«Փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում. հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և խնդիրները»
- August 24, 2020
- Category: Նորություններ
«Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների՝ փաստերի ստուգման կարողությունների զարգացում» ծրագիր
«Փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում. հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և խնդիրները»
Վեբինարների շարք
Մամուլի հաղորդագրություն
Հանրային լրագրության ակումբը Վրաստանի Go-Group Media-ի հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում. հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և խնդիրները» խորագրով վեբինարների շարք «Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների՝ փաստերի ստուգման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը հնարավոր դարձավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների, մեդիա դաշտի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ցանց, որի անդամները կզարգացնեն փաստերի ստուգման իրենց կարողությունները, կմասնակցեն դասընթացների և գործնական կապեր կստեղծեն միմյանց հետ:
Անցկացվել է ընդհանուր առմամբ հինգ վեբինար՝ սկսած 2020 թվականի հունիսի 13-ից:
Վեբինարները ընդգրկում էին հետևյալ թեմաները.
- Փաստերի ստուգում և տեղեկատվության ճշգրտում. հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և խնդիրները
- Տեղեկատվության աղբյուրներ և հանրային տվյալների բազաներ փաստերի ստուգման համար
- Տեքստերի, լրատվամիջոցներում հրապարակումների և քաղաքական գործիչների հրապարակային հայտարարությունների ստուգում
- Լուսանկարների նույնականացում և համապատասխանության ստուգում
- Տեսանյութերի նույնականացում և համապատասխանության ստուգում
Դասընթացավար Օլեգ Խոմենյոկը, ով «Հետաքննական լրագրության համաշխարհային ցանց»-ի տնօրենների խորհրդի անդամ է և «Ինտերնյուզ» ցանցի ավագ մեդիա խորհրդատու է, անդրադառնալով ծրագրի կարևորությանը և վեբինարների արդյունավետությանը՝ Խոմենյոկը ասաց․ «Մենք ապրում ենք մեդիա արտադրության և սպառման արագ փոփոխվող ժամանակաշրջանում։ Ապատեղեկատվության ծավալները ընդլայնվելով ազդում են մեդիա սպառողների՝ գիտակցական որոշումներ կայացնելու ունակության վրա: Փաստերի ստուգման և տեղեկատվության ճշգրտման նոր հմտությունները պարտադիր են դառնում ցանկացած լրագրողի համար: Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպած վեբինարները հնարավորություն տվեցին Հայաստանից և Ադրբեջանից մասնակցող լրագրողներին ոչ միայն ձեռք բերել հմտություններ՝ վեր հանելու ապատեղեկատվությունը, այլև գտնել հոդվածների ընդհանուր գաղափարներ, որոնք կհետաքրքրեն երկու երկրների ԶԼՄ-ներին, և կստեղծվեն՝ օգտագործելով փաստերի ստուգման գործիքները, որոնց մասնակիցները ծանոթացան վեբինարների ընթացքում»։
Ադրբեջանից լրագրող, «Ջեմ նյուզ» հարթակի Ադրբեջանի խմբագիր Ալիյա Հաքվերդին ևս կարևորում է նմանատիպ ծրագրերը․ «Այս վեբինարները օգտակար էին թե՛ այն մասնակիցների համար, ովքեր ընդհանրապես չունեին փորձ, թե՛ նրանց համար, ովքեր ամեն օր են աշխատում փաստերի ստուգման հետ: Խմբի մասնակիցները միմյանց հետ կիսվեցին օգտակար տեղեկություններով: Ընդհանուր առմամբ ինձ համար այս վեբինարները շատ լավ մեկնարկ են համագործակցելու մի խումբ լրագրողների և ոչ միայն նրանց հետ, ովքեր, ունենալով տարբեր փորձառություններ, կարող են միմյանց շատ բան սովորեցնել»:
Վեբինարներին մասնակցել են 12 լրագրող՝ վեցը Հայաստանից և վեցը Ադրբեջանից: Մասնակիցները վեբինարների ընթացքում ոչ միայն պասիվ լսողի դերում էին, այլև ակտիվ մասնակցի․ քննարկվում էին տարածաշրջանին կամ կոնկրետ երկրներին առնչվող ապատեղեկատվության օրինակներ։
Վեբինարների ավարտին մասնակիցները լրացրել են գնահատման թերթիկներ, որոնցում արտահայտված մտքերն ու գնահատականները թույլ է տալիս եզրահանգել, որ վեբինարները արդյունավետ ու հետաքրքիր են եղել։
Մասնակիցները հատկապես շեշտում էին լուսանկարների և տեսանյութերի նույնականացման և համապատասխանության ստուգման համար անհրաժեշտ գործիքների կարևորությունը։ Հայաստանից մի մասնակից նշել է․ «Վեբինարների ընթացքում տրամադրված տեղեկատվությունը ամենաարդիականն է մեդիա ոլորտում: Ես ծանոթացա փաստերի ստուգման տարբեր գործիքների, որոնք, վստահ եմ, օգտակար կլինեն իմ հետագա լրագրողական գործունեության ընթացքում: Այժմ ես հստակ գիտեմ, թե ինչպիսի տեղեկատվություն է հնարավոր ստուգել և ինչը՝ ոչ: Վեբինարները ինձ նաև նոր գաղափարներ տվեցին և օգնեցին ամրապնդել իմ վերլուծական հմտությունները»։
Ադրբեջանի մասնակիցներից մեկը նշել է․ «Թեև ես շատ գործիքների ծանոթ էի, այնումամենայնիվ, ինձ համար նոր բացահայտումներ եղան։ Փաստերի ստուգման նոր գործիքները ես կկիրառեմ իմ հետագա լրագրողական գործունեության մեջ»։
Դասընթացավարի կողմից ներկայացված տեսական նյութերից բացի գործնական վարժությունները վեբինարների անբաժանելի մասն էին կազմում։ Մշակվեցին նաև օգտակար ռեսւրսներ՝ համատեղ օգտագործման համար։
Վեբինարների արդյունքում ձեռքբերված գիտելիքները և հմտությունները օգտագործելով՝ մասնակիցները հեղինակելու են հոդվածներ նախապես քննարկված և համաձայնեցված թեմաների շուրջ։ Նյութերը հրապարակվելու են Ջեմ նյուզ կայքում։
Կովիդ – 19 համավարակի ստեղծած իրավիճակից ելնելով կպլանավորվի ծրագրի հաջորդ փուլը․ եթե հնարավոր չլինի դասընթացի իանցկացումը, ապա կարողությունների զարգացումը կշարունակվի առցանց տարբերակով։
Ծրագրի ավարտին նախատեսված է ունենալ վեբինարների մասնակիցների հեղինակած 20 հոդվածներ։
Ծրագրի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել 012 755 898 հեռախոսահամորվ կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։