«Մոնտաժային հմտություններ և ռեժիսուրա․ ինչպես պատմել մարդկային պատմություններ»․ սեմինար՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեդիա աշխատողների համար
«Մոնտաժային հմտություններ և ռեժիսուրա․ ինչպես պատմել մարդկային պատմություններ»․ սեմինար՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեդիա աշխատողների համար
- June 10, 2024
- Category: Նորություններ
Հանրային լրագրության ակումբը, Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված իր ծրագրի շրջանակում, մայիսի 31-ին Երեւանում կազմակերպել էր սեմինար՝ «Մոնտաժային հմտություններ և ռեժիսուրա․ ինչպես պատմել մարդկային պատմություններ» թեմայով։
Սեմինարն անցկացնում էր ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ու տեսանյութերի հեղինակ, առաջատար մասնագետ Արթուր Փարսյանը։
Միջոցառմանը մասնակցում էր շուրջ վեց արցախցի մեդիա մասնագետ, որոնցից շատերը ներկայում աշխատում են հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում։
Անի Մանգասարյանը, ով որպես խմբագիր է աշխատել Արցախի հանրային ռադիոյում, նշում է, որ նման սեմինարները ոչ միայն հնարավորություն են նոր բան սովորելու, այլև նոր գործընկերներ ձեռք բերելու.
«Ինձ համար ավելի կարևոր են քննարկումները, պրակտիկ աշխատանքը»,-ասում է Անին` հույս հայտնելով, որ սեմինարի ընթացքում ձեռք բերած հմտությունները կօգնեն իրեն Արցախում նկարահանած վերջին կադրերը վերածել օրագիր-ֆիլմի:
Սեմինարի ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթացան մոնտաժային աշխատանքի տեխնիկային (կադրի տեսակներն ու դրանց ընտրությունը, ձայնային մոնտաժ և այլն) այլև ծանոթացան որոշ նրբությունների, թե ինչպես ստեղծել գրավիչ մարդկային պատմություններ։
Բացի տեսականից, սեմինարն ունենալու է գործնական մաս։ Մասնակիցները Արթուր Փարսյանի մենթորական աջակցությամբ պետք է պատրաստեն կարճ նյութ՝ պատերազմի ազդեցության ու բռնի տեղահանումից հետո Հայաստանում արցախահայերի կյանքի մասին։
*Սեմինարն անցկացվում է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։