Մարզային ԶԼՄ-ների հետ քննարկվել են մեդիայի աշխատակիցների սոցիալ-հոգեբանական բարեկեցությանն ուղղված խնդիրները
Մարզային ԶԼՄ-ների հետ քննարկվել են մեդիայի աշխատակիցների սոցիալ-հոգեբանական բարեկեցությանն ուղղված խնդիրները
- November 28, 2024
- Category: Նորություններ
Մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի մեդիա կազմակերպություններում հոգեկան առողջության և բարեկեցության պաշտպանության և զարգացման ապահովմանն ուղղված» ուղեցույցի նախագծի ներկայացումը։ Քննարկումներին ներկա են եղել Տավուշի, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մեդիա աշխատակցիները։
«Քյավառ» հեռուստաընկերությունում և Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբում անցկացված հանդիպումները կազմակերպվել էին Հանրային լրագրության ակումբի «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում։ Այս նախագիծը «Ինտերնյուսը Հայաստանում» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։
ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանի կարծիքով՝ այս ուղեցույցը կնպաստի մեդիա աշխատակիցների հոգեկան առողջության պահպանմանը՝ հաշվի առնելով վերջին տարիների տրավմատիկ փորձառությունը․ «Սթրեսն ու տրավման մեծապես ազդեցություն ունեն մեդիա բովանդակության վրա, ուստի այսօր խիստ անհրաժեշտ է հրաժարվել մեր հոգեկան բարօրության նկատմամբ անտարբերությունից»։
Հայաստանյան մեդիա բովանդակություն ստեղծողների սոցիալ-հոգեբանական կարիքների գնահատման արդյունքներն ու ուղեղույցի նախագծի բովանդակային մանրամասները ներկայացրել են «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի նախագահ Դավիթ Ամիրյանը և Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը: «Մեր տեսլականն է լրագրողների մեջ ունենալ հոգեկան առողջության պահպանման դեսպաններ, ովքեր խմբագրություններում և հասարակության մեջ կհանրայնացնեն ուղեցույցի բովանդակությունը»,- նշել է Դավիթ Ամիրյանը։
«Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում իրականացված հետազոտության նպատակն էր բացահայտել Հայաստանի մեդիա բովանդակություն ստեղծող աշխատակիցների սոցիալ-հոգեբանական կարիքները՝ հաշվի առնելով նրանց կողմից արտակարգ իրավիճակների լուսաբանելը, ինչպես նաև ԶԼՄ-ում գործող ներքին կանոնակարգերը՝ սթրեսի կառավարման, հոգեբանական աջակցության հնարավորությունների, տրավմայի կառավարման, հոգեբանական բարեկեցության բաղադրիչը։
Ըստ արդյունքների՝ հետազոտությանը մասնակցած 12 ԶԼՄ-ից միայն երկուսն ունեին արտակարգ իրավիճակներ լուսաբանելու ներքին քաղաքականության փաստաթուղթ և/կամ ընթացակարգեր։ Միայն այդ երկու լրատվամիջոցների գործող քաղաքականության փաստաթղթերը և/կամ ընթացակարգերն էին, որ թարմացվում և փոփոխվում են՝ ելնելով ժամանակի պահանջից։ Հարցված այլ լրատվամիջոցներից որևէ մեկը չունի քաղաքականության, որի արդյունքում որոշվում է, թե ով պետք է լուսաբանի ստեղծված արտակարգ իրավիճակը։
Անդրադառնալով այս խնդրին՝ Դավիթ Ամիրյանը շեշտել է, որ կան մեդիա բովանդակություն ստեղծողներ՝ լրագրողներ, օպերատորներ, խմբագրության այլ աշխատակիցներ, որոնք լքել են ոլորտը, քանի որ արտակարգ իրավիճակներում աշխատելիս շատերը չեն կարողացել վերադառնալ բնականոն կյանքինՀաճախ է պատահում, երբ լրագրողը ոստիկանական համազգեստ տեսնելիս հնարավոր է ունենա տագնապներ, քանի որ զինված բախումներ լուսաբանելիս հայտնվել է կիզակետում և չի տիրապետել որոշակի կանոնների ու հմտությունների»։ Հետազոտության արդյունքները դուրս են բերում նաև, որ մեծ մասամբ խնդրահարույց է սոցիալ-հոգեբանական պատրաստվածության հարցը՝ արտակարգ իրավիճակների լուսաբանման ժամանակ՝ ի՞նչ են գնում լուսաբանելու, ո՞ւր են գնում, ի՞նչ կարող է տեղի ունենալ և այլն։ Հետազոտության արդյունքում դուրս բերված խնդիրների հիման վրա մշակվել է ուղեցույցինախագիծ՝ մեդիայի աշխատակիցների սոցիալ-հոգեբանական բարեկեցության վերաբերյալ։ Ուղեցույցը նպատակ ունի ներկայացնել սկզբունքներ և գործողություններ, որոնք կարող են կիրառել հայաստանյան լրատվամիջոցները՝ պաշտպանելու և խթանելու իրենց աշխատակիցների հոգեկան առողջությունը: Ուղեցույցում առաջարկվող սկզբունքների և գործողությունների հասցեատերերն են մեդիա մենեջերները՝ լրատվամիջոցների ղեկավարները, խմբագիրները, պրոդյուսերները և այլք, ինչպես նաև հենց իրենք՝ մեդիա բովանդակության ստեղծման անմիջական մասնակիցները՝ լրագրողները, օպերատորները և այլն։
Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի համակարգող Վարսիկ Ներկարարյանը նշել է, որ այս փաստաթղթի կիրառությունը նաև առավելություն է դիտվում դոնոր կազմակերպությունների համար, ուստի այն ընդունելով և գործածելով՝ մեդիամենեջերները կնպաստեն իրենց լրատվամիջոցներում ներդրումների ապահովմանը։
Մեդիա բովանդակություն ստեղծողների հոգեկան առողջությունն ապահովելու համար ուղեցույցն առաջարկում է իրականացնել մի շարք քայլեր, ինչպիսիք են՝ լրատվամիջոցներում ապահովել հոգեկան առողջության ուսուցումը անձնակազմի համար, խրախուսել անձնակազմին՝ պահպանել հավասարակշռությունը իրենց մասնագիտական գործունեության և անձնական կյանքի միջև, հարգել աշխատանքային ժամերը և ունենալ ողջամիտ աշխատանքային գրաֆիկ և այլն:
Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ լրագրողը պետք է կամք դրսևորի՝ իր իրավունքներն իրացնելու նպատակով։ «Լրագրողները պետք է ունենան դադարներ կամ կանոններ՝ աշխատանքային ծանր պայմաններում ընդմիջումներ ունենալու և հանգստանալու համար։ Այս կերպ հնարավոր է խուսափել սթրեսային իրավիճակներից»,- նշել է նա։
Դավիթ Ամիրյանն առանձնացրել է՝ խմբագրություններում պետք է տիրի փոխադարձ ըմբռնման մթնոլորտը․ «Արտակարգ իրավիճակներում աշխատելիս լրագրողներն իրենց տրավմաների մասին սովորաբար չեն խոսում խմբագրություններում։ Սա խոչընդոտում է լրագրողական աշխատանքին։ Խմբագիրները և/կամ կազմակերպության ղեկավարները նախ և առաջ պետք է անհանգստանան յուրաքանչյուր լրագրողի հոգեկան առողջության կայունության մասին»։ Ըստ նրա՝ սոցիալ-հոգեբանական բարեկեցությանն ուղղված նմանատիպ ներքին կանոնակարգերի կիրառումը հնարավորություն կտա բարելավել լրագրողների աշխատանքը՝ արտակարգ իրավիճակներում աշխատելիս։
Քննարկման մասնակիցները ողջունել են նման ուղեցույց մշակելու նախաձեռնությունը՝ շեշտելով, որ փաստաթղթի անհրաժեշտությունն իսկապես կա խմբագրություններում։
Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի խոսքով՝ ուղեցույցի կարիքը, վստահաբար, կա յուրաքանչյուր խմբագրությունում։ Նա առաջարկեց թեմայի շուրջ վերապատրաստման դասընթացներ անցկացնել հենց ԶԼՄ-ների ղեկավարների հետ։
«Տավուշ» հեռուստաընկերության լրագրող Էռնեստ Խանումյանի խոսքով՝ մարզային լրատվամիջոցները բաց են բարեփոխումների առումով, ուստի այս փաստաթուղթը միանշանակ կողջունվի ղեկավարության կողմից։ Ըստ նրա՝ այս կանոնակարգը հաջողությամբ կիրականացվի այն դեպքում, երբ լրատվամիջոցի բոլոր օղակները հասկանան այս փաստաթղթի կարևորությունը։
Քննարկման մասնակիցներին տրամադրվել են փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը՝ գրավոր առաջարկություններ ստանալու և այն լրամշակելու նպատակով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանի հետ (093270808, [email protected]):