Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ բանակցում է վիզաների ազատականացման շուրջ․ սա մեր գործընկերության խորության և հարստության ևս մեկ վկայություն է․ Վասիլիս Մարագոս

Հարցազրույց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Հարցազրույցը վարել է Civilnet.am-ի լրագրող Փոլ Վարդան Սուքիասյանը, համակարգել է լրագրող Ստելլա Մեհրաբեկյանը։

Փոլ վարդան Սուքիասյան։ Պարոն դեսպան, մի փոքր խնդիր, որին հայերը, և ոչ միայն, հաճախ բախվում են, կապված է Շենգենյան վիզաների ստացման հետ։ Պահանջարկը  շատ բարձր է, նամանավանդ մասնագետների շրջանում, մարդկանց, որոնք շատ պատճառներ ունեն Եվրոպա մեկնելու, օրինակ՝ աշխատանքի բերումով։ Նրանք ասում են, որ գործընթացը կարող է շատ ծանր լինել, բարդ է կողմնորոշվել ինչ է անհրաժեշտ ու ինչպես արձագանքել։ Այսպիսով, ինչպե՞ս է ԵՄ-ն արձագանքում այս մարտահրավերներին, հատկապես տեղեկատվության հստակության և դիմորդների աջակցության մասով։

Դեսպան Վասիլիս Մարագոս։ Շնորհակալ եմ հարցի համար։ Շատ լավ ծանոթ եմ վիզաների տրամադրման մարտահրավերներին։ Սա խնդիր է, որը բարձրաձայնվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Հենց այն բարձր պահանջարկի պատճառով, որը դուք նշեցիք։ Բարձր պահանջարկ, որը ես շատ դրական եմ գնահատում, որովհետև հայաստանցիները սիրում են գնալ Եվրոպա, որպես զբոսաշրջիկներ և մասնագետներ։ Վերջին տարիներին մենք ավելացրել ենք տրամադրվող վիզաների քանակը։ 2024թ․-ին մենք հասել ենք տարեկան 100000 վիզաների քանակի։ Սակայն կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է երկու կողմերից էլ հասնել փոխգործակցության բարելավման։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։

Հարցազրույցը անցկացվել է Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։

Նշենք, որ Ստելլա Մեհրաբեկյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագիրը կրող երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: 

Կիսվել :