Ինչպե՞ս դիմակայել արտաքին ազդեցություններին, երբ դրանք տարածվում են քաղաքական հայտարարությունների, այլև սոցիալական ցանցերի, անանուն կայքերի, տելեգրամյան ալիքների, կեղծ սոցհարցումների և արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության միջոցով։
Այս հարցն էր Հանրային լրագրության ակումբի «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի առանցքում։ Նախաձեռնությունը նպատակ ուներ Մոլդովայի փորձը ոչ թե պարզապես ներկայացնել Հայաստանում, այլ այն վերածել լրագրողական աշխատանքի, մասնագիտական համագործակցության և հետընտրական դիմակայունության օրակարգի։
Ծրագիրը Հանրային լրագրության ակումբն իրականացրել է 2025 թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2026 թ․ հունիսի 30-ը՝ Գերմանական Մարշալ հիմնադրամի (ԱՄՆ) «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
Ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում ազդեցության ցանցերը
Ծրագրի առաջին փուլում՝ մարտի 23–25-ը, Հայաստանից հետաքննող և փաստեր ստուգող լրագրողներ ու մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելեցին Մոլդովա։
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպեց TV Nord, 24 Martie, ADEPT, Ziarul de Gardă, API, RISE Moldova, Cu Sens և NordNews կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին ընտրական գործընթացներին արտաքին միջամտությունների, քաղաքական և ֆինանսական ազդեցության ցանցերի, ապատեղեկատվական արշավների ու դրանց բացահայտման գործիքները։
Մոլդովայի փորձի կարևոր առանձնահատկություններից մեկը մեդիայի և քաղաքացիական հասարակության համակարգված աշխատանքն էր։ Անկախ լրատվամիջոցները ոչ միայն արձագանքել էին արդեն տարածված կեղծ տեղեկություններին, այլև հետաքննել ֆինանսական հոսքերը, քաղաքական դերակատարների, միջնորդ կառույցների և տեղեկատվական ցանցերի կապերը։
«Ապատեղեկատվության և արտաքին ազդեցությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը մեզ մոտ նույնպես կա»,— Մոլդովա այցից հետո նշել է «Հետք»-ի լրագրող Լուսինե Հակոբյանը՝ շեշտելով, որ ընտրական շրջանում տեղեկատվական մանիպուլյացիաների ռիսկերը զգալիորեն մեծանում են։
Փորձը վերածել լրագրողական աշխատանքի
Մոլդովա այցին հաջորդեց ծրագրի գործնական փուլը։ Մասնակից լրագրողները քննության առան Հայաստանի տեղեկատվական միջավայրում գործող ազդեցության մեխանիզմները՝ պարզելու, թե ովքեր, ինչ հարթակներով և ինչ գործիքներով են փորձում ներգործել հանրային կարծիքի ու ընտրողների վարքագծի վրա։
Ծրագրի շրջանակում պատրաստվեցին չորս հետաքննական և վերլուծական աշխատանքներ։
☑️«Արհեստական իրականություն․ թվային նոր քարոզիչները» ուսումնասիրության հեղինակները վերլուծել են տիկտոկյան և ֆեյսբուքյան 52 էջերում հրապարակված՝ արհեստական բանականությամբ ստեղծված 229 տեսանյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես է ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը կիրառվել քաղաքական մանիպուլյացիաների և որոշակի պատումների տարածման համար։
☑️ «Հայաստանյան սոցհարցումների շուկան․ ռուսական հետքն ու անհայտ կենտրոնները» նյութն ուսումնասիրում է ընտրություններին ընդառաջ ակտիվացած, կասկածելի ծագում ունեցող սոցիոլոգիական կենտրոնները, դրանց հնարավոր կապերը Ռուսաստանի հետ և անվստահելի տվյալների միջոցով հանրային կարծիքի վրա ազդելու ռիսկերը։
☑️ «Ինչպե՞ս են գործակցում տելեգրամյան ալիքները նախընտրական շրջանում» հետաքննության ընթացքում «Հետք»-ը դիտարկել է երկու տելեգրամյան ալիքների հրապարակումները՝ բացահայտելու դրանց բովանդակային նմանությունները, ուղիղ հղումները, վերահրապարակումները և հնարավոր համակարգված փոխգործակցությունը։
☑️ «Թվային մանիպուլյացիաներն ու անտեսանելի ազդեցությունը Հայաստանի ընտրություններում» աշխատանքը քարտեզագրում է կեղծ կայքերից և բոտային ակտիվությունից մինչև համակարգված պատումների տարածում ու որոնողական համակարգերի և ԱԲ գործիքների վրա ազդելու փորձեր հասնող մեխանիզմները։
Այս հրապարակումները ծրագրի ամենաշոշափելի արդյունքներից են․ միջազգային փորձի ուսումնասիրությունը վերածվել է Հայաստանի տեղեկատվական միջավայրի վերաբերյալ փաստահեն լրագրողական աշխատանքի։
Անհատական բացահայտումներից՝ համատեղ արձագանքի
Մայիսի 23-ին Երևանում անցկացված Հայաստան–Մոլդովա աշխատաժողովը մեկ հարթակում համախմբեց երկու երկրների լրագրողներին, մեդիա մասնագետներին, քաղաքացիական հասարակության և հաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին։
RISE Moldova-ի խմբագիր Վլադիմիր Տհորիկը և NordNews-ի գլխավոր խմբագիր Յուլիանա Վոլկովը ներկայացրին, թե ինչպես են իրենց խմբագրությունները հետաքննել քաղաքական դերակատարների, ազդեցության միջնորդների և պրոքսի կառույցների կապերը։
«Բարդ տվյալները պետք է վերածվեն ապացուցողական հանրային հետաքննությունների»,— ընդգծեց Վլադիմիր Տհորիկը՝ ամփոփելով մոլդովական փորձից բխող կարևոր սկզբունքներից մեկը։
Աշխատաժողովում քննարկվեցին մանիպուլյատիվ պատումների վաղ բացահայտումը, ստվերային ֆինանսավորման հետագծումը, պետական ինստիտուտների պաշտպանությունը, լրատվամիջոցների համագործակցությունը և հետընտրական շրջանում հանրային վստահության պահպանումը։ Խմբային աշխատանքի արդյունքներն ամփոփվեցին «Դիմակայունության ճանապարհային քարտեզում»՝ որպես մեդիայի և քաղաքացիական հասարակության հետագա աշխատանքի առաջարկություններ։
Ընտրություններն ավարտվում են, տեղեկատվական ճնշումը՝ ոչ
Ծրագրի ընթացքում ձևակերպված հարցերն ու առաջարկությունները շարունակություն ստացան հուլիսի 10-ին՝ «Ընտրություններից հետո․ մեդիայի և քաղաքացիական հասարակության դիմակայունության օրակարգը» քննարկման ժամանակ։
«Տեղեկատվական հարձակումները չեն ավարտվում ընտրությունների ամփոփմամբ»,— նշեց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը՝ ընդգծելով, որ մեդիայի և քաղաքացիական հասարակության համագործակցությունը պետք է շարունակվի նաև ընտրություններից հետո։
Գերմանական Մարշալ հիմնադրամի (ԱՄՆ) Սևծովյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Իրինա Նեագուն, ով միջոցառմանը միացել էր առցանց, նույնպես ուշադրություն հրավիրեց հետընտրական շրջանի վրա․ «Հենց այս ընթացքում մենք պետք է ինտենսիվորեն զբաղվենք դիմակայունության կերտման գործընթացով»։
Քննարկմանն իրենց կարևոր ներդրումն ունեցան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ–Մոլդովա»-ի գործադիր տնօրեն Լիլիա Զահարիան, «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ խորհրդի նախագահ Դավիթ Ամիրյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Երևանի արտաքին և անվտանգության քաղաքականության կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Սիվիլնեթ»-ի լրագրող Անի Գրիգորյանը, «Հետք»-ի գործադիր տնօրեն Քրիստինա Բարսեղյանը և Մոլդովայի Անկախ մեդիայի աջակցության ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյը։
Պանելային քննարկումները վարում էր լրագրող, ՀԼԱ Մեդիա կենտրոնի համակարգող Լիլիթ Ավագյանը։
Քննարկումների արդյունքում ձևակերպվեցին մի քանի առանցքային առաջնահերթություններ՝ վերականգնել քաղաքացիական հասարակության նախաձեռնողականությունը, ավելի ամուր աշխատել քաղաքացիների հետ, պաշտպանել անկախ մեդիան, զարգացնել լրատվամիջոցների մասնագիտական համերաշխությունը և հիբրիդային սպառնալիքներին արձագանքել համակարգված, ոչ թե առանձին նախաձեռնություններով։
«Եթե հասարակությունը մեդիայի միջոցով ձայն չունենա, ժողովրդավարության կայացումը լրջորեն վտանգված կլինի»,— նշեց «Հետք»-ի գործադիր տնօրեն Քրիստինա Բարսեղյանը։
Մոլդովայի փորձը ցույց տվեց, որ ժողովրդավարական դիմակայունությունը մեկ կառույցի կամ մեկ ծրագրի արդյունք չէ։ Այն ձևավորվում է, երբ անկախ լրագրողները կարողանում են բացահայտել ազդեցության սխեմաները, քաղաքացիական հասարակությունը՝ պաշտպանել հանրային շահը, իսկ տարբեր դերակատարներ՝ արագ փոխանակել տեղեկություններ և համատեղ արձագանքել սպառնալիքներին։
Հայաստանյան փորձն իր հերթին հաստատեց, որ միջազգային գիտելիքը արժեք է ստանում այն ժամանակ, երբ հարմարեցվում է տեղական միջավայրին և վերածվում կոնկրետ աշխատանքի՝ հետաքննության, համագործակցության և հանրային օրակարգի։
Ծրագրի մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են ՀԼԱ կայքում։
