Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի նոյեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում բանավեճի մասնակիցնեի՝ լրագրող Բորիս Մուրազիի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջև սկսված սուր վիճաբանությունն ու փոխադարձ վիրավորանքները, այդ թվում՝ սեռական բնույթի արտահայտությունները, վերածվեցին ֆիզիկական բախման։ Հաղորդումը նկարահանվել էր նախապես՝ նոյեմբերի 13-ին, սակայն միջադեպի կադրերը եթեր հեռարձակվեցին առանց կամ ոչ բավարար մոնտաժի։ 

Այս միջադեպը մտահոգիչ ազդակ է մեր հանրային հաղորդակցության մշակույթի համար։

Քաղաքական հայացքների տարբերությունը, գաղափարական հակադրությունը և անգամ ամենասուր տարաձայնությունները, ժողովրդավարական հասարակության բնական բաղադրիչներն են։ Սակայն դրանք որևէ կերպ չեն կարող արդարացնել ագրեսիան, վիրավորանքը, սպառնալիքը կամ ֆիզիկական բռնությունը։ Մեր դիրքորոշումը միանշանակ է․ ֆիզիկական բռնությունն անընդունելի է հանրային բանավեճում՝ անկախ մասնակիցների քաղաքական պատկանելությունից, վեճի առարկայից կամ հանգամանքներից։

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կարևորելով առցանց տիրույթում ատելության խոսքի կանխարգելումը, մարդու արժանապատվության պաշտպանությունն ու պատասխանատու հաղորդակցության խթանումը, ընդգծում ենք, որ հանրային հարթակներում դրսևորվող ագրեսիվ վարքագիծը հեշտությամբ տեղափոխվում է նաև թվային միջավայր։

Նման միջադեպերը հաճախ դառնում են սոցիալական ցանցերում փոխադարձ վիրավորանքների, նվաստացումների, սպառնալիքների, բռնության արդարացման, իսկ երբեմն նաև ատելության խոսքի դրսևորումների առիթ։ Արդյունքում հանրային քննարկումը շեղվում է բուն խնդրից և վերածվում թշնամանքի ու անհանդուրժողականության տարածման հերթական հարթակի։

Կարևոր ենք համարում ընդգծել մի քանի սկզբունքային դիրքորոշում․

  • Խոսքի ազատությունը ենթադրում է պատասխանատվություն։ Այն իրավունք չի տալիս ոտնահարելու այլոց արժանապատվությունը կամ սպառնալու նրանց։ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածն ամրագրում է, որ «Մարդու արժանապատվությունն անխախտելի է», իսկ 42-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը ևս ընդգծում է, որ արտահայտվելու ազատության իրականացումը «կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ»։
  • Քաղաքական տարաձայնությունը բռնության արդարացում չէ։ Անհամաձայնությունը պետք է արտահայտվի փաստարկների, քննադատության և երկխոսության միջոցով։ Անընդունելի ենք համարում նաև բռնությունը հետագայում արդարացնելու կամ որպես «դաստիարակություն» ներկայացնելու փորձերը, ինչպես նաև բախմանը նախորդած վիրավորական արտահայտությունները։
  • Հանրային խոսքը մեծ ազդեցություն ունի։ Հայտնի անձինք, քաղաքական գործիչները և լրատվամիջոցները պետք է գիտակցեն, որ իրենց խոսքն ու վարքագիծն ուղղակիորեն ազդում են հասարակական մթնոլորտի վրա և օրինակ են ծառայում լայն լսարանի, այդ թվում՝ երիտասարդների համար։
  • Հանրային հեռարձակողն օրենքով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով արգելվում են այն հաղորդումները, «որոնց մասնակիցները Հեռարձակողին նախապես հայտնի՝ կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի պատճառով հաղորդման բնույթով պայմանավորված՝ եթերում կարող են կատարել օրենքներով արգելված գործողություններ»։ Քաղաքական բանավեճերի ձևաչափերը պետք է ներառեն մասնակիցների վարքագծի հստակ կանոններ, վարողները՝ կարողանան ժամանակին կանխել լարվածության սրացումը, իսկ նախապես ձայնագրված հաղորդումների դեպքում բռնության տեսարաններ հեռարձակելու որոշումը պետք է կայացվի խմբագրական պատասխանատվությամբ՝ բացառելով բռնության նորմալացումը և հաշվի առնելով լսարանի, այդ թվում՝ անչափահասների վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային հեռարձակողները «ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով»։ Նույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն»։
  • Առցանց միջավայրը չպետք է դառնա ատելության տարածման հարթակ։ Բռնության տեսարանների տարածումը՝ նվաստացնող մեկնաբանություններով, սպառնալիքներով կամ նման վարքագծի խրախուսմամբ կարող է ավելի խորացնել անհանդուրժողականությունը։

Ակնկալում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը կներկայացնի միջադեպի և այն առանց խմբագրման հեռարձակելու որոշման վերաբերյալ իր գնահատականը, ինչպես նաև նման դեպքերի կրկնությունը կանխելու և այսուհետ բացառելու համար նախատեսվող քայլերը։ Կարևորում ենք նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձագանքը և ակնկալում ենք, որ միջադեպը կստանա համարժեք մասնագիտական գնահատական։

Հաշվի առնելով հանրային խոսույթի և թվային միջավայրի վրա նման միջադեպերի հնարավոր ազդեցությունը՝ կոչ ենք անում քաղաքական և հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին դրսևորել պատասխանատու վարքագիծ։

Հանրային հաղորդակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, փաստարկված քննադատության և մարդու արժանապատվության պահպանման սկզբունքների վրա։ Միաժամանակ անհրաժեշտ է բացառել բռնության արդարացումը, ատելության և թշնամանքի հրահրումը, ինչպես նաև վիրավորական ու սպառնալիք պարունակող բովանդակության տարածումը։

Անհանդուրժողականությանն ու ատելության խոսքին հակազդելը միայն առանձին անձանց պատասխանատվությունը չէ, այլև հանրային հաղորդակցության բոլոր մասնակիցների ընդհանուր պարտավորությունը։ Տարակարծիք լինելը ժողովրդավարական իրավունք է, իսկ ընդդիմախոսի արժանապատվությունը հարգելը՝ հանրային պատասխանատվություն։

Հայտարարությունը բաց է միանալու համար

Կիսվել :