Նորություններ

Սեմինար․ Մեդիագրագիտության և քննադատական մտածողության դասավանդումը վաղ մանկության կրթության գործընթացում

Մեդիագրագիտությունը երեխաներին ճիշտ մատուցելու համար առաջնային է ստեղծել մեդիագրագիտությունը զարգացնելու գործնական մեթոդներ և ռեսուրսներ, որոնք միտված կլինեն երեխաների քննադատական մտածողության ձևավորմանը: Ուսուցչի կողմից ճիշտ մեթոդների կիրառությունը կօգնի երեխային գրագետ ճանապարհորդել մեդիաաշխարհում, ստեղծել, կիրառել ու օգուտ քաղել մեդիա բարիքներից: 

Իսկ ի՞նչ է նշանակում լինել մեդիագրագետ:

Ի՞նչ է մեդիագրագիտությունը: 

Որո՞նք են մեդիագրագիտության հինգ բանալի հարցերը:

Հունիսի 22-ին, Երևանում տեղի ունեցավ մեկօրյա բացառիկ սեմինար «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության դասավանդումը վաղ մանկության կրթության գործընթացում» թեմայով, որը վարեց ԱՄՆ-ի Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավար, մեդիափորձագետ Շերրի Քուլվերը։ 

Սեմինարն իրականացվեց Հանրային լրագրության ակումբի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Սեմինարին մասնակցելու հնարավորություն ունեցան Երևանի և ՀՀ տարբեր մարզերի 25 ՆՈՒՀ դաստիարակներ, մեթոդիստներ, ինչպես նաև՝ դասախոսներ: 

Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը՝ հակիրճ ներկայացնելով «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում իրականացված քայլերը և գործողությունները, խոսեց ծրագրի հաջողությունների և առաջիկայում նախատեսված գործողությունների մասին: Սեդա Մուրադյանն իր խոսքում նշեց, որ ծրագրի հաջողությանը նպաստել են ինչպես իրազեկման ծավալուն գործողություններն, այնպես էլ համագործակցությունը ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, համայնքապետարանների և իհարկե ՆՈՒՀ մանկավարժական համայնքի ներկայացուցիչների հետ: 

Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ նաև՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Ամիրահ Իսմայիլը, ով իր խոսքում ընդգծեց, որ սա հիանալի համագործակցության հնարավորություն է՝ իրազեկելու և վերապատրաստելու ուսուցիչներին մեդիագրագիտության ուղղությամբ: 

Սեմինարի հեքիաթային մասն ապահովեցին «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հիմնադիրներ Անի Ամսեյանն ու Հակոբ Մազլումյանը։ Նրանք խոսեցին ծրագրի շրջանակում առաջիկայում բեմադրվող «Կըտ-կըտ ճուտիկ»-ը հեքիաթի մասին, պատմեցին այն բոլոր գրավիչ և հետաքրքիր ուղիների մասին, որոնք երեխաներին բարդ թեմաները կարող են մատուցել հեքիաթների աշխարհին հատուկ մոտեցումներով: 

Նշենք, որ Հանրային լրագրության ակումբը ձեռք է բերել ամերիկյան բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ», «Լինում է չի լինում առցանց» հեքիաթների բացառիկ հեղինակային իրավունքները և շուտով դրանք կհրատարակվեն հայերեն լեզվով: 

Սեմինարի ընթացքում ամերիկացի մեդիափորձագետ Շերրի Քուլվերը ներկայացրեց, որ մեդիագրագիտությունն ընդլայնված հասկացություն է, այն վերլուծելու, գնահատելու, ստեղծելու և գործելու կարողությունն է՝ օգտագործելով հաղորդակցության բոլոր ձևերը։

Մեր օրերում կարևոր է քննադատաբար մոտենալ այն բովանդակությանը, որին հանդիպում ենք մեդիատիրույթում և կարողանալ գիտակցված մոտեցում ցուցաբերել այնտեղ անցկացրած մեր ժամանակի նկատմամբ։ 

«Գրագիտությունը կարդալու և գրելու կարողությունն է, իսկ մեդիագրագիտությունը՝ մեդիան սպառելու և մեդիա բովանդակություն ստեղծելու կարողությունն է», – ասում է Շերրի Քուլվերը: 

Շերրի Քուլվերի պնդմամբ՝ մեդիան գրագետ սպառելու համար պարտադիր պայման են հետևյալ հինգ բանալի հարցերը՝

1․ Ո՞վ է ուղերձի հեղինակը

2․ Ո՞րն է ձևաչափը և ստեղծագործական ինչ գործիքներ են կիրառվել իմ ուշադրությունը գրավելու համար

3․ Ո՞րն է ուղերձի նպատակը

4․ Ո՞վ է լսարանը և ում համար է այն ստեղծված

5․ Ինչպիսի՞ն է բովանդակությունը

Երեխաները դեռ շատ փոքր տարիքից պետք է սկսեն կիրառել այս մոտեցումը և փորձեն գտնել այս հարցերի պատասխանները: 

Մասնակիցների կարծիքով սեմինարը փայլուն հնարավորություն էր մեդիագրագիտության դասավանդման արդիական եղանակների մասին խոսելու, դրանք սովորելու և իրենց դասավանդման պրակտիկայում կիրառելու համար:   

Մասնակիցներից մեկն ասում է՝ բարդ է փոքրիկների հետ խոսել նման թեմաների մասին, երբ չունես դասավանդման գործիքակազմ, նյութեր, ռեսուրսներ, սա շատ լավ հնարավորություն է այդ ամենը ձեռք բերելու և կիրառելու համար: 

Հիշեցնենք, որ ՀԼԱ «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում թարգմանվել և արդեն հասանելի են հետևյալ ուսումնամեթոդական ձեռնարկները՝ 

Առաջիկայում հասանելի կլինեն նաև «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ», «Լինում է չի լինում առցանց» հեքիաթները:

Ծրագրի շրջանակում Շերրի Քուլվերի առաջնորդությամբ իրականացված վեբինարների տեսագրություններ՝

 

 

 

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել է«Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն»  ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend