«Ոստիկանության 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարության իրականացումը գնահատում եմ անբավարար»․ Արթուր Սաքունց

«Ոստիկանության 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարության իրականացումը գնահատում եմ անբավարար»․ Արթուր Սաքունց

«Ի տարբերություն նախորդի՝ նոր ռազմավարության մշակման մեջ քաղաքացիական հասարակության մասնակցությունը եղել է անմիջական և էական։ Բայց հիմա ակնկալում ենք, որ ընդունված փաստաթուղթը իրականություն դառնա»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ոստիկանության 2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարությանը։

Արթուր Սաքունցն անբավարար գնահատեց Ոստիկանության 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարության իրականացումը՝ համարելով, որ այն հատվածային է եղել։ Նրա գնահատմամբ՝ եթե Պարեկային ծառայության ստեղծումը դրական երևույթ է, ապա քրեական ոստիկանությունն ընդհանրապես չի բարեփոխվել։ «Չի կարող բարեփոխում լինել, բայց Ոստիկանության բաժիններում բռնության դեպքեր, ճնշումներ լինեն։ Շատ վատ է իրականացվում նաև բարեփոխումների մասին հանրային իրազեկումը»,- ասաց Արթուր Սաքունցը։

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանն, իհարկե, ձեռքբերում համարեց նախորդ փուլում ՀՀ ողջ տարածքում Պարեկային ծառայության գործարկումը և Ներքին գործերի նախարարության ձևավորումը և ընդգծեց, որ երկրորդ ռազմավարության կարևոր նպատակներից է արդեն Ոստիկանության և մասնագիտական, և բարեվարքության, և այլ կարողությունների բարձրացումը։ «Այդ նպատակով մենք արդեն ունենք միասնական կրթահամալիր, որը կրթական նոր միջավայր կձևավորի»,- հավելեց փոխնախարարը։

Պատասխանելով Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ ենթադրյալ բռնությանը՝ Արմեն Մկրտչյանը նշեց, որ արցախցի երիտասարդի հայտարարության մեջ նկարագրվում է տևական, պարբերական ծեծի, խոշտանգման, մարմնական հետևանքներով վնասվածքների մասին, բայց իրենք դա չեն տեսնում։ Դատաբժշկական փորձաքննությունն էլ դա չի հաստատել։ Այդպիսով՝ պետք է սպասել հայտարարության հետքերով հարուցված ծառայողական քննության ավարտին։ «Խոշտանգման մասին հաղորդում տված  քաղաքացին այլ դեպքով է անցնում, որը փոխկապակցված է այլ գործի՝ ավազակային հարձակման հետ։ Եվ դա կարող է փաստաբանական մարտավարություն լինել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կտա քննությունը։ Իհարկե, մեզ համար անընդունելի են բռնությունն ու խոշտանգումը, և գործընթացը գնում է դրանց նվազեցման, բայց ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի, որ Ոստիկանության ծառայողն էլ կեղծ մեղադրանքի թիրախում չհայտնվի»,- ասաց փոխնախարարը։

Արթուր Սաքունցի խոսքով՝ նման դեպքերում պետք է հրապարակվեն քաղաքացիներին ոստիկանության բաժին տանելու ժամանակ տեսախցիկների արձանագրած տվյալները, թե երբ է մտել և դուրս եկել, ինչ վիճակում է մտել կամ դուրս եկել, որ հանրության համար հասկանալի դառնան իրողությունները։ «Այդպիսով՝ մենք ակնկալում ենք նաև օբյեկտիվ տեղեկատվություն»։

Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Նյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության դիրքորոշման հետ։

Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ։ ⤵️

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend