Նորություններ

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Դիտեք «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագրի մասսին պատմող տեսանյութը:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն  իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է իրականացնել տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը մեկնարկել է 2016 թ.-ի ապրիլին, տևողությունն է տասնվեց ամիս, ընդհանուր բյուջեն` մեկ ու կես միլիոն եվրո։

Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները կիրականացվեն տարբեր ոլորտներում` գործարարության, քաղաքականության մշակման, մշակույթի, կրթության, մեդիայի և երիտասարդության ասպարեզներում: Ծրագիրը կտրամադրի ճանապարհորդական և կրթաթոշակների հնարավորություն հասարակության տարբեր խմբերի համար: Կիրականացվեն զանազան գործողություններ՝ այդ թվում. սեմինարներ և դասընթացներ երիտասարդների համար, ճարտարապետների և ձեռնարկատերերի փոխայցելություններ, գործարար և տնտեսական հնարավորությունների հետազոտություն, մեդիա հետազոտություն, ծրագրեր ուղղված գյուղատնտեսական գործարարության, երիտասարդության և համայնքային զարգացման խթանմանը, ինչպես նաև քաղաքականության մշակմանը:

Ծրագրի կարևորագույն բաղադրիչն է համընդգրկունությունը, այն է` երկխոսության գործընթացում նոր դերակատարների ներգրավումը: Այս նպատակով կոնսորցիումը կշարունակի դրամաշնորհային աջակցության ծրագրային մասը՝, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend