Հայտարարություններ

Անցյալի խախտումներին անհապաղ տալ քաղաքական գնահատական և իրականացնել համակարգային փոփոխություններ

Քսան տարի շարունակ պետությունը բռնազավթած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և նրանց աջակիցները վերջին ամիսներին առավել մեծ ակտիվությամբ են համախմբում իրենց ուժերը և՛ ներքին, և՛ արտաքին բնագավառներում՝ միավորվելով լեգիտիմ, ժողովրդի կամքն արտահայտող ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանության դեմ։ Համակարգային  կոռուպցիայի, մարդու իրավունքների զանգվածային, շարունակական և կոպտագույն խախտումների, անպատժելիության մթնոլորտի օրգանական մաս կազմած նախկին և ներկա պաշտոնյաները լծված են հանրության մոտ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անվանարկմանը, ժողովրդավարության գաղափարի արժեզրկմանը և պետության ինքնիշխանության խարխլմանը։

Չնայած քաղաքացիական հասարակության բազմաթիվ կոչերին, այս գործընթացին նպաստող հանգամանք է հանդիսանում գործող իշխանության կողմից հատվածական, կարճաժամկետ վտանգների չեզոքացմանն ուղղված քայլերը։ Արդյունքում, ավելի քան 70% լեգիտիմություն ունեցող իշխանությունը մոտ է իր վստահության քվեն շահած կարևորագույն պարտավորության չկատարմանը, այն է՝ քաղաքական և իրավական գնահատական տալ մինչև թավշյա հեղափոխությունը պետության բռնազավթումն   իրականացրած և օժանդակած ուժերին, ինչպես նաև  անցյալի իրավախախտումներին՝ անցումային արդարադատության մեխանիզմի և գործիքակազմի միջոցով։

Պետության բռնազավթման երկարաժամկետ հետևանքների, ազգային անվտանգությանը, տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը հասցված վնասների վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայության հետևանքով նախկին ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն խուսափում են պատասխանատվությունից՝ սահմանադրական կարգի և պետության դեմ ուղղված հանցագործությունները կոծկելով և հարուցված քրեական գործերը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդումներ, այլ նաև թաքնվում են «ընդդիմության» անվան  տակ և համախմբվելով ցուցադրում են  իշխանության վերազավթման անթաքույց նկրտումներ։

Միաժամանակ, գործող իշխանության տարբեր թևերում և կառույցներում շարունակում են մնալ նախկին ռեժիմի աջակիցներ, և համակարգային բարեփոխումներին ուղղված քայլերի աններելի հետաձգումն այս ուժերին հնարավորություն է ընձեռում պետական կառավարման ներսից արժեզրկել, ջլատել ժողովրդավարական և իրավական պետության վերականգնմանն  ուղղված բոլոր ջանքերը։

Ի տարբերություն ուժերի այս համախմբման, Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է  կարճաժամկետ քայլերի վրա, ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական և իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ և ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող է վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։ Սահմանադրական դատարանը բազմաթիվ օրինակներով ցույց է տվել, որ ի զորու է խոչընդոտել արդարադատության իրականացմանը՝ հակասահմանադրական ճանաչելով բոլոր այն իրավական ուղիները, որոնք վտանգ կսպառնան նախկին պաշտոնյաների անձնական կամ սեփականության անձեռնմխելիությանը, քրեաօլիգարխիկ համակարգի հեռացմանը քաղաքականությունից, և ուղղված կլինեն դատական համակարգի բարեփոխումներին։

Այսպիսով, հորդորում և կոչ ենք անում իշխանություններին ստանձնել նախաձեռնողականությունը անհապաղ քաղաքական և իրավական գնահատականներ տալու անցյալի իրավախախտումներին, և կարճաժամկետ քայլերից անցում կատարել դեպի ռազմավարական նպատակների իրականացում՝ որպես վերջնանպատակ սահմանելով արդարադատության իրականացումը, իշխանությունների իրական տարանջատման, դատական համակարգի անկախության և խորհրդարանական վերահսկողության պատշաճ մեխանիզմների հաստատմանը։

Չնայած գործող իշխանությունների անվճռականության հետևանքով առաջացած անհամաձայնություններին, այնուամենայնիվ ժողովրդավարությունն անվերապահ նպատակ համարող քաղաքացիական հասարակությունն իր բոլոր ջանքերն  ուղղելու է հեղափոխական գործընթացների շարունակականության ապահովմանը և հեղափոխության արժեքների վերջնական հաստատմանը։

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ ՀԿ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend