Նորություններ

«Գողացված արևը» հեքիաթի շրջագայությունը հայաստանյան մանկապարտեզներում՝ ի նպաստ ապատեղեկատվության դեմ պայքարի

Հայաստանի հինգ մանկապարտեզների ավելի քան 150 սաներ ծանոթացել են մեդիագրագիտության այբուբենին՝ հեքիաթի ու ներկայացման միջոցով։

Կարևորելով հենց մանկապարտեզի տարիքից մեդիագրագիտության զարգացումը և շարունակելով «Կըտ-կըտ ճուտիկ»-ի հաջողված փորձը՝ Հանրային լրագրության ակումբը, «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոնի հետ համագործակցությամբ, Վաղարշապատ, Սևան, Գեղամավան, Մեծամոր, Փարպի համայնքների մանկապարտեզներում ներկայացրել է Կոռնեյ Չուկովսկու «Գողացված արևը» համանուն ստեղծագործության հիման վրա մշակված բեմադրություն, որն օգնում է հասկանալ, թե ինչպես է ապատեղեկատվությունը տարածվում և մանիպուլացվում։

Անտառում տարածված լուրը, թե կոկորդիլոսը «կուլ է տվել» արևը, խառնաշփոթ է առաջացնում անտառային բնակիչների և մանկապարտեզի երեխաների շրջանում։ Ո՞ւր է անհետացել լույսը, ո՞վ է մեղավոր, ինչպե՞ս կարելի է պարզել ճշմարտությունը․ այս հարցերի պատասխանները երեխաները բացահայտում են միասին՝ ներկայացման ընթացքում։  Անտառային լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության հետքերով՝ երեխաներն իրականացնում են փոքրիկ հետաքննություն և փորձում պարզել իրողությունը։

Սցենարային և խաղարկայնացված դատն օգնում է լսել բոլոր կողմերին, դիտարկել փաստերը, համադրել ու կայացնել վճիռ։

Իհարկե, ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ ևս բարին հաղթում է չարին՝ ճշմարտությունը սփռվում է անտառով մեկ, իսկ երեխաներն իրենց ներգրավվածությամբ դառնում են դրա մի մասը։

«Գողացված արևը» հեքիաթի հերոսները երեխաներին սովորեցրել են, որ թվային հարթակներում նորություններ լսելիս և լուրեր տարածելիս պետք է զգույշ լինել, քանի որ մեծ է սխալ կամ չարամտորեն խեղաթյուրված տեղեկությանը հավատալու վտանգը։

«Մեդիագրագիտությունը որպես հասկացություն երեխաներին անհրաժեշտ է փոխանցել վաղ տարիքից։ Սակայն ինչպե՞ս բացատրել ու խոսել երեխաների հետ, որպեսզի նրանք այս բարդ, մեծերի աշխարհին բնորոշ տերմիններից ու հասկացություններից չփախչեն։ Մենք գտել ենք մի լուծում, որը խաղի, հեքիաթի ու ինտերակտիվ ներկայացումների լեզուն ու ձևաչափն է։ Մի քանի տարվա ընթացքում մենք համոզվեցինք, որ այդ մեթոդները լավագույնն են աշխատում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար»,- նշում է ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը։

Այս նախաձեռնությունը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն իրականացրել է «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի շրջանակում։ ՀԼԱ-ն, իր գործընկեր կառույցների՝  «Քայլ առ քայլ» հիմնադրամի և Teaching Academy կազմակերպության հետ, փորձում է հայաստանյան նախադպրոցական կրթական հաստատությունների սաներին և մանկավարժական աշխատողներին աջակցել մեդիագրագետ դառնալու ճանապարհին՝ զինելով մեդիա և տեղեկատվական գրագիտության գիտելիքներով ու հմտություններով, առցանց տիրույթում առավել գրագետ գործելու և տեղեկությունն անվտանգ սպառելու խորհուրդներով, նպաստելով ապատեղեկատվությանը դիմակայուն և մեդիագրագետ հասարակության կերտմանը։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում: Ծրագրի գործընկերներն են՝ «Քայլ առ քայլ» հիմնադրամը, «Թիչինգ Ըքադեմի»-ն (Teaching Academy), «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ), «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոնը,

Ներկայացումներից հետո մանկապարտեզի դաստիարակների և տնօրենների հետ ՀԼԱ ներկայացուցիչներն անցկացրել են  քննարկում՝ կարծիքների փոխանակման, մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված գործիքների կիրառման, երեխաների մոտ քննադատական մտածողությունը զարգացնելու կարևորության վերաբերյալ։

Մանկավարժական աշխատողները համակարծիք են եղել՝ նմանատիպ նախաձեռնությունները շատ կարևոր են՝ հատկապես հաշվի առնելով հանրակրթության նոր չափորոշիչներում մեդիագրագիտության ներմուծումն ու վերջինիս խթանման խիստ կարևորությունը։ Նրանք ՀԼԱ-ի կողմից ստացել են մեդիագրագիտության զարգացմանն ուղղված հեքիաթներ՝ «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ», «Լինում է, չի լինում ․․․ առցանց» և հավաստիացրել, որ ձեռք բերված գիտելիքները և խորհուրդներն օգտակար էին, և դրանք անպայմանորեն կներառեն ուսումնական գործընթացում։

Ծրագրի նպատակերից է նաև  բարձրացնել մանկավարժների թվային անվտանգության կարողությունները, օգնել նրանց առավել լավ հասկանալու անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը, ձեռք բերելու ծրագրի շրջանակում մշակված մեդիա և տեղեկատվական գրագիտության ռեսուրսներ ու կրթական պլաններ, որոնք պետք է ներմուծվեն նախադպրոցական կրթական համակարգ։

Ավելի քան 500 մանկավարժներ մասնակցել են մեդիագրագիտության զարգացմանն ուղղված վեբինարների՝ միջազգային և հայաստանյան առաջատար փորձագետների կողմից, իսկ 31 մանկավարժներ վերապատրաստողների (ToT) անցանց դասընթաց են անցել։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԼԱ Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանի հետ (բջջ․՝ +37493270808, էլ․ փոստ՝ [email protected]):



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend