Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Խաղաղ համակեցության փնտրտուքներում․ «Կապի արվեստը»՝ Մարգարիտա Խուդավերդյանի աչքերով

Պատահու՞մ է, երբ խոսում ես, բայց բառերը չեն կարողանում արտահայտել այն, ինչ զգում ես կամ իրոք ուզում ես փոխանցել։ Ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) մեթոդը կամ «Կապի արվեստը» դա այն է, ինչ սովորեցնում է մեզ բառերը համապատասխանեցնել զգացողություններին և հաստատել կարեկցանքի ու ըմբռնման վրա խարսխված հարաբերություններ։  

Իսկ հարցին, թե ի՞նչ դեր ունի հաղորդակցման այս սկզբունքը խաղաղարարության հաստատման պրոցեսում՝ Մարգարիտա Խուդավերդյանը ունի իր ուրույն պատասխանը․ «Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհին են և հուսանք, որ դա իսկապես իրականություն կդառնա։ Մինչ ՈԲՀ-ի հետ ծանոթացումս, կարծում էի, որ միայն քաղաքական ու տնտեսական մակարդակի վրա խաղաղությունը կայուն և իրական չէ, փոխարենը անհրաժեշտ է հասարակությունների միջև հաղորդակցություն ու առկա կոնֆլիկտի վերաբերյալ բաց քննարկումներ։ ՈԲՀ-ի հետ ծանոթանալուց  հետո հասկացա, որ սա հենց այն շփման գործիքն է, որը մենք կարող ենք օգտագործել մեր երկու հասարակությունների անցած փորձը հասկանալու և միասին խաղաղ համակեցության հնարավոր տարբերակներ փնտրելու համար։ Հենց այս միտքը ինձ մոտիվացրեց շարունակել իմ ճանապարկը ՈԲՀ-ով»։

Մարգարիտան  Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի մասնակից է և դրա շրջանակում հայտարարված անհատական մրցույթի հաղթող։

Նա աշխատում է  «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ում և իր աշխատանքային գործունեությանը զուգահեռ հասցրել է մասնակցել ՀԼԱ-ի կողմից կազմակերպված  ՈԲՀ թեմայով բոլոր միջազգային և տեղական միջոցառումներին, ինչպես նաև ավարտել է եռօրյա ինտենսիվ ՈԲՀ վերապատրաստում Վիսբադենում, Գերմանիա։

Իր անհատական նախագծի շրջանակում, նա փորձել է տարածել ՈԲՀ սկզբունքները Վանաձորում` կազմակերպելով  դասընթացներ՝ «Փափուկ հաղորդակցություն ինքներս մեզ և ուրիշների հետ» խորագրով։

Դասընթացները  կազմակերպվել են  Վանաձոր քաղաքի Լոֆթում և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ում, որոնց մասնակցել են 25 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ուսանողներ։

«ՈԲՀ-ն տալիս է հնարավորություն բացահայտելու ներգրավված անձանց ու խմբերի կարիքները։ Սա հիանալի շփման միջոց է, որը կարող է անձնական, քաղաքական ու հասարակական պրոցեսները դարձնել ներառական՝ հաշվի առնելով ներգրավված կողմերի կարիքները։ Մեր դասընթացավարի՝ Սինտա Դեպոնդտի մի նախադասություն, որ ինձ համար, թերևս,  ամբողջացնում է ՈԲՀ գաղափարը. «Կա երկու խաղ, առաջինը՝ ով է ճիշտ և սխալ և երկրորդը՝ ինչպես մեր ներդրումն ունենանք միմյանց կյանքն ավելի լավը դարձնելու գործում»։ Ես օրեցօր համոզվում եմ, որ մեր հասարակությանն ու տարածաշրջանին անհրաժեշտ է պրոցեսներին նայել երկրորդ պրիզմայով։ Հիմա ակտիվորեն փորձում եմ ՈԲՀ-ն պահել Հայաստանում՝ ինքնակրթվելու, տարբեր միջազգային թրեյնինգների միջոցով վերապատրաստվելու ու այստեղ փորձովս կիսվելու ձևով», նշում է Մարգարիտան։

«ՈԲՀ-ի նկատմամբ կա զգալի ինստիտուցիոնալ կարիք: Դրանում համոզվեցի, երբ ՈԲՀ վերաբերյալ տեղեկատվական գրքույկ տարածեցի տեղական ՀԿ-ների շրջանում և ստացա արագ ու բուռն արձագանք՝ իրենց թիմերի ու շահառուների համար դասընթացի կազմակերպման մեծ ցանկությամբ»,- հավելում  է նա։

Նա պարբերաբար անդրադառնում է թեմայի շուրջ իր մասնագիտական ուսումնառությանը՝  բարձրաձայնելով  ՈԲՀ-ի կարևորությունը։

Մարգարիտան ՈԲՀ լեզվի նշանակությունը ներկայացնում է կարճ հոլովակում։

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունն անցկացվել է «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։

Կիսվել :