www.osp.am. փաստերի ստուգման նորաստեղծ հարթակը՝ լրագրողների օգնական
- September 28, 2023
- Category: Նորություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) գործարկել է փաստերի ստուգման նոր կայք՝ Բաց աղբյուրների հարթակ։ OSP.am-ը (Open Sources Platform) ստեղծված է աջակցելու հետաքննող լրագրողներին, փաստերի ստուգմամբ կամ տվյալների լրագրությամբ զբաղվող մասնագետներին՝ հայաստանյան բաց աղբյուրներից դյուրացված տարբերակով ստանալու իրենց անհրաժեշտ տեղեկությունը։
Հարթակն ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
«Հանրային լրագրության ակումբը, կարևորելով մեդիագրագիտության զարգացումն ու փաստահեն լրագրությունը, հնարավորություն է տալիս այս կայքի միջոցով հասանելիություն ունենալ հայաստանյան բոլոր հիմնական բաց աղբյուրների հարթակներին, որոնք անհրաժեշտ են որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու համար»,- նշում է Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը։
Ըստ ՀԼԱ ղեկավարի՝ կայքը հատկապես օգտակար կլինի լրագրողական համայնքի համար․ այն օգնում է կողմնորոշվել բաց աղբյուրների հարթակներում, մատչելի կերպով բացատրում է տեղեկության որոնման ճանապարհը։
Կայքից հեշտորեն օգտվելու համար օգնության է գալիս այս ուղեցույցը։
Կայքը մեկտեղել է տարբեր ռեսուրսներ, ուղեցույցներ ու բազաներ, որոնք կօգնեն այցելուներին բազմաթիվ տվյալների մեջ չխճճվելու համար օգտագործել ֆիլտրեր՝ ավելի պարզ ու արագ տարբերակով գտնելու ցանկալի աղբյուրը։ Բաց աղբյուրների հարթակի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ նաև առանց փնտրման համակարգից օգտվելու․ հարթակի գլխավոր էջում, ըստ ոլորտների առանձնացված տարբերանշանների տակ տեղադրված են հայաստանյան հիմնական բաց աղբյուրների ուղեցույցները։
Osp.am-ը նաև հնարավորություն է տալիս լրագրողներին, տվյալների հետ աշխատող մասնագետներին կիսվել տվյալներով, որոնք չկան բաց ռեսուրսներում։ Գլխավոր էջում առկա «Կիսվեք բազաներով» պատուհանում լրացնելով դատարկ դաշտերը՝ կարելի է կցել տվյալներ և ֆայլեր, որոնք կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կներկայացվեն հարթակում։
Կայքի գլխավոր էջում ներկայացված է նաև InVID գործիքի մասին տեղեկություն և այն ներբեռնելու հնարավորություն։
InVID-ը նախաձեռնություն է, որը մշակում և օգտատերերին է առաջարկում փաստերի ստուգման համալիր գործիքներ։ Ֆրանսպրեսի (Agence France-Press, AFP) ստեղծած այս հարթակը թույլ է տալիս ստուգել տեքստային, ֆոտո և վիդեո բովանդակություններ, դրանք որոնել սոցիալական մեդիայի հարթակներում և բազմազան այլ աղբյուներում, ինչն օգտատիրոջը թույլ է տալիս հայտնաբերել հնարավոր կեղծիքներն ու ապատեղեկատվությունը, վիզուալ բովանդակություններում օգտագործված մանիպուլյացիաները և այլն։
Ֆրանսպրեսի՝ InVID-ի ծրագրային թիմի հետ ակտիվ բանակցությունների արդյունքում, Հանրային լրագրության ակումբն այս գործիքը թարգմանել է հայերեն՝ աջակցելու փաստեր ստուգող լրագրողներին մեդիագրագետ բովանդակություն ստեղծելու և տարածելու գործում։ InVID-ում առկա են նաև մեդիագրագիտության և փաստերի ստուգման վերաբերյալ բազմաթիվ ռեսուրսներ՝ վեբինարներ, ուղեցույցեր, հետազոտություններ, սահիկաշարեր, տեսադասեր և այլն։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԼԱ Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանի հետ (բջջ․՝ 093270808, էլ․ փոստ՝ [email protected]):