Լուսանկարի աղբյուրը՝ ADEPT.
Հայաստանից հետաքննող ու փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողներն, ինչպես նաև մեդիա ՀԿ-ների ներկայացուցիչները «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ մարտի 23-25-ը մեկնել էին Մոլդովա՝ ծանոթանալու այդ երկրի հետաքննական լրագրության փորձին։
Ճանաչողական այցն իրականացվել է «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի շրջանակում՝ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագիր, Գերմանական «Մարշալ» հիմնադրամ (ԱՄՆ)-ի ֆինանսական աջակցությամբ։
Հայաստանյան պատվիրակության կազմում էին Ampop.am-ի լրագրող Քրիստիան Գինոսյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ — ից (Media.am) Անի Եղիազարյանը, Սիվիլիթաս հիմնադրամից փաստերի ստուգող Հայկ Հովհաննիսյանը, Civilnet.am-ի ներկայացուցիչ, փաստերի ստուգող Գևորգ Թոսունյանը, Hetq.am-ի հետաքննող լրագրող Լուսինե Հակոբյանը։
Մասնակիցները հանդիպումներ են ունեցել Մոլդովայի հասարակական և մեդիա կազմակերպություններում, որոնց թվում են TVNord, 24 Martie, ADEPT, Ziarul de Gardă (ZdG), API, RISE Moldova, Cu Sens, NordNew կառույցները։
Հանդիպումների ընթացքում Մոլդովայի գործընկերները կիսեցին մասնակիցների հետ ընտրական շրջանում կեղծ տեղեկատվության և մանիիպուլյացիաների դեմ պայքարի, հասարակության դիմակայությանը նպաստելու իրենց փորձը։
Առանցքային անդրադարձ է եղել նաև կեղծ խոսույթների և քարոզչության դեմ պայքարի ռազմավարություններին և գործողություններին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները ներկայացրել են այդ ուղղությամբ իրենց փորձառությունը։ Ներկայացվել են նաև հետաքննական լրագրության ժանրումկիրառվող մի շարք գործիքներ, որոնք, մասնակիցների գնահատմամբ, կարող են հաջողությամբ կիրառվել նաև Հայաստանում։
Հետք լրատավականի լրագրող, ծրագրի մասնակից Լուսինե Հակոբյանը պատմում է, որ Մոլդովայում անկախ, հետաքննական ԶԼՄ-ները և մեդիափորձագետները համախմբված ու համակարգված պայքարել են ապատեղեկատվության ու օտարերկրյա ազդեցությունների դեմ։ Հատկապես տպավորիչ են եղել իրականացված հետաքննությունները, բացահայտված սխեմաները՝ ռուսամետ գործարար Իլան Շորի և նրա ստեղծած կուսակցության՝ «Շոր»-ի վերաբերյալ։
«Թեև Հայաստանը գտնվում է այլ աշխարհաքաղաքական միջավայրում, այնուամենայնիվ ապատեղեկատվության, արտաքին ազդեցությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը մեզ մոտ նույնպես կա։ Սա հատկապես արդիական է հունիս ամսին սպասվող ընտրությունների համատեքստում, երբ տեղեկատվական մանիպուլյացիաների ռիսկերը զգալիորեն աճում են»,- ընդգծում է Լուսինեն։
«Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը 2026 թվականի ընտրություններից առաջ՝ ուսումնասիրելով Մոլդովայի փորձը արտաքին միջամտություններին և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ։
Հայաստանյան պատվիրակության հանդիպումների մասին առավել մանրամասն ներկայացված է NordNews-ի և ADEPT-ի լուսաբանումներում։
