Հայտարարություններ

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ՔՊ-ն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով հայցի վերաբերյալ

Երևան, 6 սեպտեմբերի 2023թ․

Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով պատասխանողի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդության բավարարման վերաբերյալ։ Իսկ հայցի առիթը վերոհիշյալ կայքում ս․ թ․ հուլիսի 21-ին հրապարակված՝ «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութն է։ Դրանում փորձ է արվում բացահայտել, թե ինչպես է կուսակցությունը Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի միջոցով կազմակերպում, որպեսզի տեղի բնակիչների երևանցի ազգականներն ու բարեկամները մայրաքաղաքի ավագանու գալիք ընտրություններում քվեարկեն ՔՊ-ի օգտին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդեմ լրատվամիջոցների հիմնադիրների հայց ներկայացնելիս նաև միջնորդում են, որ դատարանը պատասխանողի գույքի և/կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնի։ Նմանատիպ դեպքի առնչությամբ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ նաև մայիսի 12-ին՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով։

ԶԼՄ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին լրացուցիչ ճնշում գործադրելու և խմբագրության հետ «հաշիվ մաքրելու» փորձ է, ինչն անթույլատրելի է և հակասում է միջազգային նորմերին ու պրակտիկային։ Բայց առավել անընդունելի է, երբ դատարանները բավարարում են լրատվամիջոցների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու այդ միջնորդությունները։ Այդպիսի անհիմն որոշումները խաթարում են խմբագրությունների բնականոն գործունեությունը։ Մինչդեռ դատարանները պետք է դա թույլ չտան, ինչպես նաև հակազդեն հայցվորների՝ դատական մեխանիզմները որպես ԶԼՄ-ների նկատմամբ «պատժիչ գործիք» կիրառելու փորձերին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․

  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ վերացնել «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու որոշումը և հետ կանչել ԴԱՀԿ-ին ուղարկած կատարողական թերթը,
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ դրսևորելով քաղաքական լայնախոհություն և հանդուրժողականություն՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից և դատական գործում կենտրոնանալ բուն տեղեկատվական վեճի վրա։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience.
Send this to a friend