Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ոչ բռնի հաղորդակցությունը՝ որպես խաղաղարարության գործիք

Կոնֆլիկտի պահին մենք հաճախ փորձում ենք ավելի համոզիչ լինել, ավելի արագ պատասխանել կամ ավելի բարձր խոսել։ Երբեմն էլ՝ պաշտպանվել, փակվել կամ հակադարձել։ Բայց հնարավո՞ր է նույն բարդ իրավիճակում խոսել այլ կերպ՝ առանց լռելու մեր ցավի, անհամաձայնության կամ սահմանների մասին։

Հենց այս հարցից է սկսվում «Իսկ եթե խոսենք այլ կե՞րպ» նախաձեռնությունը։

Ոչ բռնի հաղորդակցությունը՝ ՈԲՀ-ն, հաղորդակցության մոտեցում է, որը օգնում է ավելի հստակ հասկանալ՝ ինչ է տեղի ունենում մեր ներսում և մեր հարաբերություններում, ինչպես արտահայտել զգացմունքներն ու կարիքները և ինչպես լսել դիմացինին՝ առանց վիրավորանքի, նվաստացման կամ մեղադրանքի։

ՈԲՀ-ն միայն անձնական հարաբերությունների համար նախատեսված մեթոդ չէ։ Այն կարող է նաև խաղաղարարության գործիք լինել՝ հատկապես այն միջավայրերում, որտեղ կան խոր անհամաձայնություններ, ցավոտ փորձառություններ, բևեռացում կամ երկարատև անվստահություն։

ՈԲՀ-ի տրամաբանությունը չի պահանջում համաձայնել բոլորի հետ։ Այն չի նշանակում հրաժարվել սեփական դիրքորոշումից կամ ընդունել այն, ինչ մեզ համար անընդունելի է։ Այն առաջարկում է մեկ այլ բան՝ տարանջատել մարդուն նրա գործողությունից, փաստը՝ գնահատականից, զգացմունքը՝ մեղադրանքից, կարիքը՝ դիրքորոշումից, խնդրանքը՝ պահանջից։

Այս տարբերակումները կարող են փոքր թվալ, բայց հենց դրանցից է ձևավորվում հաղորդակցության այլ մշակույթ։

ՈԲՀ-ի չորս քայլերը

ՈԲՀ-ն հաճախ ներկայացվում է չորս հիմնական քայլով՝

  1. Դիտարկում — ի՞նչ է իրականում տեղի ունեցել՝ առանց պիտակավորման և դատողության։
  2. Զգացմունք — ի՞նչ եմ ես զգում այս իրավիճակում։
  3. Կարիք — ի՞նչն է ինձ համար կարևոր այս զգացմունքի հետևում։
  4. Խնդրանք — ի՞նչ կոնկրետ գործողություն եմ ուզում խնդրել դիմացինից։

Այս հերթականությունն օգնում է կոնֆլիկտի ժամանակ մի պահ կանգ առնել և չարձագանքել միայն առաջին մղումով։ Ոչ բռնի արձագանքը միշտ չէ, որ ինքնաբերաբար է ստացվում։ Այն սովորելու և մարզելու հմտություն է։ 1950-ականների վերջին ամերիկացի քաղաքացիական իրավունքների շարժման գործիչ Ջեյմս Լոուսոնը Նեշվիլում երիտասարդ ակտիվիստներին հատուկ պատրաստում էր ոչ բռնի պայքարի համար։ Նրանք մարզվում էին՝ ինչպես արձագանքել վիրավորանքին, ճնշմանը կամ սադրանքին՝ առանց բռնությամբ պատասխանելու։ Այդ պատրաստությանը մասնակցած մարդկանց թվում էին նաև Ջոն Լյուիսն ու Դայան Նեշը։ Այս պատմական փորձը հիշեցնում է մի կարևոր բան․ խաղաղության մշակույթը միայն արժեքների մասին չէ։ Այն նաև վարքի, ընտրության և հմտությունների մասին է։

Դիտարկում՝ առանց պիտակի

ՈԲՀ-ի առաջին կարևոր սկզբունքներից մեկն է տարբերել այն, ինչ տեղի է ունեցել, այն մեկնաբանությունից, որը մենք տվել ենք դրան։

Օր՝․ «Նա խոսակցության ընթացքում երեք անգամ ընդհատեց ինձ» և «Նա անհարգալից մարդ է» նախադասությունները նույնը չեն։

Առաջինը նկարագրում է դիտարկելի իրավիճակը։ Երկրորդը՝ գնահատական է մարդու մասին։ Հենց այս փոքր տարբերությունն է հաճախ որոշում՝ խոսակցությունը շարունակվելու՞ է, թե՞ վերածվելու է փոխադարձ պաշտպանվելու և պիտակավորման։ Խաղաղարար հաղորդակցությունը չի պահանջում հրաժարվել գնահատականներից կամ համոզմունքներից։ Այն առաջարկում է նախ հստակ տեսնել՝ ո՞րն է փաստը, և ո՞րն է մեր մեկնաբանությունը։ Բևեռացված հասարակություններում սա առանձնահատուկ նշանակություն ունի։ Երբ մի գործողությունից արագ անցնում ենք ամբողջ մարդու կամ խմբի բնութագրմանը, հեշտությամբ կառուցում ենք «մենք» և «նրանք» բաժանումը։

Զգացմունք՝ առանց մեղադրանքի

Օր՝․ «Ես զգում եմ, որ դու ինձ չես հարգում»։

Թվում է՝ սա զգացմունքի մասին նախադասություն է, բայց իրականում այստեղ արդեն կա դիմացինի վարքի գնահատական։ Զգացմունքը կարող է լինել՝ վիրավորված եմ, տխուր եմ, անհանգիստ եմ, վախեցած եմ, հիասթափված եմ, զայրացած եմ, ուրախ եմ կամ հանգիստ։

ՈԲՀ-ն մեզ առաջարկում է սովորել ճանաչել և ճշգրիտ անվանել մեր ապրումները։

Դա կարևոր է ոչ միայն անձնական ինքնաճանաչման համար։ Երբ չենք հասկանում՝ ինչ ենք զգում, հաճախ այդ զգացմունքը արտահայտում ենք այլ ձևով՝ կտրուկ խոսքով, լռությամբ, վիրավորանքով կամ ագրեսիայով։ Խաղաղարարության տեսանկյունից կարևոր է հենց այս կարողությունը՝ խոսել ցավի, վախի կամ զայրույթի մասին՝ առանց այդ զգացմունքը անմիջապես վերածելու մեղադրանքի։

1968 թվականին ամերիկացի աշխատավորական շարժման առաջնորդ Սեզար Չավեսը 25-օրյա ծոմ պահեց՝ իր շարժումը ոչ բռնության սկզբունքին վերանվիրելու համար։ Այդ շրջանում նա մտահոգված էր նաև շարժման ներսում բռնի մեթոդների դիմելու աճող տրամադրություններով։ Այս դրվագը կարևոր հիշեցում է․ զայրույթը կարող է իրական և արդարացի լինել, բայց այն ինքնին չի որոշում մեր գործողությունը։ Զգացմունքի և արձագանքի միջև միշտ կա ընտրության հնարավորություն։

Զգացմունքի ետևում՝ կարիք

ՈԲՀ-ն առաջարկում է զգացմունքից մեկ քայլ խորանալ և հարցնել՝ ի՞նչն է ինձ համար հիմա կարևոր։ Զայրույթի, վիրավորանքի կամ անհանգստության հետևում կարող են լինել անվտանգության, հարգանքի, արդարության, լսված լինելու, մասնակցության, ինքնուրույնության կամ պատկանելության կարիքներ։ Հակամարտությունների ժամանակ մարդիկ հաճախ բախվում են իրենց դիրքորոշումների մակարդակում։ Բայց այդ դիրքորոշումների տակ երբեմն հնարավոր է տեսնել շատ մարդկային ու հասկանալի կարիքներ։

Սա չի նշանակում արդարացնել բոլոր գործողությունները կամ հրաժարվել պատասխանատվությունից։ Բայց կարիքը տեսնելը կարող է օգնել մարդուն չկորցնել կոնֆլիկտի մեջ։ Հենց սա է խաղաղարար հաղորդակցության կարևոր կարողություններից մեկը՝ անգամ կոշտ անհամաձայնության պայմաններում շարունակել տեսնել մարդուն։

Խնդրանք, ոչ թե պահանջ

ՈԲՀ-ում կարևոր տարբերակում կա նաև խնդրանքի և պահանջի միջև։ Եթե մենք ասում ենք՝ «Կարո՞ղ ես սա անել», բայց «ոչ» պատասխանից հետո սկսում ենք մեղադրել, ամոթանք տալ կամ ճնշել մարդուն, հնարավոր է՝ մեր խնդրանքն իրականում պահանջ էր։ Իսկ իրական խնդրանքը ենթադրում է, որ դիմացինի արձագանքը նույնպես լսելի է։

Դա չի նշանակում հրաժարվել մեզ համար կարևորից։ Ընդհակառակը՝ ՈԲՀ-ն առաջարկում է հնարավորինս հստակ ասել՝ ինչ ենք ուզում։ Ոչ թե միայն՝ «Մի՛ ընդհատիր ինձ», այլ՝ «Կարո՞ղ ես ինձ երկու րոպե տալ՝ միտքս ավարտելու համար»։ Այս անցումը կարևոր է նաև խաղաղարարության մեջ։ Միայն այն, ինչին դեմ ենք, ձևակերպելը դեռ չի ասում՝ ինչ ենք ուզում կառուցել դրա փոխարեն։

Լիբերիայի քաղաքացիական պատերազմի տարիներին խաղաղության ակտիվիստ Լեյմա Գբովին կարողացավ համախմբել քրիստոնյա և մահմեդական կանանց ոչ բռնի խաղաղության շարժման շուրջ։ Կանայք հանրային գործողություններով պահանջում էին պատերազմի դադարեցում և խաղաղության գործընթացի առաջընթաց։ Նրանց շարժումը կարևոր դեր ունեցավ 2003 թվականի խաղաղության գործընթացին նպաստելու գործում։ Այս պատմության կարևոր կողմերից մեկը հենց նպատակի հստակությունն էր․ ոչ միայն ասել՝ ինչին ես դեմ, այլ նաև ցույց տալ՝ ինչ փոփոխություն ես ուզում տեսնել։

«Ոչ»-ը նույնպես կարող է լինել ոչ բռնի

Ոչ բռնի հաղորդակցությունը չի նշանակում միշտ ասել «այո»։

Կարելի է չհամաձայնել։
Կարելի է սահման դնել։
Կարելի է հրաժարվել։
Կարելի է պաշտպանել սեփական արժանապատվությունը։

1955 թվականի դեկտեմբերի 1-ին Ռոզա Փարքսը Մոնտգոմերիի ավտոբուսում հրաժարվեց զիջել իր նստատեղը։ Նրա այդ «ոչ»-ը դարձավ քաղաքացիական իրավունքների շարժման կարևոր շրջադարձերից մեկի՝ Մոնտգոմերիի ավտոբուսների բոյկոտի խթանը։ Այս պատմությունը հիշեցնում է, որ ոչ բռնությունը հնազանդություն չէ։ Խաղաղության մշակույթը համաձայնության մշակույթ չէ։ Այն միջավայր է, որտեղ հնարավոր է հստակ չհամաձայնել՝ առանց վիրավորանքի, սպառնալիքի կամ դիմացինի արժանապատվությունը նվազեցնելու։

ՈԲՀ-ն նաև այն մասին է, թե ինչպես ենք շնորհակալություն հայտնում

ՈԲՀ-ն միայն կոնֆլիկտների մասին չէ։ Այն մեզ սովորեցնում է նաև նկատել այն գործողությունները, որոնք կապ են ստեղծում մարդկանց միջև։ «Շնորհակալ եմ» ասելը կարևոր է։ Բայց ՈԲՀ-ն առաջարկում է նաև անվանել՝ ինչի համար ենք շնորհակալ, ինչ զգացում է առաջացրել այդ գործողությունը և ինչ կարևոր կարիք է այն բավարարել։

Օրինակ՝

«Երբ երեկ մինչև վերջ լսեցիր ինձ՝ առանց ընդհատելու, ես հանգստություն զգացի, որովհետև ինձ համար շատ կարևոր էր լսված լինելը։ Շնորհակալ եմ»։

Այսպիսի շնորհակալությունը պարզապես հաճոյախոսություն չէ։ Այն օգնում է հասկանալ՝ մեր ո՞ր գործողություններն են մյուսների համար արժեքավոր և ինչու։ Խաղաղության մշակույթը կառուցվում է ոչ միայն այն ժամանակ, երբ սովորում ենք այլ կերպ կոնֆլիկտել, այլ նաև այն ժամանակ, երբ սովորում ենք տեսնել և անվանել այն, ինչ արդեն վստահություն ու կապ է ստեղծում մեր միջև։

Փոխել հաղորդակցությունը ՝ փոխելու միջավայրը

ՈԲՀ-ն չի լուծում հակամարտությունները մեր փոխարեն։ Այն չի վերացնում ցավոտ պատմությունը, ուժային անհավասարությունները կամ խոր տարաձայնությունները։ Բայց այն կարող է օգնել ձևավորել մի մշակույթ, որտեղ հնարավոր է խոսել այդ ամենի մասին՝ առանց նոր վիրավորանք և նոր թշնամանք ստեղծելու։ Խաղաղության մշակույթը ձևավորվում է նաև առօրյայում՝ ընտանիքում, դպրոցում, աշխատավայրում, լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում և հանրային քննարկումներում։

Ամեն անգամ, երբ տարբերակում ենք փաստը գնահատականից, անվանում ենք մեր իրական զգացմունքը, փորձում ենք հասկանալ մեր կարիքը, հստակ խնդրանք ենք ձևակերպում կամ «ոչ» ենք ասում՝ առանց վիրավորանքի, մենք փոքր քայլ ենք անում դեպի հաղորդակցության այլ մշակույթ։

Փոխելով մեր հաղորդակցության մշակույթը՝ մենք նաև խաղաղության մշակույթ ենք կառուցում։

📕 «Ոչ բռնի հաղորդակցության ուղեցույցը» բաղկացած է 12 վիզուալ նյութերից, որոնք քայլ առ քայլ ներկայացնում են ՈԲՀ-ի հիմնական սկզբունքներն ու գործիքները։

Իսկ եթե խոսենք այլ կե՞րպ։

📕📲Կարդացե՛ք, տարածե՛ք, դարձե՛ք փոփոխություններ խթանող ուժ 😊

Կիսվել :