Ստուգված նյութեր

Հեղափոխությունից հետո մեկ անձից կատարվող գնումների պրակտիկան շարունակվում է

Ոչ ամենևին խրախուսելի՝ մեկ անձից կատարվող գնումները նվազելու փոխարեն շարունակում են աճել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:

Պետական կառույցների կողմից սեփական կարիքների համար գնումներ կատարելու ընթացակարգերը սահմանվում են «Գնումների մասին» օրենքով։ Ըստ այդ սահմանումների՝ պետական գնումներն իրականացվում են չորս ընթացակարգերով՝  էլեկտրոնային աճուրդի, մրցույթի, գնանշման հարցման և մեկ անձից գնման միջոցով:

Օրենքում հստակ ընդգծվում է, որ գնումների կատարման նախընտրելի ձևը մրցույթն է, քանի որ այդ ընթացակարգով անցկացվող գնումների դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազում են: Չնայած այդ հանգամանքին՝ պետական կառույցների կողմից իրականացված գնումների ընթացակարգերում մշտապես զգալի տեղ են զբաղեցրել մեկ անձից կատարվող գնումները:

«Գնումների մասին» օրենքը հստակ սահմանում է նաև մեկ անձից կատարվող գնումների պայմանները: 23-րդ հոդվածը վերաբերում է ընթացակարգին։ Գնումների բազային միավորը, համաձայն օրենքի, մեկ միլիոն ՀՀ դրամ է:

Հատկապես մեկ անձից կատարվող գնումները մշտապես եղել են լրագրողների և հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ իրենց մեջ կարող են պարունակել կոռուպցիոն սխեմաներ և տարրեր: Պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գնումները հավաքագրվում են Ֆինանսների նախարարության ARMEPS.am և gnumner.am կայքերում, իսկ գնումների մոնիթորինգն իրականացնում է tender-monitoring.am կայքը, որը համակցված տվյալներ է տալիս նաև էլեկտրոնային ռեգիստրից: Կայքի միջոցով հնարավոր է տեսնել պատվիրատու պետական մարմնի իրականացրած գնումները, ընթացակարգերը և գնման պայմանագրերը: Հիմնվելով երկու կայքերի տրամադրած տեղեկությունների վրա` ուսումնասիրել ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ վերջին երեք տարիներին՝ 2017, 2018 և 2019 թվականներին իրականացրած գնումները:

2017-ին, ըստ tender-monitoring.am կայքում տեղ գտած տվյալների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կնքել է 78 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 204.9 մլն դրամ արժողությամբ: Մեկ անձից կատարված գնման ընթացակարգով 2017-ին կնքվել է 2 պայմանագիր «Տուրիզմ և Իվենթ Լոջիսթիքս» ՍՊԸ-ի հետ՝ 8.2 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Ընկերությունը նախարարությանը մատուցել է միջկառավարական հանձնաժողովի նիստերի կազմակերպման հետ կապված ծառայություններ: Երկու պայմանագրերն էլ կնքվել է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին: Առանց հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով կնքվել է 34 պայմանագիր: Դա նույնպես մեկ անձից կատարվող գնման տարբերակ է: Ընդհանուր` 2017-ին կնքված պայմանագրերի 46.1%-ը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով:

2018 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կնքել է 88 պայմանագիր, որի համար ծախսել է ընդհանուր շուրջ 470.8 մլն դրամ, որի 44.96%-ը՝ 209.8 մլն դրամը բաժին է ընկնում մեկ պայմանագրի:

 

Այդ մեկ պայմանագիրը կնքվել է 2018 թ-ի նոյեմբերի 7-ին «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի հետ մեկ անձից կատարվող գնումների հրատապ ընթացակարգով: Ընդհանուր առմամբ 2018 թ-ին մեկ անձից կատարված գնումների թիվը հասնում է 54-ի՝ կազմելով ընդհանուր պայմանագրերի 61.3%-ը, ինչը 15.2%-ով ավելի է 2017 թ-ի համեմատությամբ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2019 թ-ին կատարված գնումները 2017 թ-ի համեմատ աճել է 158.9, իսկ 2018 թվականների համեմատ 129.5%-ով՝ կազմելով 202 պայմանագիր:

 

 

100 պայմանագիր կնքվել է մեկ անձից կատարված գնման եղանակով, այդ թվում՝ 27 պայմանագիր հրատապ գնման եղանակով: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին, որ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ին ընդունված

օրենքի 14-րդ հոդվածի` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են` ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, այդիսկ պատճառով էլ զգալի ավելացել են նախարարության կողմից կատարված գնումները նույն տարում:

Արդեն նշեցինք, որ 2019 թ-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկ անձից գնման եղանակով կնքել է 100 պայմանագիր, որը կազմում է ընդհանուր կնքված պայմանագրերի 49.5%-ը: Նախարարությունը հիմնանորոգման աշխատանքների համար մեկ անձից գնման եղանակով 2 պայմանագիր է կնքել «Մերձմոսկովյան» ԲԲԸ կազմակերպության հետ: Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1.497 մլրդ դրամ: Պայմանագրի առարկան եղել է հիմնանորոգման աշխատանքները: Պայմանագրերից մեկը կնքվել է 2019 թ-ի սեպտեմբերի 23-ին, իսկ մյուսը՝ սեպտեմբերի 26-ին: Ընկերության տնօրենը Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանի հայր Արամ Ադամյանն է: Վերջինս 2019 թվականին 4 ծառայություն է մատուցել նաև Պետական եկամուտների կոմիտեին դարձյալ մեկ անձից կատարվող գնման եղանակով: Գյումրիի մաքսատունը նույնպես կառուցվել է նշված ընկերության կողմից:

Նախարարությունը տեխնիկական հսկողության ծառայություններ իրականացնելու համար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով 4 պայմանագիր է կնքել «Սուֆետ» ՍՊԸ-ի հետ, որը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Վահե Չիլինգարյանին: Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39.8 մլն դրամ: Վահե Չիլինգարյանին պատկանող ընկերությունը մեկ անձից կատարվող գնման եղանակով ծառայություններ է մատուցել նաև Երևանի քաղաքապետարանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմնանորոգման աշխատանքների համար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Ոսմար» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը պատկանել է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին: Այժմ ընկերությունը տնօրինում է Նելսոն Ոսկանյանի որդին` Հարություն Ոսկանյանը: Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 607 մլն դրամ: Ընկերությունը ծառայություններ է մատուցել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և Սյունիքի մարզպետարանին:

Սամվել Մայրապետյանին պատկանող «Էյչ Այ Ուայ» ՍՊԸ-ն մեկօրյա ներկայացուցչական ծառայություններ է մատուցել` մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: Ծառայության ընդհանուր գումարը կազմել է 330 հազար դրամ: Ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով ծառայություններ է մատուցել նաև Ազգային ժողովին, Արտաքին գործերի նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը և մի քանի այլ նախարարությունների ևս:

Նախարարությունը հիմնանորոգման աշխատանքների համար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել նաև «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի հետ: Վերջինիս տնօրենը Արարատ Կարապետյանն է, ով Կապանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Կարապետյանի եղբայրն է: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 158.4 մլն դրամ: Ընկերությունը նախկինում եղել է ՀՀ տրանսպորտի նախարարության ենթակա կառույց:

«Շինպլյուս» ՍՊԸ-ն, որը ղեկավարում է Տիգրան Նազարյանը, նախարարությանը մատուցել է ճանապարհների պահպանման աշխատանքների ծառայություն` մեկ անձից գնման ընթացակարգով: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7 մլն դրամ: Տիգրան Նազարյանը հանրության շրջանում հայտնի է լրագրող Նարինե Ավետիսյանի վրա բռնություն գործադրելու միջադեպով:

Նախարարությունը 2019-ին ներկայացուցչական ծառայություն է գնել «Տուրիզմ և Իվենթ Լոջիսթիքս» ՍՊԸ-ից` մեկ անձից գնման ընթացակարգով: Ծառայության ընդհանուր գումարը կազմել է 3.2 մլն ՀՀ դրամ, այդ թվում ներառելով` սենյակների և դահլիճի վարձակալում, ճաշ, ընթրիք, սուրճի ընդմիջում, տրանսպորտի վարձակալություն և տրանսֆերներ, մշակութային ծրագրերի կազմակերպում և հուշանվերների տրամադրում: Հատկանշական է, որ այս ընկերության դեմ բազմիցս եղել են դատական հայցեր հարկ չվճարելու համար: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած վճարումներից տեղեկանում ենք, որ վերոնշյալ ընկերությունը մշտապես վճարել է 2000 կամ 1000 ՀՀ դրամ, ինչից կարելի է ենթադրել, որ «Տուրիզմ և Իվենթ Լոջիսթիքս» ՍՊԸ-ն ունի ընդամենը մեկ կամ լավագույն դեպքում երկու աշխատակից: Ըստ կայքի տրամադրած տվյալների` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարված վերջին վճարումը եղել է 2018 թվականի դեկտեմբերին 1000 ՀՀ դրամ:

Վերջին երեք տարիների՝ պետության կարիքների համար իրականացվող գնումների ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ պետական կառույցների պետական գնումները մեկ անձից իրականացնելու վերաբերյալ դիրքորոշումը չի փոփոխվել: Այն շարունակվում է և հստակորեն աճի տեմպ է գրանցում։ Դիտարկենք նաև 2020 թ-ի հունվար-ապրիլ ամիսներին իրականացված գնումներն ավելի լավ պատկերացում կազմելու համար, թե արդյոք նվազել են մեկ անձից կատարվող գնումները 2018 թվականի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կնքել է թվով 30 պայմանագիր, որի 76.6%-ը` 23 պայմանագիր, կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով: Բավականին խոսուն ցուցիչ է՝ որպես ապացույց այն պնդման, որ պետական կառույցները նախընտրում են կարիքների համար գնումներ իրականացնել ոչ ամենևին խրախուսելի ընթացակարգով։

Այսպիսով` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար վերջին տարիների կատարված գնումներից պարզ է դառնում, որ թե՛ մինչև 2018-ի հեղափոխությունը, թե՛ հեղափոխությունից հետո չեն նվազել մեկ անձից կատարվող գնումները, ավելին՝ դրանք զգալի աճել են:  2017 թ-ին մեկ անձից գնումները կազմել է ընդհանուր գնումների 46.1%-ը, 2018-ին` 61.3%, 2019-ին` 49.5% և 2020 թ-ի հունվար-ապրիլ ամիսներին 76.6%:

 

Նարեկ Մարտիրոսյան

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend