Համակարգային մեդիագրագիտությունը մասնակցային քաղաքականության մշակման միջոցով․ Ֆինլանդիայի փորձի փոխանակում
- December 4, 2020
- Category: Նորություններ
Ֆինլանդիայում համակարգային մեդիագրագիտության նոր քաղաքականությունն ուղղված է ոչ միայն երեխաներին ու դեռահասներին, այլև՝ մեծահասականերին։ Ինչն էլ հնարավորություն է՝ մեծ նպատակներին առավել արագ հասնելու համար։
Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն և Մեդիա կենտրոնը սույն թվականի սեպտեմբերին ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեկնարկած «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 30-ին կազմակերպել էին վեբինար՝ «Համակարգային մեդիագրագիտությունը մասնակցային քաղաքականության մշակման միջոցով․ Ֆինլանդիայի փորձի փոխանակում» թեմայով։
Ինչպե՞ս են Ֆինլանդիայում կրթական համակարգի միջոցով պայքարում ապատեղեկատվության և մեդիա մանիպուլյացիաների դեմ, ինչու՞ է ֆիննական փորձը համարվում հաջողված։
Այս և նմանատիպ այլ կարևոր հարցերի պատասխանները վեբինարի ընթացքում ներկայացրել է Ֆինլանդիայի Աուդիովիզուալ ազգային ինստիտուտի ավագ խորհրդական, ֆինն մեդիափորձագետ Լաուրի Պալսան։
«Ժամանակակից աշխարհում դժվար թե գտնվի մի ոլորտ, որը կապ չունի մեդիայի հետ։
Ամեն բան սկսվում է մեդիայի՝ մարդկանց մասնագիտական, անձնական ու հասարակական կյանքում ունեցած դերը հասկանալուց։ Մեդիան մեզ բազմաթիվ հնարավորություններ է տալիս»։
Ֆինլանդիայում համակարգային մեդիակրթությամբ սկսել են զբաղվել դեռևս 1970-ականներից։ Հենց այդ ժամանակներից մեդիագրագիտությունը եղել է Ֆինլանդիայի ուսումնական ծրագրերում։ Մեդիակրթության առաջին ազգային քաղաքականությունն էլ մշակվել է 2013թ․-ին։
Մեդիափորձագետը նշում է՝ մեդիագրագիտությունն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է՝ հասնելու ավելի մեծ նպատակների։
«Մեդիագրագիտության քաղաքականության մշակման տեսանկյունից կարևոր է հասկանալ այդ խնդրի ընդգրկունությունը»,- ասում է Լաուրի Պալսան։
Ֆինլանդիայի քաղաքացիները մեդիագրագիտության առաջին հմտությունները ձեռք են բերում դեռ վաղ տարիքից։ Այնտեղ ուսումնական ծրագիրը թարմացվում է ամեն 10 տարին մեկ՝ իր մեջ արտացոլելով մեդիա մշակույթի զարգացումներն ու փոփոխությունները։
Եվրոպայում մեդիագրագիտության հանրային քաղաքականության ուսումնասիրությունը Դանիային և Ֆինլանդիային համարում է առավել առաջադեմ երկրներ, որտեղ մեդիագրագիտությունը ինտեգրված է ազգային քաղաքականությունների մեջ և հստակ փոխկապակցված է մարդու իրավունքների և ակտիվ քաղաքացիության հայեցակարգերի հետ։
Ֆինլանդիայում մեդիագրագիտության ազգային քաղաքականությունը վերջին անգամ վերանայվել է 2019թ․-ին։
«Նախ 2019թ․-ի գարնանը բացեցինք առցանց հարցում, փորձագետների հետ հարցազրույցներ անցկացրինք, սեմինարներ կազմակերպեցինք։ Ամռանը կարողացանք վերլուծել քաղաքականությունն ու գրել դրա նախագծային տարբերակը։ Աշնանը եղավ նախագծի հանրային քննարկումը։ Եվ ձմռանը՝ դեկտեմբերին, Ֆինլանդիայի կրթության և գիտության նախարարությունը հրապարակեց նոր քաղաքականությունը, որի իրականացմամբ էլ այժմ զբաղված ենք»։
Լաուրի Պալսայի խոսքով, այս անգամ քաղաքականությունն առավել ընդգրկուն և լայն է։ Այն իր մեջ ներառում է նաև մեծահասակներին․ նախորդը վերաբերում էր միայն երեխաներին ու դեռահասներին։
«Քաղաքականությունն ունի 3 հիմնական կետեր։ Նախևառաջ, Ֆինլանդիայում տրամադրվող մեդիակրթությունը համապարփակ է, երկրորդ՝ կրթությունը որակյալ է, բովանդակալից և ոչ խտրական, երրորդ՝ այն սիստեմատիկ է և հետևողական»։
Լաուրի Պալսան ընդգծում է՝ կրթական համակարգում մեդիագրագիտությունը հավելյալ, լրացուցիչ բան չէ, այլ դրա հիմնական մասը։Համակարգային մեդիագրագիտության հաստատման հարցում կրթական համակարգը և անհատապես ուսուցիչը, մեծ դեր ունեն։
«Ֆինլանդիայում ուսուցիչները մեծ հեղինակություն ունեն, նրանք որակյալ կրթություն են ստացել, ինքնուրույն են, և մեր աշխատանքն է նրանց համապատասխան գործիքներ տրամադրել։ Նրանք կորոշեն՝ դրանցից որն օգտագործել»։
Մեդիագրագիտությունը նպաստում է մարտահրավերների հաղթահարմանը և ռիսկերի կառավարմանը։ Այն անհրաժեշտ է սովորելիս, ուսումնասիրելիս, աշխատելիս, կապեր հաստատելիս։ Ի վերջո, մեդիագրագիտությունը կարողություն է։
Վեբինարի ավարտին Լաուրի Պալսան հիշեցնում է՝ համակարգային հաջողության հասնելու համար բոլոր ոլորտների համագործակցությունը շատ կարևոր է։