Կորոնակեղծիքներ ու հակապատվաստումային շարժումներ․ ովքեր են գլխավոր դերակատարները
- December 30, 2021
- Category: Նորություններ
Լոնգրիդ ձևաչափի այս նյութը ստեղծվել է «Covid-19 անդրադարձում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Միջազգային Հանրապետական ինստիտուտի աջակցությամբ։
Ծրագրի մասին՝ այստեղ։
Հոդվածն արտատպվել է Սիվիլնեթ կայքից։
Հեղինակներ՝
Գևորգ Թոսունյան
Մկրտիչ Կարապետյան
___________________
Հայաստանում 2020-ի մարտից՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, տարբեր փուլերով ակտիվացել են ապատեղեկատվություն տարածող շարժումներն ու անհատները։ Այս դաշտում իրականում, ըստ փորձագետների, տեղի ունեցավ «յուրահատուկ» վերափոխում․ հակապատվաստումային այն խմբերը, որոնք նախքան 2020-ի մարտն ակտիվ ապատեղեկատվություն էին տարածում, օրինակ, Գարդասիլի պատվաստումային քաղաքականության դեմ, «մասնագիտացան» ու սկսեցին հակապատվաստումային մեծ արշավ իրականացնել կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվական դաշտում։ Իրավիճակը սրվեց նաև՝ քաղաքական հանգամանքներով պայմանավորված․ հաճախ ընդդիմադիր դաշտի գործիչներն ու լրատվամիջոցները թիրախավորում էին իշխանությանը՝ որպես գործիք կիրառելով կորոնավիրուսի, այնուհետև դրա դեմ կիրառվող պատվաստանյութերի մասին կեղծ ու մանիպուլատիվ տեղեկատվությունը։ ՍիվիլՆեթը ուսումնասիրել է ապատեղեկատվության դաշտն ու առանձնացրել «հիմնական խաղացողներին»։
Ապատեղեկացնողները ու նրանց «նյութը»
Արա Զոհրաբյան․ փաստաբանի չփաստարկված պնդումները
Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահության նախարարության քննադատներից է։ Փաստաբան Զոհրաբյանը առաջ է քաշում մի շարք թեզեր, որոնց կանդրադառնանք ստորև.
Կորոնավիրուսը «արհեստական վիրուս է»
Սեպտեմբերի 3-ին Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց՝ «կորոնավիրուսը արհեստական վիրուս է», որ այն ստեղծվել է ու տարածվել «ինչ-որ մի նպատակով»։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կորոնավիրուսը վարակիչ հիվանդություն է, որի հետևանքով վարակակիրը ձեռք է բերում շնչառական հիվանդություն։ Վարակակիրների մի մասը կարող է հեշտությամբ կամ թեթև տանել այն, այնինչ տարեցների համար կորոնավիրուսը հաղթահարելը բարդ է, կորոնավիրուսը կարող է պատճառ դառնալ թոքաբորբի կամ դժվարացած շնչառության։ Կորոնավիրուսը կենդանական ծագման հիվանդություն է, որը փոխանցվել է կենդանիներից մարդուն։ Կորոնավիրուսը արհեստական վիրուս որակելու պնդումը առ այսօր չի ապացուցվել։ Ընդհակառակը, դեռս այս տարվա սկզբին ԱՀԿ-ի ներկայացուցիչները եղել են Ուհանում, որտեղից սկսվել էր այս վիրուսն ու չէին գտել բավարար ապացույցներ նման եզրահանգման գալու համար։
Կորոնավիրո՞ւսն է ավելի վտանգավոր, թե՞ սեզոնային գրիպը
Իր ուղիղ եթերում Արա Զոհրաբյանը կորոնավիրուսը համեմատում է սեզոնային գրիպի հետ. «Կորոնավիրուսը պատկանում է սուր շնչառական վարակների խմբին։ Նույն խմբին է պատկանում օրինակ գրիպը. սա նշանակում է, որ չի լինելու մի պատվաստանյութ, որը վերջնականորեն այս վիրուսը կվերացնի»։ Զոհրաբյանը հավելում է, որ մարդը պետք է մշտապես պատվաստանյութ ընդունի։ Այս համեմատությունը սխալ է նրանով, որ գրիպի և կորոնավիրուսի ընթացքն ու մահվան ելքերի քանակը էականորեն տարբերվում են