Նորություններ

«Իրավունք»․ նոր խաղ՝ կրթաժամանցի համար

Հետաքրքիր ժամանց՝ գումարած նոր գիտելիքներ․ Հանրային լրագրության ակումբը և Ժողովրդավարության զարգացմանը հիմնադրամը ներկայացնում են նոր արտադրանք՝ «Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղ։ Խաղի մշակումն իրականացվել է «Դը Գեյմ» ընկերության հետ։

Խաղը նախատեսված է ինչպես ապագա իրավաբանների, այնպես էլ իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների, մանկավարժների ու իրավական ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների համար։

«Բարդ թեմաները թեթև ու խաղաֆիկացված ձևաչափերով ներկայացնելու կարիք կա», -նշում է Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը՝ հավելելով, որ խաղի միջոցով ստացած տեղեկությունն ու գիտելիքը ավելի լավ է հիշվում․

«Մենք համոզված ենք, որ այս խաղը կդառնա նույնքան պահանջված, որքան մեր «Մեդիագիտակը»»։

«Իր ինտերակտիվ ձևաչափով խաղն օգնում է ուսումնասիրել բարդ իրավական հայեցակարգեր և իրավիճակներ, ինչն էլ կխթանի արդարադատության մասին հետաքրքիր զրույցներ։ Արդարադատության ոլորտի բարեփոխումը ներառում է ավելին, քան համակարգի փոփոխությունները. այն նաև հանրային ընկալումների ձևավորումն է այն մասին, թե ինչ է արդարադատությունը: Խաղը կօգնի ձևավորել այդ ընկալումները և հանրությանը մասնակից կդարձնի բարեփոխման օրակարգին»,- ասում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։

«Իրավունք» խաղը կարելի է խաղալ թե՛ անհատական, թե՛ թիմային։ Այն բաղկացած է վեց բաժնից, որում ներկայացված են հետևյալ թեմաները՝ մարդու իրավունքներ, դատաիրավական համակարգ, օրենսդիր և գործադիր մարմիններ, ժողովրդավարական մոտեցումներ, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների տեղական և միջազգային մարմիններ ու կառույցներ։ Բացի այս, խաղում ներկայացված են դատավարական իրավիճակներ, որոնց ճիշտ վճիռները խաղացողները պետք է կռահեն։

«Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղը ստեղծվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Ծրագիրը ներառում է նաև գործողություններ, որոնք ուղղված են նշված խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության հաղորդակցության կարողությունների բարելավմանը։

Ի դեպ, «Իրավունք» սեղանի խաղը Հանրային լրագրության ակումբի միակ արտադրանքը չէ։ Մենք թողարկել ենք նաև մեծահասակների մեդիագրագիտությունը խթանող՝ «Մեդիագիտակ» խաղը։

Եթե Դուք ցանկանում եք ձեռք բերել խաղը, ապա կարող եք մասնակցել մայիսի 3-ին, ժամը 17։00-19։00-ին Երևանի «Իբիս» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1) կայանալիք շնորհանդեսին՝ լրացնելով սույն ձևաթուղթը։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend