Ստուգված նյութեր

Միգրացիա. միֆ, թե իրականություն

Միգրացիայի վերաբերյալ տվյալները միշտ կասկածի տակ են դրվում: Հայաստանի վիճակագրական կոմիտեն միգրացիայի ցուցանիշը հաշվում է ներկայացուցչական հարցման հիման վրա: Փորձագետները, իրենց հերթին, կասկածի տակ են դնում Վիճկոմի տվյալների ճշգրտությունը՝ առաջարկելով հիմք ընդունել սահմանային հատումները, որոնք, նրանց կարծիքով, թույլ են տալիս միանշանակ պնդել՝ քանի քաղաքացի մուտք գործեց ու դուրս եկավ երկրից: Մենք որոշել ենք պարզել, թե ցուցանիշներից յուրաքանչյուրի տակ ինչ է ընկած:

Հունվարի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավելի քան տաս տարվա ընթացքում առաջին անգամ սահմանային հատումների դրական ցուցանիշ է արձանագրվել: «2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ինֆոգրաֆիկա № 1

Հայաստանի Վիճակագրական կոմիտեն, իր հերթին, միգրացիայի բացասական սալդո է արձանագրել: Վիճկոմի տարեկան հաշվետվության համաձայն՝ 2018 թվականին երկրից արտագաղթել է 18.5 հազար մարդ: Բնական աճը հաշվի առնելով (ծնունդների ու մահերի հարաբերակցությունը – հեղինակի նշում) , որը կոմիտեի տվյալներով կազմել է 10.9 հազար մարդ, 2019 թվականի հունվարի 1-ին մշտական բնակչության թիվը նվազել է 7.6 հազարով նախորդ տարվա տվյալների համեմատ, նշված է Վիճկոմի հրապարակման մեջ:

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ, 2018 թվականին սահմանային հատումների ցուցանիշը նվազել է մինչև 15313: Ընդ որում, հայկական անձնագրերով ժամանումների ու մեկնումների տարբերությունը 2018 թվականին կազմել է մինուս 4588: 2017 թվականին այդ ցուցանիշը գերազանցել էր 36 հազարը:

Անկախության նվաճումից հետո միգրացիոն հոսքի ֆոնին սահմանային հատումների դրական դինամիկա առաջին անգամ արձանագրվել է 2004 թվականին: Այն կազմել է մոտ 2.1 հազար: Դրական դինամիկան պահպանվել է հաջորդ երկու տարիներին՝ 2005 և 2006 թվականներին, և կազմել է համապատասխանաբար 12.5 հազար և 21.8 հազար:

Ինֆոգրաֆիկա № 2

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության ու բնակչության մարդահամարի բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանի կարծիքով սահմանային հատումների տվյալները չեն արտացոլում միգրացիայի ցուցանիշները:

«Սահմանային հսկողության էլեկտրոնային համակարգն արձանագրում է հսկիչ անցագրային կետերով տեղաշարժի ծավալը: Օրինակ, ավելի քան 26 հազար մարդ հատել է սահմանը տաս և ավելի անգամ: Եթե նույնականացնենք ինքնությունը, ապա երկիր է մտել մոտ վեց հազար մարդ: Բացի այդ, հատումների տվյալները չեն արտացոլում, թե ինչ ժամկետով են մտել ու դուրս եկել երկրից», – հայտարարել է նա:

Միգրացիայի ցուցանիշը, ըստ միջազգային նորմերի, հաշվարկվում է վարչական հաշվարկների հիման վրա: Բայց Հայաստանի անկախության նվաճումից հետո բնակչության շրջանում քաոսային տեղաշարժերի պատճառով մշտական բնակչության թվաքանակի տվյալներում լուրջ շեղումներ կան:

Մասնավորապես, 2001 թվականի մարդահամարից հետո շեղումը կազմել է ավելի քան 600 հազար մարդ: 2011 թվականի մարդահամարը 260 հազարից ավելի շեղում է ցույց տվել: Վիճկոմը յուրաքանաչյուր մարդահամարից հետո հետին թվով հաշվել է մշտական բնակչության թվաքանակը, ինչպես նաև միգրացիայի տվյալները: Հերթական մարդահամարը նախատեսված է 2020 թվականին:

2013 թվականից Վիճակագրական կոմիտեն գնահատող հետազոտություններ է անցկացնում, որոնց արդյունքներն օգտագործում են մշտական բնակչության թվաքանակի հաշվարկներում: Մասնավորապես, Վիճկոմը ներկայացուցչական հիմքով հարցում է անում, որոնց արդյունքները երևակվում են մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշի վրա և նոր տվյալներ են ստացվում: Հետազոտության ժամանակ հարցվողներին հարցնում են, մասնավորապես, արդյոք նրանց ընտանիքում արտագաղթածներ կան:

Միգրանտ է համարվում նա, ով ավելի քանի մեկ տարի բացակայում է երկրից, մյուս կատեգորիաները, այդ թվում՝ աշխատանքային միգրանտները, հաշվի չեն առնվում բնակչության թվաքանակի հաշվարկի ժամանակ, բացատրել է Կարինե Կույումջյանը:

Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արտակ Մարկոսյանը համաձայն է Վիճկոմի ներկայացուցչի կարծիքին: Նրա խոսքով, կա մեթոդաբանական խնդիր, որը թույլ չի տալիս օգտագործել այդ տվյալները Հայաստանի մշտական բնակչության հաշվարկի ժամանակ:

«Մասնավորապես, մարդիկ կարող են երկիր մտնել ամանօրյա տոներին, դեկտեմբերին վերջին և դուրս գալ հունվարի սկզբին: Եթե ուսումնասիրենք այցի նպատակը, կհասկանանք, որ սխալ է դա համարել միգրացիայի ցուցանիշ: Չհաշված, որ մի մարդը կարող է մի քանի անգամ հատել սահմանը», – կարծում է նա:

Հայկական անձնագրերով ժամանում/մեկնումների բացասական սալդոն վկայում է բնակչության թվաքանակի նվազման մասին, ավելացրել է ժողովրդագրագետը:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը, ընդհակառակը, ճիշտ է համարում միգրացիայի հաշվարկը սահմանային հատումների հիման վրա: Նրա խոսքով, Վիճկոմի տվյալները չեն արտացոլում բնակչության թվաքանակի իրական պատկերը:

«ՄԱԿ-ի խորհրդատվություններում նշվում է, որ սահմանային հատումները կարելի է օգտագործել միգրացիայի ցուցանիշների հաշվարկի համար, եթե այլ հնարավորություններ չկան: Վիճկոմի հետազոտություններում կա համակարգային սխալ: Օրինակ, եթե ամբողջ ընտանիքն է գնացել, այդ փաստը չի հաջողվի արձանագրել: Բացի այդ, ±3% շեղման պատճառով 95% հավանականությամբ թվերը կարող են շատ ուժեղ տատանվել», – ընդգծել է նա:

Բնական աճը հաշվի առնելով կարելի է ասել, որ Հայաստանի առկա բնակչությունն ավելացել է գրեթե 1%-ով, ասել է փորձագետը:

Նրա կարծիքով, 2018 թվականին միգրացիայի ցուցանիշը դրական էր: Սահմանային հատումների տվյալների, որը հնչեցրել է վարչապետը եւ 2019 թվականի հունվարի 1-ի տվյալների տարբերությունը նա բացատրել է ամանորյա տոներով:

Հրանտ Միքայելյանը կասկածում է, որ հայկական անձնագրերով սահմանային հատումների բացասական ցուցանիշը կարելի է միգրացիա համարել: «4588 հատումների բացարձակ մեծամասնությունը զբոսաշրջային ուղևորություններն են Վրաստան Նոր տարուն», – ենթադրում է փորձագետը:

Սահմանային հատումների տվյալների ու բնական աճի ցուցանիշի հիման վրա նա հաշվել է առկա բնակչության թվաքանակը, քանի որ մշտական բնակչության թվաքանակը հաշվելը, նրա խոսքով, անհնար է:

Ինֆոգրաֆիկա № 3

«Սահմանային հատումները 100%-ով հաշվում են բոլորին, ովքեր մտնում կամ դուրս են գալիս: Վիճկոմի տվյալներով մարդը հաշվառվում է մշտական բնակչության թվաքանակի հաշվարկի ժամանակ, բայց նա չի ապրում երկրում: 1992 թվականին միգրացիայի պաշտոնական ցուցանիշը մինուս 19 հազար էր, մինչդեռ սահմանային հատուների ցուցանիշը մինուս 240 հազար էր», – բացատրեց Հրանտ Միքայելյանը:

Տեսականորեն, ինչպես նշեց փորձագետը, բնակչության մարդահամարների տարբերությունը կարելի է միգրացիայի ցուցանիշ համարել, եթե երկու մարդահամարն էլ միեւնույն ճշգրտությամբ են իրականացվել, ինչպես նաեւ հաշվի առնելով բնական աճը:

Միգրացիայի հստակ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է հետեւողական հաշվարկ անել նույն մեթոդաբանությամբ, ասել է Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:

Նա վարչական հաշվարկի համակարգի կողմնակից է, սակայն, քանի որ այն գործուն չէ, հաշվի առնելով մարդկային գործոնը, նրա խոսքով, հետևողական մեթոդաբանություն է մնում միգրացիայի հաշվարկը մուտքերի և ելքերի հիման վրա:

«Այս պահին այդ հաշվարկին այլընտրանք չկա, բայց այս հաշվարկը թույլ է տալիս թեկուզ ոչ մանրակրկիտ, բայց ծանոթանալ ընդհանուր պատկերին: Միգուցե ապագայում գործուն մեխանիզմ մշակվի, որպեսզի քաղաքացիները երկրից երկար ժամանակով հեռանալու մասին տեղեկացնեն: Օրինակ, Դանիայում տուգանում են, եթե քաղաքացին չի պահպանում այդ կանոնը», – ընդգծել է Արմեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ անցած տարի գրանցվել է դրական միգրացիոն ֆոն:

Սահմանային հատումների թվով առաջատարը Ռուսաստանն է: Այդ երկրի քաղաքացիներին բաժին է հասել 15313 սահմանահատումներից 10750-ը: Երկրորդ տեղում Հնդկաստանի քաղաքացիներն են 3723 հատումներով, իսկ եռյակը եզրափակում է Վրաստանը՝ հայկական սահմանի 2464 հատումով:

Ինֆոգրաֆիկա № 4

Ելնելով պաշտոնական տվյալներից՝ կարելի է եզրակացնել, որ պետական սահմանի հատումների դրական սալդոյում որոշակի դեր են խաղացել Հնդկաստանից միգրանտները: Միգրացիոն ծառայության տվյալներով, Հնդկաստանից միգրանտների թիվը կազմում է 3600: 1882 հնդիկ ժամանակավոր կեցության իրավունք է ստացել, որից 1047-ը ուսանողներ են, իսկ 783 հոգի աշխատելու իրավունք են ստացել: Հնդկաստանի ևս 25 քաղաքացի մշտական բնակության իրավունք են ստացել: 2018 թվականին ընդհանուր կեցության իրավունք է ստացել 7145 մարդ, որից 5435-ը՝ ժամանակավոր, 1710-ը՝ մշտական:

Արմեն Ղազարյանը միգրացիայի դրական դինամիկայի կարևոր ցուցանիշ է համարում եվրոպական երկրներում ապաստան հայցող հայերի թվի նվազումը: Նրա խոսքով, 2018 թվականի առաջին եռամսյակում դիմումների թիվը կազմել է 3775, մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 5125:

«Սա էական տարբերություն է: Դրա պատճառը Եվրոպայի միգրացիոն քաղաքականության խստացումն է: Բացի այդ, Հայաստանում ձեւավորվել է ձգողական գործոն՝ կապված «թավշյա» հեղափոխության հետ», – բացատրել է նա:

Արմեն Ղազարյանը որպես միգրացիայի տվյալների հաշվարկի տարբերակ նշել է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը, որի առկայության դեպքում երկար ժամանակով հեռացող քաղաքացին կսառեցնի վճարումները:

«Ամբողջ հարցն այն է, թե ով է վճարելու ապահովագրությունը: Եթե պետությունը, ապա այդ վիճակագրությունը կարելի է ստանալ: Բայց եթե մասնավորը, ապա հարց է, արդյոք նրանք կհամաձայնվեն տեղեկություններ տրամադրել: Չէ՞ որ, ըստ էության, դա մրցակցային շուկա է լինելու, եւ ոչ բոլոր ընկերությունները կցանկանան բացահայտել իրենց հաճախորդների տվյալները», – նշել է Միգրացիոն ծառայության ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, քաղաքացիներին չծանրաբեռնելու համար կարելի է առաջարկել սահմանը հատելիս ձևանմուշ լրացնել, մասնավորապես, այցի նպատակների մասին:

«Բայց այդ դեպքում էլ հարցեր են ծագում միջազգային պարտավորությունների մասով, որքան ժամանակ իրավունք ունենք մարդուն սահմանին սպասեցնել՝ չծանրաբեռնելով նրան: Կարեւոր է նրա իրավունքները չխախտելը», – եզրափակել է Արմեն Ղազարյանը:

Եզրակացություն

Ուսումնասիրելով ցուցանիշները՝ եկել ենք եզրակացության, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դրական դինամիկայի վերաբերյալ համապատախանում է իրականությանը: Այդուհանդերձ, միգրացիայի աճի նվազման մասին միանշանակ պնդելու համար անհրաժեշտ է փորձագիտական հանրության միասնական կարծիք: Բնակչության թվաքանակի հաշվարկի մեթոդաբանության եւ որպես հետեւանք՝ սահմանին մուտք/ելքի հաշվառմամբ միգրացիայի ցուցանիշի վերանայումը կարող է հիմք դառնալ միգրացիայի պես ցավոտ թեմայի վերաբերյալ ավելի ճշգրիտ տվյալների ստացման համար: Միևնույն ժամանակ, միգրացիայի տվյալների իրական արտացոլումը թույլ կտա մեխանիզմներ մշակել ինչպես դրա տեմպերի նվազման, այնպես էլ միգրացիոն կլիմայի բարելավման գործիքների ներդրման համար:

Տիգրան Պետրոսյան

Նյութը պատրաստվել է «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի աջակցությամբ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend