Անհատական հոգեբանական խորհրդատվություն՝ մեդիա աշխատողներին
- February 4, 2021
- Category: Հայտարարություններ
Պատերազմ, հեղափոխություններ, բնական աղետներ, դժբախտ պատահարներ, ցույցեր և լրագրողական գործունեությունը խոչընդոտելու դեպքեր․ մեդիա աշխատողներն այս ամենին հետևող աչքերն ու լսող ականջներն են։
Տեսարանները, որոնց հետ նրանք աշխատում են, հաճախ ճնշող և ազդեցիկ են։
Աշխատանքի արագընթաց տեմպի ու անընդմեջ փոփոխվող տեղեկատվական հոսքի մեջ քանի՞ անգամ են նրանք հասցնում հարց տալ իրենք իրենց՝
- Ինչպե՞ս և ի՞նչ են զգում իրականում,
- Կա՞ արդյոք հարց, որ հուզում, անհանգստացնում կամ վախեցնում է իրենց,
- Ի՞նչ հետևանքներ է ունենում նման դեպքերի լուսաբանումը,
- Հավանական մտավոր վերքերը ֆիզիկականի նման տեսանելի ու շոշափելի՞ են։
Ողբերգությունների ու պատերազմների առաջնագծում լինելուց զատ, լրագրողներն ու մեդիա աշխատողները հարցազրույցներ են վարում զոհերի, անհետ կորածների, գերիների, ականատեսների ու տուժածների, նրանց հարազատների հետ։ Այդ նյութերը լուսանկարների, տեսանյութերի ու ձայնագրությունների միջոցով հավելյալ անգամ տեսնելն ու լսելը կարող են հիմնարար էմոցիոնալ ազդեցություն ունենալ։
Հանրային լրագրության ակումբը 2020թ․-ի դեկտեմբերի 1-ին մեկնարկած «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում համագործակցում է փորձառու խորհրդատու-հոգեբանների և հոգեթերապևտների հետ, որոնք պատրաստ են ստեղծել այն միջավայրը, որտեղ մեդիա աշխատողները կարող են ազատորեն խոսել իրենց հուզող հարցերի մասին և ստանալ պատասխաններ։
Մեդիա աշխատողները հնարավորություն ունեն դիմել փորձառու ու բարձրակարգ մասնագետների՝ անհատական խորհրդատվություն ստանալու՝ պարզապես զանգելով կամ գրելով նրանց։ Խորհրդատվությունն անվճար է, իսկ անձնական տվյալների գաղտնիությունը՝ երաշխավորված։
Ե՞րբ են մարդիկ անհատական խորհրդատվության դիմում և արդյոք դուք դրա կարիքն ունե՞ք։
Սովորաբար մարդիկ հոգեբանի են դիմում տարբեր իրավիճակներում, դա կարող է լինել վերապրած ճգնաժամի ակնհայտ ազդեցության հետևանքով, կամ ոչ շատ ակնհայտ խնդիրների դեպքում, երբ դուք չեք կարող անգամ մատնացույց անել՝ ինչն այն չէ։
Ամեն այցելու ու ամեն հանդիպում յուրահատուկ են, սակայն հանդիպումներն ունեն մի քանի ընդհանրություն։
Հոգեբանի հետ դուք ունենում եք՝
- Ապահովության զգացողություն,
- Գաղտնիության երաշխիք,
- Ոչ քննադատական (non-judgemental) միջավայր։
- Վայր, որտեղ կարող եք միասին բացահայտել ձեզ մտահոգող հարցերը։
Սթրեսի հետ միայնակ մի՛ մնացեք։
Մի՛ խուսափեք խոսել ձեզ հուզող հարցերի մասին։
Դիմե՛ք փորձառու և բարձրակարգ մասնագետների․ նրանք պատրաստ են լսել և օգնել ձեզ։
Ծրագիրն ընդգրկելու է 2020 թ․-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է «Հանուն ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամ»-ը (EED – European Endowment for Democracy) կազմակերպությունը։
Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։
Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898
Էլ-փոստի հասցեներ՝ [email protected], [email protected]