Մարզային ՔՀԿ-ների՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի երկրորդ փուլ
- March 22, 2022
- Category: Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի երկրորդ փուլի հայտադիմումների ընդունելություն։
Ո՞վքեր կարող են մասնակցել այս դասընթացին․
- Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ մարզերում գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպություններ։
- Խրախուսվում է ՔՀԿ հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչների անունից դիմումների ներկայացումը։
- Անհատները, կամավորները և կազմակերպություններում ոչ ինստիտուցիոնալ ներգրավվածություն ունեցող ներկայացուցիչները (կարճաժամկետ) չեն կարող մասնակցել այս դասընթացին։
Ինչպե՞ս մասնակցել դասընթացին․
Կարողությունների զարգացման դասընթացին մասնակցելու համար հարկավոր է՝
- Լրացնել առցանց ձևաթուղթը,
- [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմորդի ինքնակենսագրականը (նամակի թեմա դաշտում պարտադիր է նշելը՝ «Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության – կազմակերպության անվանումը»):
Որո՞նք են ընտրության չափորոշիչները․
Դասընթացի համար ստացված հայտերը դիտարկվելու են անկախ հանձնաժողովի կողմից` հետևյալ չափորոշիչներին համապատասխան՝
- Դիմորդ կազմակերպության առնչությունը տեղեկատվական գործընթացներին։
- Որքանո՞վ է կազմակերպության համար կարևոր այս ուղղությամբ կարողությունների զարգացումը։
- Ինչպե՞ս է դիմորդ կազմակերպությունն օգտագործելու իր ստացած գիտելիքներն ու կարողությունները կազմակերպության գործունեությունում։
- Դիմորդի ինքնակենսագրականը։
Դասընթացի հայտարարության ժամկետները․
- Դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ 2022թ․ ապրիլի 6
- Դասընթացի դիմորդների դիտարկման վերջնաժամկետը՝ 2022թ․ ապրիլի 8
- Դիմորդներին արդյունքների ծանուցման վերջնաժամկետը՝ 2022թ․ ապրիլի 11
- Դասընթացի անցկացման ժամկետները՝ 2022թ․ ապրիլի 14-15
ՀԼԱ-ն ապահովում է ընտրված դիմորդների ճանապարհածախսի, կեցության, սննդի ծախսերը։
Թերի, ոչ հայատառ լրացված հայտի և/կամ ոչ ամբողջական ներկայացված փաստաթղթերի դեպքում դիմորդի հայտը չի դիտարկվելու մրցույթում։
Հարցերի համար կարող եք գրել ՀԼԱ հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանին ՝ [email protected] էլ․ փոստի հասցեի միջոցով։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀԼԱ կայքում։
————————
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) երկար տարիներ աշխատում է ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում և իրականացրել է տեղական ու միջազգային բազմաթիվ նախագծեր՝ հասարակության (երիտասարդներ, մեծահասակներ, նախակրթական հաստատություններ, ՔՀԿ-ներ և այլն) շրջանում մեդիագրագիտության, քննադատական մտածողության և փաստերի ստուգման ու տեղեկությունների ճշգրտման ուղղությամբ կարողությունների զարգացման համար։
Մեր օրերում ապատեղեկատվության նույնականացումը գնալով բարդանում է, ի հայտ են գալիս նոր հարթակներ, ստեղծվում են նոր գործիքներ, օրեցօր զարգանում են տեխնոլոգիաները, որոնք որքանով խթանում են տեղեկատվության շրջանառմանը, նույն չափով նաև պարարտ հող են ստեղծում մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման համար։ Շատ հաճախ կեղծ լուրերի թիրախում են հայտնվում ՔՀԿ-ներ, որոնք գործունեություն են իրականացնում համայնքային զարգացման, մարդու իրավունքների, ժողովրդավարության և բազմաթիվ այլ ոլորտներում։
Հասարակության տարբեր խմբերի մոտ կեղծ լուրերի նույնականացումը բարդ գործընթաց է, որին մշտապես աջակցում է ՀԼԱ-ն։ Այս անգամ ՀԼԱ-ն կազմակերպում է կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար։
«ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպաատան աջակցությամբ, ՀԼԱ-ն հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի առաջին փուլի հայտադիմումների ընդունելություն։
Այս նախագիծը նաև կստեղծի ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ վերապատրաստված ՔՀԿ-ների ցանց, որոնց հետ հնարավոր է հետագա համագործակցություն այլ նախագծերի շրջանակներում։
* Այս միջոցառումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ իրականացվող «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
#PowerUp #FightFake #DetectManipulation #PowerUpCSOs