովության փորձով ընգրկվել է կոնսորցիումի մեջ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել և ամփոփել առայսօր ոլորտում արված հետազոտությունները և անդրադառնալ դրանց արդյունքում առաջարկությունների իրագործմանը, վերլուծել օրենսդրությունը և վեր հանել աշխատանքային պայմանագրի հետ կապված իրավական բացերը։

Օգտագործելով հետազոտության շրջանակներում վեր հանված տվյալները՝ կազմակերպությունը նպատակ ունի կոնսորցիումի մյուս անդամների հետ միասին ներկայացնել առաջարկություններ, մշակել պայմանագրերի օրինակելի ձևեր և աջակցել դրանց իրականացման ջատագովությանը։

Կոնսորցիումի անդամ հանդիսացող «Պրիզմա» հետազոտական կենտրոնը ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությամբ վեր է հանելու աշխատանքային պայմանագրերի ոլորտում առկա խնդիրները, աշխատանքային պայմանագիր կնքել/չկնքելու արդյունքում առաջ եկած խախտումների տեսակները, աշխատանքային իրավունքների մասին իրազեկման հարցերը: Ծրագրի հետազոտական բաղադրիչի նպատակն է Հայաստանում աշխատանքային պայմանագրերի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը:

Ջատագովության փորձ ունեցող Հանրային լրագրության ակումբը ծրագրի շրջանակում կապահովի հանրության և շահագրգիռ այլ կողմերի հետ հաղորդակցությունը: «Կատարված հետազոտությունների, դրանց հիման վրա արված առաջարկությունների և իրականացվող բարեփոխումների մասին իրազեկման աշխատանքներ կիրականացվեն հանրության լայն շրջանակներում:  Մասնավորապես, հանդիպումներ կկազմակերպվեն պետական և մասնավոր  կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև  աշխատող և գործազուրկ քաղաքացիների հետ: Կկազմակերպվեն նաև ՔՀԿ-ների հետ սեմինարներ բոլոր մարզերում և Երևանում՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության և իրավագիտակցության մակարդակը, ինչպես նաև զարգացնել վերջիններիս կարողություններն այս ոլորտում», – նշեց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը:

«Իրականացնելով Աշխատանքային օրենսգրքի և ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրություն, մասնավորապես՝ պայմանագրի վերաբերյալ դրույթների վերանայում, հաշվի առնելով նաև Կովիդ-19-ից հետո առցանց աշխատանքի առանձնահատկությունները և դրանց օրենսդրական կարգավորումների բացերը՝ «Աշխատանքային իրավունքներ» կոնսորցիումը մշակված առաջարկությունների փաթեթը կներկայացնի որոշում կայացնող մարմիններին, – նշեց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ  նախագահ Նաիրա Առաքելյանը:

Վերջինիս ընդունման արդյունքում, ըստ նրա, կունենանք աշխատանքային պայմանագրերի բարելավված, թափանցիկ և հաշվետվողական գործընթաց ՀՀ-ում, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազում աշխատանքային պայմանագրերի կնքման ոլորտում:

Ծրագրի մասին՝ այստեղ։

Սույն ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-նն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend