Նորություններ

Մեդիագրագիտության խթանումը մանկապարտեզներում․ «Գողացված արևը» ներկայացման առաջնախաղ

Այսօր՝ հունիս 13-ին, Վաղարշապատի N11 մանկապարտեզ էին այցելել Կորնեյ Չուկովսկու «Գողացված արևը» հեքիաթի հերոսները, որոնք երեխաներին սովորեցնում էին, որ թվային հարթակներում նորություններ լսելիս և լուրեր տարածելիս պետք է զգույշ լինել, քանի որ մեծ է ապատեղեկատվության վտանգը։

Առաջին անգամ ցուցադրվող «Գողացված արևը» ներկայացումը նախաձեռնել էր Հանրային լրագրության ակումբը՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի շրջանակում։ Ծրագրի գործընկերներն են՝ «Քայլ առ քայլ» հիմնադրամը, «Թիչինգ Ըքադեմի»-ն, «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոնը։

Անտառում տարածված լուրը, թե կոկորդիլոսը «կուլ է տվել» արևը, խառնաշփոթ է առաջացնում անտառային բնակիչների և մանկապարտեզի երեխաների շրջանում։ Ո՞ւր է անհետացել լույսը, ո՞վ է մեղավոր, ի՞նչպես կարելի է պարզել ճշմարտությունը․ այս հարցերի պատասխանները երեխաները բացահայտում են միասին ներկայացման ողջ ընթացքում։ Անտառային լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության հետքերով՝ երեխաներն իրականացնում են փոքրիկ հետաքննություն և փորձում պարզել իրողությունը։ Սցենարային և խաղարկայնացված դատն օգնում է լսել բոլոր կողմերին, դիտարկել փաստերը, համադրել ու կայացնել վճիռ։ Իհարկե, ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ ևս բարին հաղթում է չարին՝ ճշմարտությունը սփռվում է անտառով մեկ, իսկ երեխաներն իրենց ներգրավվածությամբ դառնում են դրա մի մասը։

Ներկայացումից հետո մանկապարտեզի դաստիարակների և տնօրենի հետ անցկացվել է քննարկում՝ կարծիքների փոխանակման, մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված գործիքների կիրառման վերաբերյալ։

«Այս ձևաչափն ու թեմատիկ ուղղությունն այլևս կրթական նոր չափորոշչային համակարգի անբաժան մաս է համարվում (ՀՊՉ 5): Շատ կարևոր է, որպեսզի նախակրթական հաստատություններն այս ուղղությամբ աշխատեն ոչ միայն երեխաների հետ, այլև ծնողների՝ զրույցների, քննարկումների և ինտերակտիվ այլ ձևաչափերի կիրառմամբ։ Վաղ մանկության տարիքից երեխաների զինումը թվային գրագիտությամբ՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերն է, որն էլ փորձում ենք հաղթահարել միասին՝ կառուցելով ապատեղեկատվությանը դիմակայուն հասարակություն»,- նշել է ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանը։

Ծրագրի շրջանակում  նախատեսվում է«Գողացված արևը» ներկայացումը ցուցադրել Հայաստանի այլ մարզերում ևս։

«Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի նպատակն է մանկավարժներին զինել մեդիա և տեղեկատվական գրագիտության գիտելիքներով և հմտություններով, բարձրացնել նրանց թվային անվտանգության կարողությունները, օգնել առավել լավ հասկանալ անձնական տվյալների պաշտպանության կարևորությունն ու մեխանիզմները։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend