Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ո՞րն է հաղորդակցության իրական նպատակը՝ հաղթե՞լը, թե՞ հասկանալը․ ոչ բնի հաղորդակցության եռօրյան Հայաստանում

Աղվերանում 25 երիտասարդ մասնագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ և ուսանողներ մասնակցեցին ոչ բռնի հաղորդակցությանը (ՈԲՀ)՝ խաղաղության լեզվին նվիրված եռօրյա դասընթացին։ 

Ապրիլի 6–8-ը տեղի ունեցած «Ոչ բռնի հաղորդակցության ուսուցում և սիմուլյացիոն վարժանք» խորագրով եռօրյա դասընթացը միտված էր ՈԲՀ — ի միջոցով խաղաղաշինության ջատագովությանն ու ՈԲՀ կարողությունների ամրապնդմանը։

Միջոցառման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ոչ բռնի հաղորդակցության հիմնարար սկզբունքներն ու զարգացնել գործնական հմտությունները, ինչպես նաև խաղաղարար վարքագծի կիրառական գործիքները։

Դասընթացը վարում էր ոչ բռնի հաղորդակցության արտոնագրված մասնագետ Սինտա Դեպոնդտը, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս ծրագրի շրջանակներում։

Սինտա Դեպոնդտը ոչ բռնի հաղորդակցության միջազգային հավաստագրված փորձագետ է, ով ունի ավելի քան 20 տարվա փորձ ոլորտում և հատուկ փորձառություն Արևելյան Եվրոպայում և Կովկասում, հակամարտություններ վերապրած տարածքներում։ Վերջին 15 տարիներին աշխատել է PAX-ի՝ Նիդեռլանդների խոշորագույն խաղաղաշինական կազմակերպության հետ, ղեկավարել է Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերը։ 

Նա միջոցառման առաջին օրը մասնակիցներին ներկայացրեց ոչ բռնի հաղորդակցության հիմնական սկզբունքները, որոնք խարսխված են ապրումակցման, զգացմունքների և կարիքների ճանաչման, ինչպես նաև երկխոսությունը խթանող հաղորդակցության վրա։

«Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ երիտասարդների հետ կիսվելու Մարշալ Ռոզենբերգի այն թեզով, որ բռնության յուրաքանչյուր դրսևորում չբավարարված կարիքի ողբերգական արտահայտությունն է։ Այդ պատճառով նման դասընթացների հիմնական ուղերձը հետևյալն է․ մի՛ փորձեք վերահսկել ձեր զգացմունքները, վերահսկե՛ք ձեր արձագանքները և ժամանակ հատկացրեք ճանաչելու ձեր կարիքները»,- նշեց Սինտա Դեպոնդտը։

Միջոցառման երկրորդ օրը ինտերակտիվ սիմուլյացիոն վարժանք էր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես ՈԲՀ-ի, այնպես էլ ռազմավարական հաղորդակցության համատեքստում։ Դասընթացի այդ հատվածը համակարգում էին  ԵՊՀ դասախոսներ, ռազմավարական հաղորդակցության փորձագետներ Նվարդ Մելքոնյանը և Աննա Նաղդալյանը։

Եռօրյա ծրագիրն ամփոփվեց վարժանքի արդյունքների անդրադարձով, վերլուծությամբ և մասնակիցների կարողությունների զարգացման քարտեզագրմամբ։

Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանի խոսքերով, վերջին մի քանի տարիների ընթացքում, Հանրային լրագրության ակումբը հետևողականորեն խթանել է ոչ բռնի հաղորդակցությունը և աջակցել երիտասարդների կարողությունների զարգացմանը երկխոսության և խաղաղաշինության ոլորտներում, այդ թվում՝ EU4Peace նախաձեռնության շրջանակներում։ Կազմակերպությունը պարբերաբար իրականացրել է խաղաղաշինությանն ուղղված դասընթացներ և հանդիպումներ՝ հիմնված ոչ բռնի հաղորդակցության գաղափարախոսության վրա։ 

«Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում մշակել և տպագրել է ՈԲՀ-ին նվիրված ուսուցողական գրքույկ։ Այն առաջին նմանատիպ գործնական ուղեցույցն է հայերեն լեզվով և կարևոր ներդրում է Հայաստանում ոչ բռնի հաղորդակցության մշակույթի ձևավորման ու իրազեկման գործում։ 

Հրապարակվել են նաև ուսումնասիրություններ՝ միտված ՈԲՀ գաղափարների խորքային վերլուծությանը մեդիա հաղորդակցության համատեքստում։  Առաջիկայում սպասվում է ՈԲՀ թեմային նվիրված փոդքասթների շարքի հրապարակում։

Միջոցառումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողով-ի ֆինանսավորմամբ և International Alert-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակներում։ 

Այս նախաձեռնությունը կազմակերվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Կիսվել :