Նորություններ

Պարզ հարցեր․ տեսանյութերի առաջին շարք

«Պարզ հարցեր»-ի առաջին շարքը բաղկացած է երեք տեսանյութերից։ Այս շարքում «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ իրավաբան Անի Նազարյանը պատասխանում է #պարզհարցերի՝ աշխատավարձի, աշխատանքային պայմանագրի և ամենամյա արձակուրդի մասին։

Աշխատավարձ
Տեսանյութում մասնագետը խոսում է պայմանագրում նշված և փաստացի ստացվող աշխատավարձի, աշխատանքային ժամերի և օրերի, հավելյալ աշխատելու պայմանների և հավելում վճարելու նախապայմանների, աշխատավարձի ստացման պարբերականության և դրա փոփոխությունների պայմանների մասին։

Արձակուրդ
Տեսանյութում մասնագետը խոսում է արձակուրդի տրամադրման պայմանների, 6-ամսյա ժամկետից վաղ տրամադրվող արձակուրդի առանձնահատկությունների և նախապայմանների, 5-օրյա և 6-օրյա աշխատանքային շաբաթների դեպքում գործող արձակուրդային օրերի ու ամենամյա արձակուրդի վճարման կարգի մասին։

Պայմանագիր
Տեսանյութում մասնագետը խոսում է պայմանագրի, դրա տեսակների, առանձնահատկությունների, փորձաշրջանի պայմանների, պայմանագրում փոփոխություններ կատարելու, պայմանագրի լուծման կարգի և այն սոցիալական երաշխիքների մասին, որոնցից աշխատողը զրկվում է պայմանագիր չունենալու դեպքում։ «Պարզ հարցեր»-ը ձևաչափ է, որը ստեղծվել է բարդ հարցերի մասին պարզ խոսելու համար։ Տեսանյութերն ի սկզբանե մշակվել ու հարմարեցվել են սոցիալական ցանցերի՝ մասնավորապես Ինստագրամ և Տիկ-Տոկ հարթակների ձևաչափային ու բովանդակային պահանջներին։ Այս շարքը փորձ է՝ ցույց տալու, որ անգամ ամենաբարդ թվացող երևույթների մասին կարելի է խոսել մատչելի լեզվով՝ չմոռանալով նաև թիրախային այն լսարանին, որն օգտագործում է վերոնշյալ սոցիալական ցանցերը․ չէ՞ որ աշխատանքային իրավունքը շատ ընդգրկուն է և հետաքրքիր՝ համեմատաբար ավելի լայն հանրությանը։

Տեսանյութերի այս շարքում մասնագետներին տվել ենք պարզ ու միամիտ հարցեր՝ ստանալով հակիրճ, գրագետ ու ՊԱՐԶ պատասխաններ։ Տեսանյութերի երկրորդ շարքում սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքի փորձագետ Տաթև Թոխյանը պատասխանում է #պարզհարցերի՝ անչափահասների աշխատանքային իրավունքի և գործադուլի մասին։ Այդ շարքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Տեսանյութերի վրա աշխատել են՝ Սոֆի Թովմասյանը (լրագրող), Հրայր Սիրականյանը (օպերատոր) և Արթուր Փարսյանը (մոնտաժող)։

Տեսանյութերն ստեղծվել են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն Հանրային լրագրության ակումբինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend