Նորություններ

«Կըտ-կըտ ճուտիկ»-ն այցելել է Էջմիածնի «Արևիկ» մանկապարտեզ

Հունվարի 19-ին, Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզում ավելի քան 30 երեխա սովորեց, թե ինչու պետք է զգույշ լինել թվային հարթակում «կըտկըտացնելիս»։ 

 

«Կըտ-կըտ ճուտիկ» ինտերակտիվ ներկայացումը նախաձեռնել էր Հանրային լրագրության ակումբը՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի շրջանակում։ Ծրագրի գործընկերներն են՝ «Քայլ առ քայլ» հիմնադրամ, «Կրթական ակադեմիա» ընկերություն«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոնը։ 

Հետաքրքրասեր ճուտիկը, որն առանց մեծահասակների թույլտվության  համացանցի միջոցով անպետք գնումներ է կատարում, ծանոթանում օտարների հետ, որի արդյունքում բախվում է խնդիրների, կիսվում է իր վատ փորձով և խորհուրդներ տալիս երեխաներին։ 

Այս ներկայացումը մանկավարժների  հնարավորություն է տալիս նաև բացահայտել մեդիագրագիտության մատուցման հետաքրքիր ձևաչափեր, այդ մոտեցումները հետագայում մանկապարտեզներում կիրառելու համար։ 

 

Ներկայացումից հետո մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված քննարկումներ անցկացվեցին մանկապարտեզի տնօրենի և դաստիարակների հետ։  

Հանդիպմանը Հանրային լրագրության ակումբը մանկապարտեզին նվիրեց նաև  մեդիագրագիտության մասին հեքիաթ-գրքերի երեքական փաթեթ։ 

Առաջիկայում ևս 2 միջոցառում նախատեսվում է անցկացնել Երևանի մանկապարտեզներում։ 

 

«Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ» և «Լինում է, չի լինում․․․ առցանց» գրքերը հասանելի են նաև ՀԼԱ կայքում։ 

ՀԼԱ թիմը դեռևս 2021 թվականին էր նախաձեռնել այս գրքերի թարգմանությունն ու տպագրությունը, որոնք տրամադրվել են Երևանի և մարզերի ավելի քան 180 նախակրթարանների։ 

«Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի նպատակն է հայ մանկավարժներին ավելի լավ զինել մեդիա և տեղեկատվական գրագիտության գիտելիքներով և հմտություններով, բարձրացնել նրանց թվային անվտանգության կարողությունները, օգնել նրանց առավել լավ հասկանալու անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը, ձեռք բերելու ծրագրի շրջանակում մշակված մեդիա և տեղեկատվական գրագիտության ռեսուրսներ և կրթական պլաններ, որոնք պետք է ներմուծվեն նախադպրոցական կրթական համակարգ։ 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend