Նորություններ

Մեդիագրագիտության ուսուցումը՝ ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված մատչելի և ստեղծարար ձեռնարկներով

Հայաստանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում այսուհետ մեդիագրագիտության ուսուցումը կանցկացվի բոլորովին նոր ձեռնարկներով։ Դրանցում ներկայացված են տեսական դրույթներ մեդիայի և մեդիագրագիտության, մանկապարտեզի մանկավարժական գործընթացում մեդիակրթության ուղղությունների և մանկավարժական պայմանների մասին։ Ձեռնարկներով նախատեսված են նաև գործնական բնույթի աշխատանքներ՝ մեդիակրթությանն ուղղված կոնկրետ պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ, խաղերի օրինակներ, ինչպես նաև աշխատանք ծնողների հետ։

Ձեռնարկները մշակվել են «Քայլ առ քայլ» հիմնադրամի և Teaching Academy կազմակերպության մասնագետների կողմից՝ Հանրային լրագրության ակումբի «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհային աջակցությամբ։

«Այս ձեռնարկները հնարավորություն են տալիս մեր ժամանակների կարիքներին համապատասխան որակյալ պարապմունքներ անցկացնել՝ բարդ թեմաների շուրջ պարզ ձևաչափով։ Հուսով ենք ձեռնարկների շարքը շարունակել նաև ապագայում»,- նշում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը։

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կողմից փորձաքննված և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված ձեռնարկների նպատակն է աջակցել ՆՈՒՀ-ի մանկավարժական աշխատողներին և ծնողներին՝ մանկապարտեզի մանկավարժական գործընթացում մեդիակրթություն իրականացնելու և սաների թվային ու մեդիա կարողունակությունները ձևավորելու համար: Ձեռնարկները հագեցած են նկարներով, գործնական և ինքնուրույն աշխատանքների գաղափարներով, մանրամասն նկարագրված է պարապմունքների ընթացքը, ներառված են հեքիաթներ, խաղեր, գրքեր։

«Երեխաները կիրականացնեն գործնական  աշխատանքներ և կմասնակցեն մեդիայի ու տեղեկատվության հետ առնչվող տարաբնույթ աշխատանքների: Կսովորեն, թե ինչպես պետք է  անվտանգ  օգտվել համացանցից և զգուշանալ  ապատեղեկատվությունից:  Իրականացվող ուսումնական աշխատանքների շնորհիվ կզարգանա երեխաների քննադատական մտածողությունը, իրավիճակները դիտարկելու և վերլուծելու, այլընտրանքային կարծիքներ քննելու, իրազեկ որոշումներ կայացնելու կարողությունները: Ձեռնարկը շատ հեշտ է օգտագործողի համար չկա խրթին բառապաշար, դաստիարակի համար նախատեսված տեսական մասը ձևակերպված է շատ պարզ ու հասկանալի ձևով»,- նշում է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարինե Մկրտչյանը՝ հավելելով, որ ձեռնարկը մշակված է՝ ըստ նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունների, միջին և ավագ խմբերի համապատասխան վերջնարդյունքների։ Նրա խոսքով՝ ներկայացված պարապմունքները պարունակում են երևակայությունը զարգացնող նորարարական գաղափարներ: Դրանք կօգնեն մեդիագրագիտությանը նվիրված պարապմունքները կազմակերպել հետաքրքիր՝ երեխաների զարգացման համար առավել արդյունավետ, իմաստալից ձևերով:

Ձեռնարկի առանձնահատկությունն այն է, որ օգտագործվել են ինչպես դասական (Հ. Թումանյանի «Երկինքը փուլ է գալիս»), այնպես էլ ժամանակակից (Հանրային լրագրության ակումբի կողմից թարգմանված «Կըտ-կըտ ճուտիկը») ստեղծագործություններ: Ըստ Մարինե Մկրտչյանի՝ դաստիարակին մնում է միայն ծանոթանալ ձեռնարկի բովանդակությանը, եթե անհրաժեշտ է՝ այն հարմարեցնել խմբի երեխաների կարիքներին և օգտագործել ձեռնարկը։

Ձեռնարկների հեղինակներն առաջնորդվել են կրթական չափորոշիչներով ամրագրված կարողունակությունների վրա հիմնված կրթության կազմակերպման գաղափարով և պահանջներով, որոնք, մասնավորապես,  արտացոլված են ձեռնարկների մեթոդական ցանցում։

Teaching Academy կազմակերպության հիմնադիր Լուսինե Պողոսյանի խոսքով՝ ձեռնարկը ուղղորդելու և աջակցելու է  դաստիարակներին, մանկավարժներին՝  պլանավորել և  իրականացնել պարապմունքներ, խաղեր,  որոնք միտված կլինեն երեխայի մեդիագրագիտության ձևավորմանը և  ակնկալվող կրթական վերջնարդյունքների բավարարմանը։ Ձեռնարկը ներկայացնում է մեդիագրագիտությանն ուղղված աշխատանքի պլանավորման մատչելի տարբերակներ, խաղերի օրինակներ, ծնողների հետ աշխատանքի կազմակերպման ձևեր։

«Կարմիր գլխարկ» հեքիաթը մենք անձնական տվյալների գաղտնիության համատեքստում ներկայացրել ենք որպես ինտեգրված պարապմունք, որը տիպիկ օրինակ է, թե ինչպես կարելի է քննարկել, վերլուծել ստեղծագործությունը մեդիագրագիտության համատեքստում, մեդիակարողունակություններ ձևավորելու տեսակետից»,- նշում է Լուսինե Պողոսյանը՝ հավելելով, որ ձեռնարկում նաև ծնողների համար կան խորհուրդներ՝ ինչին ուշադրություն դարձնել, երբ երեխան տանը զբաղվում է թվային գործիքներով։

Ձեռնարկներն առայժմ հասանելի են առցանց տարբերակով, որոնք կարելի է ներբեռնել ՀԼԱ-ի կայքից: Ձեռնարկների մասին պատմող տեսանյութերը ներկայացված են ՀԼԱ-ի յություբյան ալիքում՝ այստեղ և այստեղ։

Նշենք, որ «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի նպատակն է բարձրացնել մանկավարժների թվային անվտանգության կարողությունները, օգնել նրանց առավել լավ հասկանալու անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը, ձեռք բերելու ծրագրի շրջանակում մշակված մեդիա և տեղեկատվական գրագիտության ռեսուրսներ ու կրթական պլաններ, որոնք պետք է ներմուծվեն նախադպրոցական կրթական համակարգ։

Ծրագրի շրջանակում ՀԼԱ-ն մշակել է մեդիագրագիտության և թվային անվտանգության քայլ առ քայլ ուղեցույց, որն օգտակար կլինի թե մանկավարժների, թե ծնողների համար։

Ավելի քան 500 մանկավարժներ մասնակցել են մեդիագրագիտության զարգացմանն ուղղված վեբինարների՝ միջազգային և հայաստանյան առաջատար փորձագետների կողմից, իսկ 31 մանկավարժներ վերապատրաստողների (ToT) անցանց դասընթաց են անցել։

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԼԱ Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանի հետ (բջջ՝ 093270808, էլ փոստ՝ [email protected]):



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend