Նորություններ

Բրյուսելում ներկայացվել են Հանրային լրագրության ակումբի՝ մեդիագրագիտությանն ուղղված տեղեկատվական նյութերը

Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախագահ Սեդա Մուրադյանը Բրյուսելում ներկայացրել է ՀԼԱ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ստեղծած խաղերն ու այլ նյութեր՝ մեդիագրագիտության թեմայով։ Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի քաղաքացիական հասարակությունների համար կազմակերպված աշխատաժողովին, մասնավորապես, ներկայացվել է «Մեդիագիտակ» խաղը, որը միտված է խթանելու մեծահասակների մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացումը։ Չորս հետաքրքիր և ինտելեկտուալ առաջադրանքներից բաղկացած խաղը նպաստում է մեդիագրագիտության վերաբերյալ հմտությունների ձևավորմանը։

Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել է նաև մեծահասակների մեդիագրագիտության հզորացմանն ուղղված խաչբառը, որը ծանոթացնում  է մեդիաաշխարհի բառամթերքին։

Այս կրթական նյութերը ստեղծվել են «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացրել են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և Հանրային լրագրության ակումբը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

ՀԼԱ նախագահն աշխատաժողովի մասնակիցներին է ներկայացրել նաև ամերիկյան բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ» և «Լինում է, չի լինում առցանց» հեքիաթների հայերեն տարբերակները, որոնք զվարճալի պատմություններ են՝ օգնելու փոքրիկներին դառնալ մեդիագրագետ և լինել անվտանգ առցանց միջավայրում։

Գրքերը հրատարակվել են «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում, որը Հանրային լրագրության ակումբն իրականացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Հեքիաթները միտված են քննադատական մտածողության և մեդիագրագիտության զարգացմանը՝ նախադպրոցական հաստատություններում դաստիարակների վերապատրաստումների, օգտակար գրականության հրատարակման և տարատեսակ դասընթացների կազմակերպման միջոցով։

Աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալ ՄՆԿ-ի «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղին, որով կարելի է պարզել խաղացողի մեդիագրագիտության մակարդակը, կեղծ ու շփոթեցնող տեղեկությունների հոսքերում կողմնորոշվելու ունակությունները։

Նշենք, որ Բրյուսելում անցկացվող աշխատաժողովը նվիրված էր ապատեղեկատվության դեմ պայքարին։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend