Նորություններ

Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում օգտագործվել են կասետային ռումբեր

Ադրբեջանը շարունակաբար օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում, հաղորդել է Human Rights Watch-ը այսօր: 2020թ․-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին կտրուկ սրվել են ռազմական գործողությունները ԱդրբեջանիՀայաստանի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների միջև: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի անդամ երկրների միջնորդությամբ ձեռք բերված մարդասիրական հրադադարի պահպանման երկու պայմանավորվածությունները չկարողացան դադարեցնել մարտերը: Ըստ բոլոր կողմերի իշխանությունների Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում տեղի ունեցած հարձակումների արդյունքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել կամ վիրավորվել:

«Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես խիտ բնակեցված տարածքներում, խոսում է քաղաքացիների անվտանգության անտեսման մասին», – ասել է Սթեֆն Գուսը՝ Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրենը և Կասետային զինամթերքի կոալիցիայի ղեկավարը: «Կասետային զինամթերքը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի որևէ մեկի կողմից, հատկապես քաղաքներում՝ խաղաղ բնակչությանը հասցվող կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ն ուսումնասիրում է՝ արդյոք հակամարտության բոլոր կողմերը հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքին, որը զինված ուժերից պահանջում է մշտապես տարբերակել կոմբատանտներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական օբյեկտները՝ քաղաքացիականներից: Որպես այդպիսին, արգելվում են անխտրական հարձակումները՝ ներառյալ հարձակումները, որոնք օգտագործում են այնպիսի մարտական մեթոդ կամ միջոց, որը հնարավոր չէ ուղղել դեպի որոշակի իրավաչափ ռազմական թիրախ: Human Rights Watch–ը բազմիցս է դիմել Ադրբեջանի կառավարությանը՝ տեղում հետաքննություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն թույլտվությունը դեռևս չի տրվել:

Human Rights Watch-ը ուսումնասիրել է հրթիռների, հարվածների և զինամթերքի մնացորդները, որոնք պայթել են, ինչպես նաև չպայթած զինամթերք, Ստեփանակերտի որոշ հատվածներում, Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոնում, որին Ադրբեջանում անվանում են Խանքենդի: Human Rights Watch-ը նաև ուսումնասիրել է հրթիռի, պայթյունի հետևանքների և զինամթերքի մնացորդների, ինչպես նաև չպայթած զինամթերքի լուսանկարները Հադրութ քաղաքում: Human Rights Watch-ը զրուցել է նաև հարձակումներին ականատես վեց մարդու հետ: Ադրբեջանի պաշտոնատար անձինք մեղադրել են հայկական կողմին այս հակամարտությունում կասետային զինամթերք օգտագործելու մեջ, սակայն Human Rights Watch-ը ինքնուրույն չի ստուգել այդ պնդումները:

Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch-ին հայտնել են, որ կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ ավելի, քան 200 մ հեռավորության վրա գտնվող բնակելի թաղամասում:

69-ամյա մի կին, ով գտնվում էր շենքի չորրորդ հարկի իր բնակարանում, հարևանությամբ այն տեղանքի, որտեղ Human Rights Watch-ը ուսումնասիրում էր M095 հրթիռների հարվածների բազմաթիվ բնորոշիչ հետևանքները, ասաց, որ շենքը սկսեց ցնցվել առավոտյան ժամը 7:15-ի սահմաններում. «երեխաները սկսեցին գոռալ և բոլորը խուճապահար էին, երբ ռումբերը սկսեցին ցած ընկնել: Բացեցինք պատուհանները և տեսանք, որ մեքենաներն այրվում են: Մենք տեսանք, որ նրանց մոտ կային փոքրիկ վարդագույն մասնիկներ, որոնց պատճառով նրանք այրվում էին, ուստի մենք վազեցինք դեպի նկուղ»:

Նա ասաց, որ մի շարք զինամթամթերքներ չեն պայթել, և որ հարևանները դրանք ծածկել են մանկական խաղահրապարակից բերված ավազով, մինչև հաջորդ օրը արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եկել, վնասազերծել են դրանք և հեռացրել: Նա ասաց, որ պայթյունների հետևանքով կոտրված ապակինները վիրավորել են հարեւանությամբ գտնվող մի շարք մարդկանց: Մեկ այլ բնակիչ Human Rights Watch-ին ասաց, որ վնասվել են տասնյակ մեքենաներ:

Հոկտեմբերի 12-ին Human Rights Watch-ը այցելել է այնտեղ և բացի զինամթերքի բնորոշիչ հետևանքներից, Human Rights Watch-ը նկատել է նաև մի քանի վնասված և այրված տրանսպորտային միջոցներ և մոտակա բնակարանների և բակում գտնվող խանութների բազմաթիվ կոտրված ապակիներ: Այնուամենայնիվ, տվյալ զինամթերքի կողմից տարածքին հասցված ճշգրիտ վնասը անհայտ է, քանի որ մոտավորապես նույն վայրում դրան անմիջապես հետևել է այլ հարձակում՝ այլ տեսակի զինամթերքով:

Առնվազն մեկ այլ LAR-160 կասետային հրթիռ արձակվել է նույն տարածքից գրեթե մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Human Rights Watch-ը դիտարկել է LAR-160 հրթիռի մնացորդները, M095 զինամթերքի հարվածների բնորոշիչ հետևանքները, վարդագույն կայունացման ժապավենների մնացորդները և զինամթերքի բեկորները: Բազմաթիվ շենքեր, մասնավոր բիզնեսի և շուկաների տարածքներ տարբեր աստիճանի վնասներ են կրել հարձակման արդյունքում:

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է Human Rights Watch-ի պաշտոնական կայքում։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend