Հայտարարություններ

Հետազոտություն իրականացնելու մրցույթ

Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն

Վերջնաժամկետը՝ ս.թ. հոկտեմբերի 15-ը, ժամը 18:00

 

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունն «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում հայտարարում է ՀՀ նախադպրոցական կրթական ծրագրեր մեթոդական ուղեցույցների, ինչպես նաև  չափորոշիչների ուսումնասիրություն անցկացնելու համարմրցույթ:

Ուսումնասիրության նպատակն է վեր հանել մեդիագրագիտության մատուցման և քննադատական մտածողություն զարգացնելու բացերն ու հնարավորությունները ՀՀ նախադպրոցական կրթական ծրագրերում, չափորոշիչներում, 4-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված ուսումնական և մեթոդական ուղեցույցներում և ներկայացնել նախադպրոցական կրթական ծրագրերում մեդիագրագիտությանը և քննադատական մտածողության զարգացմանը նպաստող առաջարկներ։

 

Ով կարող է դիմել

Մրցույթին կարող են դիմել անկախ հետազոտողներ, բուհերի դասախոսներ, հետազոտություն իրականացնող կազմակերպություններ, մեդիագրագիտության, թվային անվտանգության և կրթության ոլորտի փորձագետ/հետազոտողներ, վերլուծաբաններ և խորհրդատուներ, անհատ ձեռներեցներ: Բարձրագույն կրթությունը և հետազոտություն իրականացնելու փորձը պարտադիր է: Հայտերն ընդունվում են անհատների (հեղինակ) կամ անհատների խմբերի (երկու կամ ավելի համահեղինակներ) կողմից:

 

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների հայտադիմումը՝ ներառյալ հետեւյալը:

  • Խնդրի նկարագրություն
  • Հետազոտության մեթոդաբանություն
  • Ակնկալվող արդյունքներ

 

Ակնկալվող արդյունքներ

Հետազոտողից ակնկալվում է ուսումնասիրել ՀՀ նախադպրոցական կրթական հիմնական 4-ից 6 տարեկան տարիքային խմբերի համար նախատեսված  ծրագրերը, չափորոշիչները, 4-ից 6 տարեկան երեխաների համար առկա ուսումնական և մեթոդական ուղեցույցները, ինչպես նաև հարցազրույցներ անցկացնել Երևանի և մարզերի առնվազն 30 կրթության և մեդիա փորձագետների, պետական մանկապարտեզների տնօրենների և այդ մանկապարտեզներում ուսումնական պրոցեսն իրականացնող ուսուցիչների հետ, ինչպես նաև, կատարել խնդրի/իրավիճակի նկարագրություն և վերլուծություն, տալ եզրակացություններ և առաջարկություններ, մասնավորապես քաղաքականությունների ու չափորոշիչների մշակման համար։ Հետազոտությունը նախընտրելի է, որ ներառի նաև նախադպրոցական կրթական համակարգում մեդիագրագիտության ու քննադատական մտածողության զարգացմանն ուղղված կրթական ռազմավարության միջազգային հաջողված փորձի համառոտ նկարագրություն և  համապատասխան հղումներ ընտրված օրինակներին։ Ակնկալվում է, որ հետազոտողը կամ հետազոտական խումբը ժամանակ են հատկացնելու աշխատանքային հանդիպումների և ֆոկուս խմբային քննարկումների, ինչպես նաև հետազոտության արդյունքների շահերի պաշտպանության համար: Հետազոտողը  պետք է տրամադրի ուսումնասիրության և ֆոկուս խմբային քննարկումների վերլուծության արդյունքների հիման վրա հետազոտություն: Հետազոտության արդյունքները նախատեսվում է հրապարակել և տարածել ՀԼԱ- ի կողմից:

 

Բյուջե

Հետազոտության բյուջեն չպետք է գերազանցի 1 023 000 ՀՀ դրամը /հարկերը ներառյալ/։

 

Ժամկետ

Հետազոտությունն ակնկալվում է ավարտին հասցնել առավելագույնը երեք ամսվա ընթացքում։

 

Լեզու

Հետազոտության լեզուն հայերեն է։

 

Հայտերի ներկայացման ընթացակարգ

Հետաքրքրության դեպքում պետք է ներկայացնել լրացված հայտը և ռեզյումեն (պարտադիր), ինչպես նաև նախկինում իրականացրած հետազոտության նմուշ կամ հղում։ Հայտերը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Հետազոտություն իրականացնելու մրցույթի հայտ»: Հայտը ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում դիմորդները կստանան հաստատող նամակ հայտի ստացման վերաբերյալ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ հոկտեմբերի 15-ը, ժամը 18:00-ը:

 

Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ նամակ գրել այս հասցեներին.

[email protected], [email protected]։

 

Նամակը չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Հարցազրույցի կհրավիրվեն միայն կարճ ցուցակ անցած դիմորդները։ Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվում:

 

«Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտությանուղղությամբ միջամտություն» ծրագիրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ դեսպանատան տեսակետների հետ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացմանը նախադպրոցական կրթական ոլորտում փոփոխություններ առաջարկելու միջոցով, և ինտեգրել այս հասկացությունները կրթական ռազմավարության և ուսումնական ծրագրերի մեջ՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին:

Ծրագրի ուշադրության կենտրոնում են վաղ տարիքային և նախադպրոցական կրթական ծրագրերը։

Ծրագիրը կնպաստի նաև ուսուցիչների և ծնողների հմտությունների զարգացմանը` նրանց հնարավորություն տալով նոր ու իրազեկված մոտեցումներ  ցուցաբերել ապատեղեկատվությանը և կեղծ լուրերին առնչվող բարդ մարտահրավերներին:

_________________________

«Հանրային Լրագրության Ակումբ» ՀԿ-ի առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին:

ՀԼԱ տեսլականը ժողովրդավար, խաղաղ, բարեկեցիկ եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կրթված եւ մրցունակ հասարակությամբ Հայաստանն է, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու մեդիան իրականացնում են իրական վերահսկողություն, իսկ պետական կառույցները՝ իրական թափանցիկ գործունեություն ու հաշվետվություն:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend