Նորություններ

Մեդիագիտակ` խաղ մեդիագրագիտության կանոններով

Հանրային լրագրության ակումբը ստեղծել է բացառիկ արտադրանք, որը խթանելու է մեծահասակների մեդիագրագիտությանը։

Ժամանակակից աշխարհում մեդիագրագիտությունը գրագիտության առանցքային բաղադրիչներից է։ Մեդիայի զարգացումը, բազմազանեցումը, հասանելիությունը առաջնահերթ են դարձնում մեդիագրագիտության ուսուցումը, որի արդյունավետ ձևերից մեկը խաղերի միջոցով ուսուցումն է։

«Մեդիագիտակ» մեծահասակների համար մեդիագրագիտության սեղանի խաղի նպատակն է խթանել մեդիագրագիտության վերաբերյալ համակարգված գիտելիքների ձեռքբերումը, հմտությունների ձևավորումը և վարքագծի փոփոխությունը։ Խաղի հիմնական նպատակն է նպաստել մեծահասակների մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացմանը։

Խաղի տուփը բացելիս կգտնեք իրարից տարբեր, հետաքրքիր և ինտելեկտուալ առաջադրանքներ, որոնք միտված են զարգացնելու ձեր քննադատական մտածողության և մեդիագրագիտության հմտությունները։

Սեղանի խաղը բաղկացած է հետևյալ 4 առաջադրանքներից՝

  • Թեստադարան,
  • Հարցերի գիտակ,
  • Վերնագրի դերը,
  • Ինֆոքարտ։

Յուրաքանչյուր առաջադրանքի համար սահմանված է հստակ նպատակ, որին խաղը խաղալիս յուրաքանչյուր մասնակից պետք է ձգտի հասնել։

Օրինակ՝ «Թեստադարան» առաջադրանքի նպատակն է լրացուցիչ գիտելիքներ տալ մեդիագրագիտության ոլորտի վերաբերյալ։

«Հարցերի գիտակ»-ը օգնելու է խթանել մասնակցի քննադատական մտածողությունը, տեղեկությունը հարցադրումների միջոցով վերլուծելու և տրամաբանական եզրահանգման գալու ունակությունը։

«Վերնագրի դերը» առաջադրանքի շնորհիվ մասնակիցները սովորելու են ընթերցել վերնագրերի տողատակերը, առավել զգայուն են դառնալու ցայտուն և կասկածահարույց վերնագրերի նկատմամբ։

Իսկ «Ինֆոքարտ»-երը մասնակիցներին ծանոթացնելու են մեդիայի ոլորտում և առցանց տիրույթում կիրառվող բառապաշարին։

Խաղի տրամաբանությունը հասկանալու և խաղը ճիշտ խաղալու հարցում ձեզ օգնության կհասնի խաղի կանոնները մեկնաբանող գրքույկը, որտեղ կգտնեք ամբողջական խաղի մանրամասն նկարագրությունը։

Մեդիագիտակը խաղ է, որը կարող է դառնալ ընտանեկան, բարեկամական կամ ընկերական հավաքույթների անբաժան և սիրելի մասը, այն հնարավորություն կտա մեկտեղելու հաճելի ժամանցը կրթության հետ։

Սեղանի խաղը ստեղծվել է ԱՅԼԿԵՐՊ ընկերության հետ համագործակցությամբ՝ Հանրային լրագրության ակումբի պատվերով։

Սեղանի խաղը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի կողմից Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

#CivilSocietyCooperation #PowerUpAdults #MediaLiteracy #Media



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend