ԱՄՆ-Գերմանիա-Թուրքիա-Հայաստան. ներդրողների հանդիպում Երեւանում
- April 25, 2017
- Category: Նորություններ
Միջոցառման հյուրերի թվում են Գերմանիայի եւ Թուրքիայի ճանաչված ու հեղինակավոր ներդրումային ընկերությունների, ՏՀՏ եւ բիզնես ոլորտների, ինչպես նաեւ «Էնջել լաբս»-ի ներկայացուցիչներ:
Միջազգային փորձի ներդրման և հարաբերությունների հաստատման նպատակով իրենց փորձը հայաստանյան գործընկերների հետ կկիսեն Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, գերմանական «NFQ Capital»-ի հիմնադիր գործընկեր Հարալդ Բրաունսթայնը, Բեռլինում տեղակայաված «Delivery hero» կազմակերպությունից Ալանա Թունգը, ինչպես նաև` Ֆրանկֆուրտում գործող «HR Ventures»-ի ներդրումների գծով ղեկավար Էրթան Ջանը:
Վերջիններս նաեւ հետաքրքրված են բացահայտել Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները եւ մասնավորապես ՏՀՏ ոլորտի զարգացումները:
Միջոցառման շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի կունենա քննարկում՝ նվիրված երկու երկրների ՏՀՏ ոլորտներում ներդրումային հեռանկարներին և սթարթափ էկոհամակարգերին:
Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ ներդրող դառնալու հիմունքներին, եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող իրավական բարենպաստ պայմաններին:
Իր տեսակով բացառիկ այս միջոցառումը միտված է նպաստել Հայաստանում ներդրումային էկոհամակարգի զարգացմանը, ձեռներեցների եւ հրեշտակ ներդրողների միջեւ կապերի ստեղծմանը, ինչպես նաեւ երկարաժամկետ եւ շահավետ երկկողմ հարաբերությունների ձեւավորմանը:
Միջոցառման հյուրերից է նաեւ լրագրող Մոնթի Մանֆորդը, ով իր հայաստանյան այցի մասին նյութ է պատրաստելու հեղինակավոր «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի համար:
Միջոցառման մասնակցությունը հրավերով է: Լրատվամիջոցների համար միջոցառումը բաց է:
Ներդրողների հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին 10:00-18:00-ն `Ռեդիսսոն Բլու հյուրանոցում, Ազատության պող. 2/2:
Մեդիա ներկայացուցիչները հարցազրույցներ անցկացնելու և հավելյալ տեղեկությունների համար կարող են դիմել ՀԼԱ հայ-թուրքական ծրագրերի համակարգող Գոհար Աքելյանին՝ հեռ. +37494515585, էլ.փոստ [email protected] կամ ՀԼԱ Մեդիա կենտրոն նախագծի խմբագիր-համակարգող Լիլիթ Առաքելյանին՝ հեռ. +37455190708, էլ.փոստ [email protected]՚:
Նախաձեռնությունն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: