ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՆՏԻՏԵՌՈՐ» ՎԵՐՆԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՖԻԼՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- March 28, 2024
- Category: Հայտարարություններ
ՀՀ վարչապետին, կառավարությանը, ԱԺ-ին, ԱլԳ ՔՀՖ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներին, ՀՀ-ում գործող դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանի և Սփյուռքի հանրություններին՝ կանխելու մարտի 28-ին ցուցադրության նախատեսված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև առավել ակտիվացնելու ջանքերը՝ Ադրբեջանում ապօրինաբար, ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտմամբ գերության մեջ գտնվող բոլոր հայ և հնարավոր այլազգի քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ:
2023 թ․ սեպտեմբերին բռնազավթելով Արցախի` միջազգային հանրության կողմից չճանաչված Հանրապետությունը և ցեղասպան գործողությամբ բռնի տեղահանելով ամբողջ հայ ազգաբնակչությանը՝ Ադրբեջանը ներկայումս գործի է դնում իր քարոզչամեքենան, կոպտորեն խախտում է մարդու իրավունքների հիմնարար նորմերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան երրորդ համաձայնագրի դրույթները՝ եթեր հեռարձակելով Արցախի Հանրապետության գերեվարված ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը:
Ի թիվս 44-օրյա պատերազմի զոհերի և գերիների նկատմամբ հակամարդկային անթույլատրելի բազմաթիվ գործողությունների, որոնք իրենց դաժանությամբ և անօրինությամբ միջազգային դատապարտման են արժանացել, այս անգամ Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը վերստին բացահայտում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի որդեգրած քաղաքականության հակահայկական և հակամարդկային էությունը: Նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը։
Հերթական անգամ փորձ է արվում օգտագործել գերեվարված անձանց խոցելիությունը՝ ապակողմնորոշելու համար միջազգային հանրությանը ու տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու ցեղասպանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման և սեփական իրավունքների պաշտպանության պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն: Ադրբեջանի ղեկավարության կողմից իրողությունները նենգափոխելու դրսևորումները բազմաթիվ են: Դրանցից մեկն էլ Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին պատմող գրքի շնորհանդեսի չեղարկումն է ադրբեջանական սպառնալիքի ազդեցությամբ։
Ելնելով վերոնշյալից՝
§ ՀՀ իշխանություններից պահանջում ենք գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ֆիլմի ցուցադրությունը կանխելու, ապա նաև՝ ապօրինաբար, բոլոր պայմանավորվածությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային
դատարանի, ՄԻԵԴ պահանջների անտեսմամբ պահվող բոլոր գերիների ազատ արձակման ուղղությամբ,
§ ողջունելով Եվրոպական խորհրդարանում «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում» խորագրով համաժողովի անցկացման և համատեղ բանաձևի ընդունման փաստը՝ ԱլԳ ՔՀՖ-ին կոչ ենք անում ևս դատապարտել և միջոցներ ձեռք առնել «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը կանխելու ուղղությամբ, ապա շարունակել հետամուտ լինել հայ գերիների իրավունքների պաշտպանությանն ու նրանց օր առաջ Հայաստան վերադարձնելու մարդասիրական նպատակին,
§ Եվրոպական միությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներին և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններին ու դեսպանատներին հորդորում ենք դատապարտել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում իշխող բռնակալական վարչակարգի դրսևորած հիշյալ անմարդկային գործողությունները և ազդու միջոցներ ձեռնարկել գերիների իրավունքների պաշտպանության և նրանց շուտափույթ վերադարձը կազմակերպելու ուղղությամբ: