Նորություններ

Ավելի անվտանգ առցանց միջավայր նախադպրոցականների համար

«Մեդիագրագիտությունը ոչ միայն կարևոր է, այլև՝ կենսական։ Հենց դրա առկայությունն է ցույց տալու՝ երեխաներն են օգտագործվում իբրև մեդիայի գործիք, թե իրենք օգտագործում մեդիան՝ որպես գործիք»։
                                                                                      – Լինդա Էլլերբի, ամերիկացի լրագրող

Կորոնավիրուսային համավարակը պատճառ դարձավ, որ երեխաներն ավելի շատ ժամանակ անցկացնեն էկրանների առջև՝ այն էլ միայնակ՝ հաճախ հանդիպելով բովանդակության, որից «գլուխ չեն հանում» և, որը նախատեսված չէ իրենց համար։ Նման պայմաններում մեդիագրագիտությունն՝ իբրև կենսական գիտելիք ու հմտություն՝ դարձավ անհրաժեշտություն։

Հանրային լրագրության ակումբը 2020թ․-ի սեպտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեկնարկել էր «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրը, որը միտված էր քննադատական մտածողության և մեդիագրագիտության զարգացմանը՝ նախադպրոցական հաստատություններում դաստիարակների վերապատրաստումների, օգտակար գրականության հրատարակման և տարատեսակ դասընթացների կազմակերպման միջոցով։

Ծրագրի մեկնարկը տրվել է «Մեդիագրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» հետազոտությամբ, որն իրականացվել է 2020-21թթ․-ին դեկտեմբերի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Հետազոտությունը ներառում է միջազգային փորձի (Ֆինլանդիա, Դանիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ), ինչպես նաև ՀՀ-ում իրավիճակի ուսումնասիրություն և անհրաժեշտ փոփոխությունների փաթեթ։

Հետազոտության հրապարակմանը հաջորդել է դրա արդյունքների և նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչների վերաբերյալ հանրային քննարկումը, որին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, երևանի քաղաքապետարանի կրթության վարչության առաջատար մասնագետներ, Մանկավարժական համալսարանի դասախոսներ, Երևանի պետական մանկապարտեզների դաստիարակներ և մեթոդիստներ։

«Նոր չափորոշիչներում մեդիագրագիտությանն առնչվող առաջարկները հաշվի են առնված: Ամեն ինչ սկսվում է կրթությունից, դեռևս մանկապարտեզից, սակայն համակարգված քննարկում, հետևողական քաղաքականություն այս ոլորտում հաճախ չենք տեսնում: Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխություն եղել է: Նշեմ, որ սկզբունքային փոփոխություններ են: Նախ՝ հաշվի են առնվել հանրակրթության ոլորտում չափորոշիչների փոփոխությունը: Համաչափությունն ենք փորձել ապահովել, որպեսզի տարրական կրթությունից՝ հանրակրթություն, անցումը լինի հնարավորինս հարթ: Այստեղ առանցքային կարողունակության մեջ թվային մեդիագրագիտությունը ևս տեղ է գտել»։
                                                                                                                         – Ժաննա Անդրեասյան

Սերտորեն համագործակցելով նաև Ֆինլանդիայի Աուդիովիզուալ ազգային ինստիտուտի (KAVI) ավագ խորհրդականներ Լաուրի Պալսայի և Սաարա Սալոմաայի հետ, 2020թ․-ի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Համակարգային մեդիագրագիտությունը մասնակցային քաղաքականության մշակման միջոցով․ Ֆինլանդիայի փորձի փոխանակում» թեմայով առաջին վեբինարը։

«Ժամանակակից աշխարհում դժվար թե գտնվի մի ոլորտ, որը կապ չունի մեդիայի հետ։ Ամեն բան սկսվում է մեդիայի՝ մարդկանց մասնագիտական, անձնական ու հասարակական կյանքում ունեցած դերը հասկանալուց։ Մեդիան մեզ բազմաթիվ հնարավորություններ է տալիս»։
                                                                                                                                   -Լաուրի Պալսա

Լաուրի Պալսայի և Սաարա Սալոմաայի մասնակցությամբ երկրորդ վեբինարը տեղի ունեցավ 2021թ․-ի հունվարի 22-ին։ Թեման՝ «Ուսումնասիրում ենք ֆիննական մեդիա կրթության առանձնահատկություններն ու լավագույն փորձը»։

Վեբինարների մասնակիցների թիվն անցնում է 4 տասնյակը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերներից յուրաքանչյուրը դիտել է ավելի քան 1700 օգտատեր։

Վեբինարների հաջորդ շարքի բանախոսը ամերիկացի մեդիափորձագետ Շերրի Քուլվերն էր, ով ղեկավարում է ԱՄՆ Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնը։ Քուլվերի դասավանդման և խորհրդատվության հիմնական ուղղություններն են մեդիագրագիտությունն ու մեդիա ինստիտուտները, մասնավորապես՝ երեխաների համար նախատեսված մեդիա բովանդակությունը։

5 վեբինարների թեմաներն էին՝

1․«Առաջ մղելով մեդիագրագիտությունը․ ԱՄՆ փորձի փոխանակում»
(հունվար 29, 1100-ից ավելի դիտում)
2․«Մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության սահմանումները, դրանց տարբերությունները, մեդիագրագիտության և քննադատական մտածողության կարևորությունը»
(փետրվար 19,11.000-ից ավելի դիտում )
3․«Ստեղծագործական մեդիագրագիտության պրակտիկա․ ԱՄՆ փորձ» (փետրվար 26, 2400-ից ավելի դիտում )
4․«Մեդիագրագիտության ուսումնական ծրագրի մշակումը նախադպրոցական կրթական հաստատությունում»
(մարտ 5, 1700-ից ավելի դիտում)
5․«Խրախուսելով մեդիագրագիտության լավագույն պրակտիկան և հասանելի աղբյուրները նախադպրոցական կրթական հաստատությունների համար»
(մարտ 12, ավելի քան 1400 դիտում)

Վեբինարներից յուրաքանչյուրի համար հաճախ ստացել ենք ավելի քան 600 հայտ։ Յուրաքանչյուր վեբինարի մասնակցել է 100-ից ավելի մանկավարժ։

Հունիսի 22-ին Երևանում Շերրի Քուլվերը վարեց մեկօրյա բացառիկ սեմինար «Մեդիագրագիտության և քննադատական մտածողության դասավանդումը վաղ մանկության կրթության գործընթացում» թեմայով։

«Գրագիտությունը կարդալու և գրելու կարողությունն է, իսկ մեդիագրագիտությունը՝ մեդիան սպառելու և մեդիա բովանդակություն ստեղծելու կարողությունն է»։
                                                                                                                                     – Շերրի Քուլվեր

Սեմինարին հնարավորություն ունեցան մասնակցել ՆՈՒՀ 25 դաստիարակներ, ՀՊՄՀ-ի դասախոսներ, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչներ։

«Ինձ համար շատ հետաքրքիր էր իմանալ ԱՄՆ փորձի մասին և հասկանալ՝ ինչպես այն կարող եմ տեղայնացնել Հայաստանում»։
                                                                                                                               – Տաթևիկ Ենոքյան

Հայաստան կատարած այցի ընթացքում Քուլվերն այցելեց նաև Կոտայքի մարզ՝ Գառնու մանկապարտեզ՝ դաստիարակների հետ քննարկելու մեդիագրագիտության կարևորությունն ու դրա դասավանդման մեթոդաբանությունը։

Ծրագրի շրջանակում իրականացված կարևորագույն քայլերից էին նաև ֆիննական ուսումնամեթոդական 3 ձեռնարկների թարգմանությունն ու հրապարակումը։

«Վստահելի տեղեկությունների որոնում» ձեռնարկում ներառված են վարժություններ, որոնք վերաբերում են ինֆորմացիայի աղբյուրների վստահելիության ստուգմանն ու մեդիա տեքստերին առնչվող հարցերին՝ ապակողմնորոշող մեդիա բովանդակության ճանաչմանը, մեդիայի արտադրությանը և տեղեկատվության փոխանակման հարցերին։

«Մեդիա քարտեզի ճանապարհորդները» կրթական նյութ է մեդիայի և դրա առաջացրած հույզերի վերաբերյալ։

«Երեխաները և մեդիան» ձեռնարկ է ծնողների և խնամակալների համար։ Այն պատմում է մեդիայի հետ առաջին քայլերն անելու, տեղեկատվության գաղտնիության ու անվտանգության, ինչպես նաև մեդիա-ուսուցում-ազատ ժամանակ եռամիասնության մասին։

Վերոնշյալ ձեռնարկների հիման վրա ՆՈՒՀ-երի դաստիարակների համար մեդիագրագիտության ուղղությամբ 3-օրյա դասընթաց է անցկացվել նախ Երևանում, ապա նաև Շիրակի և Արմավիրի մարզերում`1 օր տևողությամբ (Շիրակում մասնակցել են 29 հոգի, Արմավիրում՝ 14):

Մեդիագրագիտության ուսուցման գործընթացում կարևորելով մեդիայի վերաբերյալ մանկական գրականության առկայությունը, Հանրային լրագրության ակումբը ձեռք բերեց նաև ամերիկյան բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ» և «Լինում է չի լինում առցանց» հեքիաթների հեղինակային իրավունքներն ու հրատարակեց դրանք հայերեն լեզվով՝ հնարավորություն տալով հայ ընթերցող փոքրիկներին ծանոթանալ մեդիագրագիտության և թվային անվտանգության կարևոր կանոններին, որոնք կօգնեն նրանց խուսափել մեդիա թակարդներից։

Յուրաքանչյուր գրքից տպագրվել է 300 օրինակ և տրամադրվել Երևանի և ՀՀ մարզերի գրադարաններին, պետական մանկապարտեզներին, գործընկեր կազմակերպություններին, անկախ փորձագետներին, «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված տիկնիկային ներկայացմանը մասնակցած բոլոր փոքրիկներին։

Այս գրքերի շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։

Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ թատրոնի հետ համագործակցությամբ «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի հիման վրա ստեղծվել է տիկնիկային ներկայացում, որը բեմադրվել է 6 անգամ՝  Շիրակի մարզում՝ Գյումրիի «Անի» պարտեզում, Երևանում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ 4-րդ ներկայացման համար ՀԼԱ թիմն ու Հեքիաթերենն անցել են 210 կմ ճանապարհ՝ ուղևորվելով Սյունիքի մարզ՝ «Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈԻՀ»։

Հուլիսի 29-ին ներկայացումը դիտել են Արմավիրի մարզում՝ Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում։

«Թեման շատ արդիական է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներկայացման որակի, երեխաներին հասանելի և պարզ լեզվով մեդիագրագիտության ու դրա կարևորության մասին բացատրելու համար։ Մանկավարժներն անպայման իրենց խմբերում կօգտագործեն հեքիաթներում և ներկայացման մեջ առկա մեթոդները»։

– Հասմիկ Մելքոնյան
Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն

«Կըտ-կըտ ճուտիկ»-ի շրջագայություններն ամփոփեցինք Կոտայքի մարզում՝ Չարենցավանում։

Ներկայացումներից յուրաքանչյուրին մասնակցել են 30-ից ավելի երեխաներ և ՆՈՒՀ դաստիարակներ։ Ծրագրի շրջանակում տպագրված հեքիաթները մինչև այսօր էլ ուղևորվում են Հայաստանի տարբեր մարզեր՝ հարստացնելու նախակրթարանների գրադարանները։

Ծրագրի ընթացքում ստեղծված վերոնշյալ բոլոր ուսումնական նյութերը, ձեռնարկներն ու վեբինարները հասանելի են www.pjc.am կայքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում՝ Հանրային լրագրության ակումբի բոլոր հաշիվներում։

Ծրագիրն ընդգրկել է 2020թ․-ի սեպտեմբերից 2021թ․-ի հուլիս ամիսները։ Հանրային լրագրության ակումբն «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրն իրականացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend