Արհեստական բանականության գործիքներ. առցանց դասընթացի հայտարարություն
Արհեստական բանականության գործիքներ. առցանց դասընթացի հայտարարություն
- August 15, 2024
- Category: Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է «AI գործիքներ՝ բովանդակության ստեղծման և հայերենի սղագրման համար» թեմայով վեբինար՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների համար՝ ծանոթացնելու արհեստական բանականության (ԱԲ) նորագույն գործիքներին, որոնք կարող են հեշտացնել և բարելավել իրենց աշխատանքը:
Առցանց դասընթացը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 13։00-15։00-ին, Զում հարթակում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես օգտագործել ԱԲ-ն գրավիչ տեքստային բովանդակություն ստեղծելու համար, ինչպես արագ և ճշգրիտ վերածել հայերեն բանավոր խոսքը տեքստի։ Բացի դրանից, մասնակիցները կծանոթանան ԱԲ տեխնոլոգիաներով պատկերների գեներացման և ավտոմատ թարգմանությունների հնարավորություններին, ինչը կօգնի նրանց ստեղծել բազմազան և որակյալ բովանդակություն: Այս դասընթացը կտրամադրի անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ԱԲ գործիքների արդյունավետ օգտագործման համար, նպաստելով լրագրողների և խմբագրությունների աշխատանքի որակի բարձրացմանը և արտադրողականության մեծացմանը։
Դասընթացը կվարի ՍիվիլՆեթի փաստերի ստուգման լրագրող Հայկ Հովհաննիսյանը։ Հայկը փաստեր ստուգող և հետաքննող լրագրող է՝ հետաքրքրված տեխնոլոգիաների զարգացմամբ և արհեստական բանականությամբ: Ավարտել է Երևանի պետական ինֆորմատիկայի քոլեջը՝ «Հաշվողական մեքենաներ, համակարգեր, ցանցեր» մասնագիտությամբ: 2021-ից աշխատել է «Փաստերի ստուգման հարթակում», իսկ 2022-ից միացել է ՍիվիլՆեթի #CivilNetCheck թիմին: Մի շարք ծրագրերի շրջանակում դասընթացներ է վարել փաստերի ստուգման և ԱԲ գործիքների կիրառման վերաբերյալ
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ մինչև օգոստոսի 21-ը։
Գրանցումը նախատեսված է մասնակցության մասին տվյալներ ունենալու համար․ այն չի ենթադրում ընտրություն։ Բոլոր գրանցվածները կարող են մասնակցել դասընթացին։ Զումի հղումը կտրամադրվի դասընթացից մեկ օր առաջ։
Դասընթացը կազմակերպվում է «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։