Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի 1-ին դասընթացի ընդունելություն
- July 29, 2022
- Category: Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է «Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա» կրթական ծրագրի առաջին՝ 2022 թ-ի դասընթացի դիմորդների ընդունելություն։
Այս բացառիկ և անվճար դասընթացն անց են կացնելու ռազմավարական հաղորդակցության ոլորտի միջազգային և հայաստանյան հեղինակավոր մասնագետներ։
Դասընթացին կարող են դիմել Երևանում և ՀՀ մարզերում գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպությունների հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչներ, ինչպես նաև մեդիայի, լրագրության, հաղորդակցության ֆակուլտետների մագիստրատուրայում սովորող ուսանողներ։ Ծրագրի թիրախային մարզերն են՝ Երևան, Տավուշ, Շիրակ, Լոռի, Սյունիք, Գեղարքունիք։
Դասընթացը տեղի է ունենալու ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով։
Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիան նորարարական կրթական միջավայր է, որտեղ կարճ ժամանակահատվածում, վերապատրաստումների միջոցով մասնակիցներին տրվում է անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների և փորձի ձեռքբերման, կարողությունների զարգացման ու դրանց կիրառման հնարավորություն։
Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիան հնարավորություն կտա ձեռք բերել ռազմավարական հաղորդակցության տեսական և կիրառական գիտելիքներ, փորձառու մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ ծանոթանալ ռազմավարական հաղորդակցության մշակման, դրա իրականացման հմտություններին, ուսումնասիրել միջազգային և հայաստանյան լավագույն փորձը։ Լաբորատորիայի շրջանավարտները, այս բացառիկ հնարավորությունն արդյունավետ օգտագործելով, կդառնան պահանջված մասնագետներ՝ նոր որակի բարձրացնելով իրենց մասնագիտական հմտությունները։
Դասընթացի արդյունքում լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան իրականացնել անհատական նախագծեր մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության բարեփոխումների ոլորտներում արդյունավետ հաղորդակցության վերաբերյալ՝ ստանալով դրամաշնորհներ։
Դասընթացի շրջանակում միջազգային և հայաստանցի մասնագետները կկիսեն իրենց փորձն ընտրված 12 մասնակիցների հետ՝ հետևյալ թեմաներով․
- Ռազմավարական հաղորդակցություն,
- Հուսահեն հաղորդակցություն,
- Հոգեբանություն և մարդու իրավունքներ,
- Ինչպե՞ս ստեղծել հաղորդակցության ռազմավարություն,
- Պատմույթները՝ ռազմավարական հաղորդակցությունում,
- Սոցիալական մեդիայի ռազմավարություն՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար,
- Լսարանի ձևավորում,
- Ռեակտիվ (արձագանքող) ռազմավարական հաղորդակցություն,
- Ստեղծագործական մտածողություն։
Դասընթացի մանրամասներ
2022 թ-ի դասընթացի տևողությունը երկու ամիս է, որի ընթացքում անցկացվելու է 10 վեբինար՝ միջազգային և 2 սեմինար՝ հայաստանյան փորձագետների կողմից։ Առաջին դասընթացն անցկացվելու է ս․թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն ու հայերենն է՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Առկա հանդիպումների համար ՀԼԱ-ն կապահովի սեմինարների բոլոր մասնակիցների ճանապարհածախսը և սնունդը։
Նվազագույնը 75% ակտիվ մասնակցություն ցուցաբերած և գործնական առաջադրանքները կատարած մասնակիցներին շնորհվելու է Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի ավարտական վկայական։
Դիմելու կարգը
Հետաքրքրված անձինք պետք է․
- Լրացնեն աքսելերատորի դասընթացին մասնակցելու առցանց հայտը։
- Հայտին կցեն իրենց ինքնակենսագրականը։
- Ներկայացնեն կազմակերպության մասին ամփոփ տեղեկություն։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ օգոստոսի 21-ն է՝ ժամը 23։59-ը։ Դասընթացի և ծրագրի մասին մանրամասներ իմանալու համար կարող եք կապ հաստատել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։ Նամակի թեմա դաշտում հարկավոր է նշել՝ «StratComm. Lab_Q&A»:
Ոչ ամբողջական, մաս-մաս ուղարկված, ոչ հայատառ լրացված հայտերը չեն դիտարկվելու։
Միայն ընտրության առաջին փուլ անցած դիմորդները կծանուցվեն արդյունքների մասին հայտարարության վերջնաժամկետին հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Ծրագրի նկարագրություն
Դասընթացն անցկացվում է «Արդարադատության բարեփոխումների բարեվարքություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։