իրարից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեզոնային գրիպից աշխարհում տարեկան կարող է մահանալ 290-650 հազար մարդ։ Կորոնավիրուսից մահացությունը հիվանդության հայտնաբերումից ի վեր դեկտեմբերի 16-ի դրությամբ անցնում է 5 միլիոն 331 հազարը։ Ըստ Հայաստանում գործող «Նաիրի» բժշկական կենտրոնի՝ գրիպով հիվանդ մարդը միջինում վարակում է ավելի քիչ մարդու, քան կորոնավիրուսով հիվանդ մարդը, բացի այդ, ըստ նույն աղբյուրի, կորոնավիրուսից մահացությունը ավելի բարձր է, քան գրիպից։
«Պատվաստանյութերը փորձարկում չեն անցել»
Նույն տեսանյութում Արա Զոհրաբյանը հայտարարում է, որ «պատվաստանյութերը պատշաճ փորձարկում չեն անցել ու դրա համար, ըստ մասնագետների, անհրաժեշտ է առնվազն հինգ տարի։ Ըստ UNICEF-ի՝ պատվաստանյութերը մշակվել են ռեկորդային կարճ ժամանակահատվածում, «այդուահնդերձ խոստագույնս պահպանվել են ստանդարտ անվտանգության ընթացակարգերը և կիրառվել կարգավորող դաշտի կարգավորումները»։ Մշակման զանազան փուլերում են գտնվում ավելի քան 250 պատվաստանյութեր։ Դրանցից մի խմբաքանակ արդեն ենթարկվում է III փուլի կլինիկական փորձարկման, ինչն օգտագործման համար հավանություն ստանալուն նախորդող վերջին քայլն է։ Կլինիկական բոլոր փորձարկումները հաջողությամբ ավարտելուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրանք վավերացվում, ապա ներկայացվում են ազգային կարգավորող գործակալություններին՝ հաստատման համար։ Հայաստանում հաստատված են «Մոդերնա», «Աստրազենեկա», «Սպուտնիկ V», «Սինովակ»,«Սինոֆարմ» պատվաստանյութերը։ Հայաստանը բանակցություններ է վարել և առաջիկայում կստանա նաև «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութը։
Դմիտրի Հարությունյան․ մասնագիտությամբ բժշկի ոչ բժշկական պնդումները
Դմիտրի Հարությունյանը մինչև 2020-ն ակտիվ մասնակցում էր «Սասնա ծռեր» խմբի գործողություններին ու ակցիաներին։ Նա ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների նկատմամբ պարբերաբար քննադատությամբ էր հանդես գալիս։ Կորոնավիրուսի վերաբերյալ Դմիտրի Հարությունյանը տարածում է զգայուն տեղեկատվություն՝ մշտապես պնդելով, թե առնվազն «իրեն հայտնի է հակառակը, ինչ հրապարակում են պաշտոնական աղբյուրները»։ Դմիտրի Հարությունյանը ներկայանում է որպես մասնագիտությամբ բժիշկ, սակայն նա այդ մասնագիտությամբ, համաձայն բաց աղբյուների, որևէ տեղ չի աշխատում։
Կեղծ տեղեկատվություն՝ չորս պատվաստանյութերի մասին
2021-ի նոյեմբերի 27-ին իր յութուբյան էջում Հարությունյանը փորել է մարդկանց շրջանում լարվածություն առաջացնել երեք պատվաստանյութերի հարցում։
«Ուշագրավ են բժիշկ Ռոբերտ Յանգի ուսումնասիրությունները, որտեղ նա ուսումնասիրել է չորս պատվաստանյութ՝ «Ֆայզեր», «Ջոնսն ընդ Ջոնսոն», «Աստրազենեկա» և «Մոդեռնա»։ Այնտեղ գտնվել է, ուշադրություն, գրաֆենի օքսիդ, ալյումինում, չժանգոտվող պողպատ, մակաբույծ։ Այդ չորս պատվաստանյութերից երկուսը լայնորեն կիրառվում են Հայաստանում»,- հայտարարել է նա։
Այս տեղեկատվությունը տարածվել ու հերքվել է դեռ 2021-ի սեպտեմբեր ամսին։ Հիմնականում ռուսական կեղծ էջեր հղում էին կատարում այս «բժշկի» խոսքերին։ Իրականում Ռոբերտ Յանգը ոչ թե բժիշկ է, ինչպես նրան ներկայացնում է Դմիտրի Հարությունյանը, այլ «բուսաբույժ»։ Նա ավելի հայտնի է ալկալային սննդակարգի մասին իր գրքերով ու դատարաններում պարբերաբար հայտնվելու հանգամանքով։ 2015-ին Յանգը դատարանում է հայտնվել այն բանի համար, որ չունենալով բժշկի արտոնագիր՝ փորձել է մարդկանց բուժել ու դրա դիմաց գումար ստացել։ Այս գործողության համար նա դատապարտվել է պատժի։ 2016-ին նա հայտարարել է, որ կեղծ թեզեր է առաջ քաշել։
«Դիմակը վնասից բացի՝ որևէ օգուտ չունի վիրուսի դեմ պայքարում»
Դմիտրի Հարությունյանը իր կեղծ քարոզարշավում փորձում է մարդկանց համոզել հրաժարվել դիմակների կրումից։ Օրինակ՝ իր տեսանյութերից մեկում պնդում է, թե դիմակն առաջացնում է թթվածնաքաղց ու ընկճում է իմունիտետը։
Թթվածնաքաղցի առաջացման պատճառներից որևէ մեկը, սակայն, գիտությունը չի համարում դիմակները։ Այն հատկապես ցայտուն է դրսևորվում բարձր լեռնային պայմաններում, լեռնագնացության և պարաշյուտային թռիչքների ժամանակ, ինչպես նաև հանքահորերում աշխատելիս։ Թթվածնաքաղց կարող է առաջանալ նաև շնչուղիների խցանման դեպքում, ինչի պատճառը ևս դիմակը չի հանդիսանում։
Գրիգոր Գրիգորյան․ կորոնավիրուսով «հարվածել» իշխանությանը
«Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը նախքան կորոնավիրուսի տարածումը առանձնապես ակտիվություն չէր դրսևորում, հիմնականում խոսում էր իր նախկին ոլորտի՝ սննդամթերի անվտանգության մասին, սակայն համավարակից հետո նա սկսել է առավել ակտիվ հանդես գալ իր կոալիցիայի անունից ու լծվել կորոնավիրուսի վերաբերյալ տարբեր՝ հիմնականում կեղծ տեղեկությունների տարածման գործին՝ թիրախում պահելով իշխանության քննադատությունը։ Ընդ որում, նա միաժամանակ նաև հանդես է գալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գովերգող տեքստերով։
Հոկտեմբերի 13-ին «Հայելի» մամուլի ակումբում Գրիգոր Գրիգորյանը մի քանի հայտարարություններ արեց։ Ներկայացնում ենք դրանք ու դրանց կեղծ բնույթը.
«Քովիդի դեմ ցանկացած պատվաստանյութ անհեռատես է ու վտանգավոր»
Այդ ասուլիսում Գրիգորյանը հայտարարում է, թե ցանկացած պատվաստանյութ սկզբունքորեն վտանգավոր է ու «անհեռատես»։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի կարծիքով՝ չեն եղել դեպքեր, երբ պատվաստվելուց հետո մարդիկ մահանան կամ պատվաստանյութը պատճառ դառնա մահվան. «Մենք այդպիսի դեպքեր չունենք՝ պիտի գնահատվի՝ մարդը պատվաստանյութից մահացավ, թե ոչ։ Մարդու մահը կարող է վրա հասնել, եթե առաջանա անաֆիլակտիկ ռեակցիա ու առաջին օգնություն անմիջապես չտրամադրվի»,- կորոնավիրուսի հետևանքով հնարավոր սրացումների մասին նշել է մասնագետը՝ հավելելով, որ 2021-ի դեկտեմբերի 16-ի դրությամբ պատվաստումներից եղել է անաֆիլաքսիայի վեց դեպք, որոնք անգամ չեն հոսպիտալացվել։ Անաֆիլաքսիան ալերգիկ սուր ռեակցիան է, որը կարող է բերել մահվան, և ըստ Սահակյանի՝ նման դեպքեր Հայաստանում չեն գրանցվել։ Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ պատվաստումները մեծահասկաների ու քրոնիկ հիվանդություն ունեցողների համար անվտանգ են, ու այս խմբերը պետք է պատվաստվեն առաջին հերթին՝ խոցելի լինելու հիմքով։ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանի կարծիքով էլ՝ միակ բարդությունը կարող է լինել ալերգիկ շոկը. «Ես զարմանում եմ, որ պատվաստանյութից կարելի է սպասել որևէ բարդություն տարիներ հետո, անգամ՝ մահ։ Կա պատվաստանյութ, պատվաստանյութը հետազոտված է։ Կա երկու տարբերակ՝ չպատվաստվես, մահանաս կամ պատվաստվես ու տարիներ հետո կարող է լինել բարդություն, բայց կարող է և չլինել»։
«Պատվաստանյութը ուսումնասիրված չէ, կարող է ունենալ երկարաժամկետ հետևանքներ»
Գրիգորյանը պարբերաբար հայտարարել է, որ «ինքը դեմ է մարդուն ներարկել նյութ, որի ազդեցությունը ուսումնասիրված չէ»։
«Կարող եք ներարկեք, մեկ տարի ապրեք ոչ մի բան չլինի, բայց հետո երբ ձեր մոտ խնդիրներ սկսվեն, դուք չեք կարողանա ապացուցել, որ դա եղել է ներարկումից հետո»,- նշել է նա։ Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանի խոսքով՝ գիտական բժշկական հեղինակավոր ամսագրերի հրապարակումներից հստակ երևում է, թե ինչպես է ստեղծվել պատվաստանյութը, ըստ նրա՝ հիմքերը, որոնց հիման վրա ստեղծվել են պատվաստանյութերը, նոր չեն ու ունեն 30-40 տարվա պատմություն։
«Պատվաստանյութերը նոր են, բայց պլատֆորման հին էր ու ժամանակ չկար, դրա համար կոմբինացված կերպով ստեղծվեցին պատվաստանյութերը։ Քանի որ ժամանակի սղություն կար, պատվաստանյութի փորձարկումների երեք փուլերը ոչ թե հաջորդական իրականացվեցին, այլ միաժամանակ անցկացվեցին փորձարկումները, երեք փուլերը միավորվեցին»,- բացատրում է մասնագետը՝ հավելելով, որ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին մեծ թվով մարդիկ են ներգրավված եղել, օրինակ, Astrazeneca-ի կլինիկական փորձարկումներին մասնակցել է շուրջ 60 000 մարդ։ Փորձարկումների երեք փուլերին պիտի հաջորդի չորրորդը, որը, ըստ Բադալյանի, անվերջ փուլ է, ենթադրում է, որ կիրառվող կենսաբանական պատրաստուկին պետք է անընդհատ հետևել, հավաստիանալ, որ կիրառվող դեղամիջոցը չունի մինչ այդ չբացահայտված էֆեկտներ։
«Պատվաստանյութերը անընդմեջ դիտարկվում են։ Կենսաբանների, գիտնականների այսօրվա հիմնավորումներից ու բացատրություններից ելնելով՝ պոտենցիալ հեռավար էֆեկտների հնարավորություն չկա։ Կրկնում եմ՝ չորրորդ փուլն անվերջ փուլ է, ու անընդհատ պատվաստանյութը կատարելագործվելու է։ Հավանականությունը, որ նման էֆեկտ կունենանք, չափազանց քիչ է, զրոյի է ձգտում»,- շեշտում է Բադալյանը ու ավելացնում՝ պատվաստանյութերը Միացյալ Նահանգներում հաստատվել են այդ երկրի պարենի ու դեղամիջոցների դաշնային դեպարտամենտի կողմից, իսկ փորձը ցույց է տալիս, որ դեպարտամենտի կողմից հաստատված դեղամիջոցները հազվադեպ են հետ կանչվել, ու դրանց կիրառումը շարունակվել է։
«Հայաստանի իշխանություններին ստիպում են պատվաստել քաղաքացիներին»
«Նրանք պետք է կարճ ժամանակահատվածում…անասնաբուժության մեջ կա մի արտահայտություն՝ ծածկ, անասնագլխաքանակը ծածկել պատվաստանյութերով»,- հայտարարում է Գրիգորյանը։
Արմեն Բադալյանը «հոգեբանական խնդիր» է համարում պնդումը, թե ինչ-որ մի վերպետական մարմին Հայաստանի պատկան մարմիններին ստիպում է իրականացնել պատվաստումներ։ «Ո՞ւր է ճնշում, ո՞ւր էր, թե ճնշում լիներ, որ մենք նորմալ պատվաստումային ընդգրկվածություն ունենայինք։ Բնակչության միայն 30 տոկոսն է հազիվ, որ երկու դեղաչափ ստացել է, խայտառակ թվեր են։ Ո՞ւր է պարտադրանքը։ Սա անգամ միֆ չէ»,- դժգոհում է մասնագետը։
Հայաստանը պատվաստանյութերը ձեռք է բերում միջազգային COVAX հարթակի միջոցով։ Նախաձեռնությունը հանձն է առել ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արագ ու հավասարաչափ բաշխում բոլոր երկրներում՝ անկախ եկամտի մակարդակից։ Պատվաստանյութերի տեղաբաշխման ապահովումն իրականացնում է UNICEF-ը։ Հայաստանը համապատասխան խմբաքանակները ստանում է հենց այս հարթակի միջոցով։
Ապատեղեկատվություն տարբեր խմբերի ու անձանց կողմից
Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, կախված քաղաքական զարգացումներից, ակտիվացել են նաև որոշ խմբեր, որոնք երբեմն հանդես են գալիս քաղաքական ակցիաներով ու փորձում խոչընդոտել համաճարակի տարածումը զսպող իշխանության գործողությունները։ ՍիվիլՆեթն առանձնացրել է նաև այդ խմբերից որոշներին։
Ոչ մասնագիտական եզրակացություն տարածող «բժիշկները»
Առ այսօր հանրությունը քննարկում է վերարտադրողականության վրա պատվաստանյութերի ազդեցության վերաբերյալ ապատեղեկատվությունը։ Պատվաստանյութերի ստեղծումից հետո նմանաբնույթ կեղծ տեղեկատվություն տարածվեց զարգացած երկրներում, այնուհետև այդ թեզերը «հասան» Հայաստան։ Սեպտեմբերի 28-ին մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել Առողջապահության նախարարության դիմաց՝ հնչեցնելով ապագիտական թեզեր ու կեղծ տեղեկատվություն։ Ըստ լրատվամիջոցների՝ ցույցը կազմակերպել էր «Առողջապահական հասարակական կազմակերպությունը», որի ղեկավարը ստամատոլոգիական կլինիկաներից մեկի աշխատակից Հովհաննես Գևորգյանն է։ Ընդհանրապես այդ ցույցի ընթացքում կորոնավիրուսի մասին խոսում էին համաճարակաբանությունից հեռու ստամատոլոգները։ Նրանցից մեկը, որը ներկայացավ մանկական-ատամնաբույժ, սկսեց հրապարակել թեզեր, որոնք տվյալ դեպքում իր ոլորտից չէին։ Նա հայտարարեց, թե իբր եղել են հետազոտություններ, ըստ որոնց՝ պատվաստանյութը ազդում է վերարտադրողականության վրա ու «կբերի չբերության երիտասարդների շրջանում»։ Նախ նշենք, որ նմանաբնույթ հետազոտություն պարզապես չկա։ Ընդհակառակը, թվերը ապացուցում են, որ պատվաստանյութերը «չբերության» չեն հանգեցնում։
Հայաստանում առողջապահության նախարարության տվյալներով ապրիլի կեսից սկսված՝ պատվաստումներից հետո շուրջ 1 000 հղի պատվաստանյութ է ստացել։ «Դեկտեմբերի 13-ի դրությամբ հղիների շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվել է 865 առաջին դեղաչափ և 471 երկրորդ դեղաչափ պատվաստում»,- ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը պատասխանել են գերատեսչությունից։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում եղել են բազմաթիվ ծննդաբերություններ՝ առանց խնդիրների. «Բալիկների առողջական վիճակը շատ լավ է, իսկ ծննդաբերությունից հետո պատվաստված քաղաքացիների առողջական վիճակը չի վատթարացել։ Հղիությունը նորմալ տանում են»,- ասում է նա։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հղիները կորոնավիրուսի՝ ավելի ռիսկային գոտում են գտնվում, ընդ որում՝ չպատվաստված հղիների դեպքում մահացություններն ավելի շատ են։ Օրինակ՝ Ռուսաստանում հոկտեմբերի վերջի դրությամբ պատվաստված է եղել հղի կանանց 1,3 տոկոսը։ ՌԴ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայրական մահացության դեպքերը ռուսաստանցիների շրջանում երեք անգամ ավելացել են նախորդ տարվա համեմատ, բոլոր մահացած կանայք պատվաստված չեն եղել։ Ռուսաստանում պատվաստված հղիների շրջանում մահացության դեպքեր չեն արձանագրվել։
«Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որտեղ հղիների պատվաստման գործընթացն ավելի վաղ է սկսվել, քան Հայաստանում։ Այդ երկրներում և՛ գիտական հետազորությունները, և՛ ընթացիկ պատվաստումների փորձը ցույց են տվել, որ դա անվտանգ է, ու որևէ կնոջ վերարտադրողականության ֆունկցիայի վրա չի ազդում»,- նշում է Գայանե Սահակյանը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի խոսքով՝ սկզբնական շրջանում կար զգուշավորություն, քանի որ կլինիկական հետազոտություններում հղիները՝ որպես խոցելի խումբ, ներառված չէին, բացի այդ առկա էր տվյալների պակաս։ «Սակայն հիմա տվյալները ցույց են տալիս, որ պատվաստումը հղիների մոտ նույնպես ապահով ու արդյունավետ է։ Միաժամանակ հայտնաբերել ենք, որ Դելտա ենթատեսակը խիստ վտանգավոր է հղիների համար, որովհետև համավարակի սկզբում չունեինք հղիների մոտ դեպքերի տարածվածություն, ներկայում դա շատ ավելի մեծ է ու հատկապես երկրորդ կեսում հղիության հետևանքները կարող են շատ ծանր ու անդառնալի լինել»,- նշում է Պետրոսյանը։
Նախորդ տարում կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել է 5 մայրական մահ, իսկ այս տարի՝ 7։
Մարինա Խաչատրյանն ու նրան սատարող խմբերի կեղծ պնդումները
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը հաճախ է հանդես գալիս «սենսացիոն» հայտարարություններով՝ դրանք համեմելով մանիպուլացնող տեղեկատվությամբ։ Հոկտեմբերին նա գրել էր, թե «շոկի մեջ է», քանի որ «քովիդի դեմ պատվաստումային գործընթացի հենց սկզբից հայտարարել է, որ այս պատվաստանյութերի արդյունքում ավելանալու է ՁԻԱՀ-ի (ռուսերեն` СПИД) դեպքերի թիվը»։
Այս թեզը հիմնավորելու համար Խաչատրյանը դիմել էր Առողջապահության նախարարությանը և ստացել Հայաստանում ՄԻԱՎ վարակի հայտնաբերված նոր դեպքերի վիճակագրությունը։
«Ինձ շոկի մեջ է գցել 2021 թվականին հայտնաբերված ՄԻԱՎ-ի նոր 107 դեպքը։ Հասկանո՞ւմ եք, այդպիսի թիվ չի եղել, և մեկ էլ հանկարծ 107 տոկոսով աճ է գրանցվում»,- ասել էր Խաչատրյանը՝ ներկայացնելով 2021-ի հունվար-սեպտեմբեր տվյալները։
Նախ, Մարինա Խաչատրյանը հստակ չի արտահայտում իր միտքը, խոսքը ոչ թե 2021-ի ընդհանուր տվյալների մասին է, այլ 2021-ի սեպտեմբերի դեպքերի թվի, քանի որ օգոստոսին, ըստ նախարարության վիճակագրության, ՄԻԱՎ-ի ոչ մի դեպք չի արձանագրվել, իսկ սեպտեմբերին միանգամից 107 դեպք։
Սեպտեմբերի 16-ին Առողջապահության նախարարությունը հայտարարել է «Մի′ գուշակիր, արի′ հետազոտվելու» հանրային միջոցառման մասին՝ դրա շրջանակում անվճար հետազոտություն իրականացնելով, ինչով էլ պայմանավորված էր դեպքերի թիվը սեպտեմբեր ամսին։
Բացի այդ, 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ՄԻԱՎ-ի 221 նոր դեպք, մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ չորս տարիների նույն ժամանակահատվածի համեմատ, սա ամենացածր ցուցանիշն է։ Այսպես 2017-ին նույն ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ-ի 277, 2018-ին՝ 320, 2019-ին՝ 317, իսկ 2020-ին՝ 283։
«Լույսի բանակ» կոչվող խումբը
Սա փոքր խումբ է՝ կազմված տարբեր տարիքի քաղաքացիներից, որոնք մասնակի ակտիվություն են դրսևորում Ֆեյսբուք սոցիալական ցանցում ու Յութուբում։ Այս խումբը հիմնականում առաջ է քաշում ծայրահեղական գաղափարներ ու սկսում է ակտիվանալ ներաքաղաքական լարված ժամանակաշրջաններում։ Սեպտեմբերից սկսած, երբ կորոնավիրուսային իրավիճակը լարվել էր, այս խմբի անդամները փոքր ցույցեր իրականացրին Երևանի կենտրոնում։ «Լույսի բանակը» փաստացի մեկ անձի՝ Կարեն Արայանի կողմից ստեղծված կազմակերպություն է։
Այս խումբն ի տարբերություն վերոնշյալ շարժումների ու անհատների՝ մեծապես հանդես է գալիս մարդկանց վախեցնող ու զգայուն ապատեղեկատվությամբ՝ համեմված որոշ «գիտական» պարզաբանումներով։ Խմբի անդամների ելույթները հիմնականում ապոկալիպտիկ բնույթ են կրում, օրինակ՝ «այսկերպ փորձում են արատավորել հայի գենը», «մարդկանց ուզում են ռոբոտացնել, ո՞ւմ է պետք այն ապագան, որտեղ սաղ ռոբոտ են», «հայը սկսել է ցեղասպանություն հայի դեմ» և այլն։
Քաղաքական հետագիծը
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող շարժումներն ու անհատներն ակտիվանում են համաճարակի ալիքների ժամանակ, երբ վարակի տարածումը մեղմելու նպատակով իշխանությունները դիմում են որևէ նոր քայլի կամ սահմանափակումների։ Նրանց ակտիվացումն առավել քան ցայտուն էր Հայաստանում համավարակի 4-րդ ալիքի՝ 2021-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում։ Այդ ժամանակ պետությունը պատվաստման գործընթացը խթանելու ու վարակի տարածման շղթան կոտրելու համար մի շարք քայլեր ձեռնարկեց, որոնցից մեկը 14 օրը մեկ թեստավորվելու գաղափարն էր։
Առաջին հայացքից վերոնշյալ շարժումներն ու անհատներն միմյանց հետ ընդհանրություն չունեն, սակայն ուշադիր դիտարկելով նրանց գործողությունները, բողոքի ակցիաներն ու սոցիալական օգտահաշիվները՝ հանգել ենք այն եզրակացության, որ նրանց գերակշիռ մասը գործում է փոխկապակցված։
ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը 2021-ի սեպտեմբերին հայտարարեց, որ ստեղծվել է «Ազատ կամք» նախաձեռնությունը։ Այս նախաձեռնությունը սկսեց ակտիվ պայքարել կորոնավիրուսի դեմ իրականացվող կանխարգելիչ գործողությունների դեմ՝ մի քանի քննարկումներ ու բողոքի ցույցեր իրականացնելով։
Այս նախաձեռնության հավաքներին տեսնում ենք Դմիտրի Հարությունյանին, Գրիգոր Գրիգորյանին և Հովհաննես Գևորգյանին (Տե՛ս՝ «Ազատ կամք» նախաձեռնության հոկտեմբերի 7-ին հանրահավաքի տեսագրությունում): Նույն Դմիտրի Հարությունյանը, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի նախկին անդամ Պավել Մանուկյանը մասնակցել են նաև «Լույսի բանակ» կոչվող խմբի բողոքի ցույցերին։ Այս ակցիաներին մասնակցել է նաև «Ազատ կամքի» մեկ այլ անդամ, իրավաբան Էմիլ Մարկոսյանը (Տե՛ս՝ «Լույսի բանակի» սեպտեմբերի 9-ին հավաքի տեսանյութը), որն էլ իր հերթին ակտիվ էր առողջապահության նախարարության դիմաց իրականացրած բողոքի ցույցին։
Ապատեղեկատվության դեմ վարվող տեղեկատվական քաղաքականության մասին
Մեդիա փորձագետ Արթուր Պապյանը նշում է, որ դեռևս 2017-ից կային հակապաստվաստումային շարժումներ, որոնք շրջանառում էին Գարդասիլի հետ կապված ապատեղեկատվություն։ Այդ շարժումները վերափոխվեցին ու սկսեցին կեղծ տեղեկատվություն տարածել կորոնավիրուսի հետ կապված։ Բացի այդ, ըստ փորձագետի, կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում արդեն իսկ սուր տեսք էր ստացել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի Միքայել Մինասյանի միջև հակասությունը. «Այն պայմանավորված էր Մինասյանի հոր հետ, որը մինչ այդ զբաղեցնում էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնը։ Սկսվել էր «պատերազմական» մի իրավիճակ առողջապահական համակարգի դեմ. Միքայել Մինասյանն ու նրան պատկանող լրատվամիջոցներն ամեն ինչ անում էին, որպեսզի սևացնեն Թորոսյանին և առողջապահական համակարգը»,- նշում է Պապյանը և հավելում, որ կորոնավիրուսի համաճարակը սկսվելուց հետո ընդդիմությունն էր իշխանության դեմ պայքար սկսել։
«Այս կոնտեքստում համավարակի մեկնարկից հետո ամեն ինչ խառնվեց, ընդդիմադիր լրատվամիջոցները սկսեցին ակտիվություն դրսևորել»,- հայտնում է Պապյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը «ոտքի վրա էր սովորում». «Սկզբում հակասող հայտարարություններ էին լինում, օրինակ՝ դիմակը պետք է, թե՝ ոչ, «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» և այլն։ Բացի այդ, չկար միասնական տեղեկատվական հարթակ, որ մարդիկ պաշտոնական տեղեկություններ ստանային։ Այնուհետև, որոշվեց, որ ամենօրյա ռեժիմով համակցված տեղեկատվություն պետք է տարածվի, ու այդ ապատեղեկատվական գրոհները սկսեցին պակասել, քանի որ ապատեղեկատվությունը լավ է աշխատում, երբ տեղեկատվական վակուում կա, երբ մարդիկ տեղեկություն են փնտրում ու չեն գտնում, իսկ այդ ժամանակ տարածվում է ապատեղեկատվություն, կառչում են դրանից»,- կարծում է Պապյանը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը կարծում է, որ համավարակը քաղաքականացվել է. «Տեսնում ենք, որ քաղաքական նպատակներով թյուր ու կեղծ տվյալներ են տարածվել պատվաստումների մասին։ Ես նրանց բժիշկ չեմ անվանի, բժշկի դիպլոմ ունեցող մարդիկ զբաղվեցին այդ կեղծարարությամբ, որը պատճառ դարձավ բազմաթիվ մահերի, այսինքն՝ նրանք դարձան այս շղթայում շատ կարևոր մաս»։
Պետրոսյանը կողմ է այս հարցում կոշտ քաղաքականության. «Շատ երկրներում այդ քաղաքականությունը կիրառվում է, ընդհուպ կարող է քրեականացվել, եթե մարդիկ սուտ տեղեկատվություն են տարածում որևէ բժշկական նյութի վերաբերյալ, կամ նրանք քննադատվում են մասնագիտական ասոցիացիաների կողմից ու կարող են կորցնել իրենց արտոնագիրը, որը ցավոք սրտի մեր երկրում ինչ-ինչ պատճառով չի կիրառվում»,- նշում է մեր զրուցակիցը։
Պետրոսյանի համոզմամբ՝ փաստը, որ մենք ունեցանք բազմաթիվ մահեր վերջին ամիսներին, խոսում է հակապատվաստումային շարժումների «հաջողության» մասին։
Եզրակացություն
Կորոնավիրուսի դեմ պայքարն, ինչպես փորձագետները նշում են, Հայաստանում մեծապես քաղաքականացվել է։ Հատկապես կորոնավիրուսի հերթական ալիքի ժամանակ, երբ համավարակի տարածման տեմպերն ավելանում են, քաղաքական որոշ ուժեր ու շարժումներ սկսում են ապատեղեկատվություն տարածել։ Այս գործողությունները ազդում են մարդկանց գիտակցության վրա, որովհետև մի կողմից համավարակի արագ ու այդ պահին անկասելի թվացող տարածումը նրանց մոտ անվստահություն է առաջացնում կառավարության հանդեպ, մյուս կողմից ակտիվանում են հակապատվաստումային շարժումներն ու լցնում դաշտն իրենց կեղծ թեզերով։
Նրանցից ոչ ոք մասնագիտական հմտություններ ու գիտելիքներ չունի, նրանք չեն ներկայացնում վիճակագրություն և հղում չեն անում հավաստի գիտական աղբյուրների։ Նրանց ելույթներն ու հրապարակումները համեմված են քաղաքական կոչերով ու հայտարարություններով։
___________________
Լոնգրիդ ձևաչափի այս նյութը ստեղծվել է «Covid-19 անդրադարձում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Միջազգային Հանրապետական ինստիտուտի աջակցությամբ։
Ծրագրի մասին՝ այստեղ։
Հոդվածն արտատպվել է Սիվիլնեթ կայքից։