Մեդիագրագիտության մասին՝ հեքիաթի լեզվով
- August 4, 2021
- Category: Նորություններ
«Նորագույն տեխնոլոգիաները հրաշալի են, բայց երբեմն երեխաներին պետք է օգնել աշխատելու դրանց հետ և իմաստալից օգտագործելու, որպեսզի դրանք հարստացնեն, ոչ թե՝ վնասեն»։ – Ջուլիա Քուք, «Թվային պոչ» Հայաստանում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն ու անձնական տվյալների պատշպանությանը վերաբերող մանկական գրականություն ամեն քայլափոխի չես հանդիպի, մինչդեռ այն կենսական նշանակություն ունի մեդիատիրույթում ավելի անվտանգ լինելու և փոքրիկների հետ բարդ թեմաների մասին դյուրին լեզվով խոսելու համար։
Հանրային լրագրության ակումբը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացրած «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում ձեռք է բերել ամերիկյան 3 բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկ», «Թվային պոչ» և «Լինում է չի լինում առցանց» հեքիաթների հեղինակային իրավունքներն ու թարգմանել դրանք հայերեն։
Ծրագրի համակարգող Աննա Մեխակյանը «Սիսիան համայնքի թիվ 1 ՆՈՒՀ ՀՈԱԿ»-ի տնօրեն Արուս Գասպարյանի հետ
«Մեդիայի դրական ու բացասական կողմերի մասին երեխաների հետ խոսում են հեքիաթի հերոսները։ Նրանք սովորեցնում են խելամիտ վարք դրսևորել մեդիա տիրույթում, պաշտպանել անձնական տվյալներն ու խուսափել մեդիայում թաքնված թակարդներից»,- ասում է ծրագրի համակարգող Աննա Մեխակյանը։ Գրքերը 4-10 տարեկան երեխաների համար են։ Հեքիաթներում նրանք կհանդիպեն նաև ծանոթ հերոսների, որոնք նոր ասելիք ունեն և այլ տեսանկյունից են ներկայանում փոքրիկներին։
Ձախից՝ աջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Ամիրահ Իսմայիլը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանը, գրադարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում
«Կըտ-կըտ ճուտիկը, «Լինում է չի լինում առցանց» և «Թվային պոչ»-ը զվարճալի պատմություններ են գրագետ մեդիա ստեղծելու, սպառելու և մեդիաաշխարհում ճանապարհորդելիս անվտանգ վարք դրսևորելու համար։ «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթում ճուտիկը ներխուժում է մի անծանոթ մարդու տուն ու սեղանին համակարգիչ գտնելով անվերջ կտկտացնում, անպետք իրեր գնում, դա էլ բավական չէ սոցցանցերի միջոցով ծանոթանում է մեկ ուրիշ «ճուտիկի» հետ և տրամադրում իր անձնական տվյալները։
Սիսիանի համայնքային գրադարանի անձնակազմը
«Լինում է չի լինում առցանց» հեքիաթում էլ իրար գլուխ են հավաքվել գլխավոր հերոս Ջեքը, Կարմիր գլխարկը, գայլը, երեք խոզուկները, Մոխրոտիկը, փերին ու անգամ Ռապունցելը։ Լեփթոփը հայտնվել է հեքիաթի աշխարհում՝ հնարավորություն տալով, որ Ջեքն ու ընկերները բացահայտեն առցանց աշխարհի լավ ու վատ կողմերը։ «Թվային պոչ»-ը զրույց է մի աղջնակի ու համակարգչի էկրանի միջև՝ թվային աշխարհում թողած մեր հետքերի մասին։ Այն նաև օգտակար խորհուրդներ է պարունակում ծնողների համար։
Գրքերը վաճառքի համար չեն, սակայն արդեն իսկ հասցրել են գտնել իրենց փոքր ու մեծ ընթերցողներին։ Հանրային լրագրության ակումբը նվիրել է գրքերը միջոցառումներին ներկա բոլոր երեխաներին, ինչպես նաև մի քանի օրինակ տրամադրել մարզերի ու Երևանի մի շարք մանկապարտեզների, ինչպես նաև՝ Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանին, «Սիսիան համայնքի թիվ 1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին, Սիսիանի համայնքային գրադարանին և Չարենցավանի «Հեքիաթ» մանկապարտեզին։ «Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ թատրոնի հետ համագործակցությամբ «Կըտ-Կըտ ճուտիկ»-ի հիման վրա բեմադրվել է տիկնիկային ներկայացում, որը ներկայացրել ենք Գյումրիում, Երևանում, Սիսիանում, Էջմիածնում ու Չարենցավանում»,- հավելում է Աննա Մեխակյանը։ Ներկայացումն իբրև ուսուցողական տեսանյութ շուտով հասանելի կդառնա մանկավարժներին ու ծնողներին։ Իսկ գրքերի հաջորդ տպաքանակը կբաժանվի ծրագրի շրջանակում տեղի ունեցած սեմինարիներին մասնակից բոլոր մանկապարտեզների ներկայացուցիչներին և մի շարք գրադարանների։ Հեքիաթները թարգմանվել ու հասել են իրենց փոքրիկ հասցեատերերին, մնում է կրթել և դաստիարակել համացանցում անվտանգության կանոններին տիրապետող ու մեդիագրագետ երեխաներ։